Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում 2013թ. քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է շուրջ 8400 քաղաքացի

Հունվար 20,2014 13:57

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, 2 դեպքով էլ իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ արձանագրված ապօրինի առևտրի դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա աշխատանքներն ու հանրությանը պարբերաբար իրազեկել կատարված աշխատանքների վերաբերյալ:

Բնակելի շենքերի շքապատշգամբների տանիքներից ձյան և սառցալեզվակների հեռացման աշխատանքների մասով հանձնարարվել է բնակիչներին նախազգուշացնել նշված աշխատանքների վերաբերյալ, որպեսզի վերջիններս, որպես իրենց բաժնային սեփականություն, սեփական ուժերով և կամ համատիրությունների միջոցով կազմակերպեն այդ աշխատանքները, իսկ քաղաքապետարանի ուժերով կազմակերպելու պարագայում՝ չխոչընդոտեն աշխատանքներին:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ մանկապարտեզներում շարունակվում է սննդի որակի նկատմամբ հսկողությունը: Աշխատանքային ստուգայցերի արդյունքում արձանագրվել են պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման որոշ դեպքեր, որոնց մասով մատակարարները խստորեն զգուշացվել են: Զեկուցվել է նաև, որ կրկնվելու և նոր դեպքերի հայտնաբերման պարագայում մատակարարներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգի պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքներին մասով զեկուցվել է, որ մայրաքաղաքի շուրջ 9000 տնտեսվարողներ տեղեկացված են հարակից տարածքների բարեկարգման տարածքների սահմանների և նախատեսված աշխատանքների մասին: Իրազեկման թերթիկի հետ վերջիններիս տրամադրվել են նաև բարեկարգման ենթակա տարածքների սխեմաները: Հանձնարարվել է մեկ անգամ ևս իրազեկել ինչպես պարտավորությունների, այնպես էլ պարտավորություններից խուսափելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 257 և 179 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, որոշ հարցեր էլ գտնվում են կատարման ընթացքի մեջ:

Ներկայացնելով 2013 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպված ընդունելությունների ամփոփ արդյունքները՝ զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ ընդունելությունների մասնակցել է 8399 քաղաքացի, որից քաղաքապետարանում՝ 2504: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին մասնակցել է 5895 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Հանձնարարվել է սահմանված ժամանակացույցով շարունակել քաղաքացիների ընդունելությունները:

Զեկուցվել է, որ շարունակաբար իրականացվում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության փետրվարի 14-ին հայտարարված մրցույթի մասին հանրային իրազեկում: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ սահմանված է փետրվարի 6-ը:

Մայրաքաղաքում 2014 թվականին վերգետնյա հետիոտնային անցումներ կառուցելու նպատակով իրականացվող աշխատանքների հետ կապված՝ արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ նոր վերգետնյա անցումների կառուցման հնարավոր վայրերի վերաբերյալ ստացվել է ավելի քան 50 առաջարկություն, որոնք կուսումնասիրվեն, և վերջնական ընտրված առաջարկների իրագործման ուղղությամբ առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031