Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Զարգարյան. «Չեխիայում հետաքրքրություն կա հայ գրականության նկատմամբ»

Հունվար 20,2014 14:05

Հայաստանի ազգային գրադարանն այսօր կազմակերպել էր չեխական գրականությանը, կերպարվեստին և երաժշտությանը նվիրված ցուցադրություն:Ներկայացված էր ինչպես չեխական ժամանակակից, այնպես էլ նախորդ դարի 60-70-ականների գրականություն: «Չեխիայի ազգային գրադարանի հետ մենք միշտ ունեցել ենք գրքափոխանակության շատ լավ ծրագրեր: Չեխերը շատ լավ գրականություն ունեն, բայց, ցավոք, մենք հայերեն թարգմանված չունենք»,- ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նա ցավով նկատեց, որ չեխ գրականության ընթերցողների թիվը փոքր է. «Ես կարծում եմ, որ դա լեզուն չիմանալուց է, թեև ռուսերեն թարգմանված ունենք»,- ասաց տնօրենը:

Չեխիայում կա՞ արդյոք հետաքրքրություն հայ գրականության նկատմամբ: «Կա, անշուշտ, կա, որովհետև, ինչպես գիտեք, այնտեղ հայ համայնք ունենք, հայագետներ կան, որ պարբերաբար դիմում են մեզ այս կամ այն նյութն իրենց ուղարկելու խնդրանքով»,- ասում է Տ. Զարգարյանը:

Նա վստահեցրեց, որ նմանատիպ ցուցադրությունները, միջոցառումները պարբերական բնույթ կկրեն, որովհետև Չեխիայի հետ համագործակցության մեծ ծրագրեր կան: Տնօրենի խոսքով՝ չեխերն էլ իրենց երկրում են Հայաստանին, հայ գրականությանը նվիրված նմանատիպ միջոցառումներ կազմակերպում:

Տ. Զարգարյանը տեղեկացրեց նաև, որ Ազգային գրադարանը այսպիսի փոխգործակցություններ ունի ոչ միայն Չեխիայի, այլև հարևան և մի շարք եվրոպական երկրների գրադարանների հետ:

Aravot.am-ը հետաքրքրվեց պարոն Զարգարյանից, թե արդյո՞ք հայ ժամանակակից գեղարվեստական գրականություն ուղարկում են Չեխիա, և որքա՞ն է հետաքրքրությունը նրա նկատմամբ. «Ուղարկում ենք, իհարկե, ուղարկում ենք, իսկ թե որքան է այնտեղ հետաքրքրությունը ժամանակակից գեղարվեստական գրականության նկատմամբ, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ կարդում են, որովհետև պահանջարկ կա»,- ասաց Ազգային գրադարանի տնօրենը:

Տիգրան Զարգարյանը համաձայն չէ տարածված այն կարծիքին, թե երիտասարդները չեն կարդում. «Կարդացող մարդը կարդում է: Որ ասում են՝ առաջ շատ էին կարդում, դա այնքան էլ այդպես չէ, այն ժամանակ էլ կարդացողը կարդում էր, չկարդացողը չէր կարդում: Երիտասարդները ժամերով նստած կարդում են Ազգային գրադարանում: Հատկապես մեծ պահանջարկ կա ուսումնական, հայագիտական գրականության, ինչպես նաև 19-րդ դարի գավառական մամուլի նկատմամբ: Սա պայմանավորված է նաև նրանով, որ այս գրքերից, նյութերից շատերը միայն Ազգային գրադարանում կան»,- նշեց Տ. Զարգարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031