Հայկական լյարդաբանական ֆորումը (ՀԼՖ) 2012 թվականից լյարդի հետազոտությունների Եվրոպական միջազգային ասոցիացիայի անդամ է: Ասոցիացիային անդամակցությունը յուրովի թույլտվություն է որպես լյարդաբանների ազգային ասոցիացիա ներկայանալու Բարսելոնայում, Ամստերդամում: ՀԼՖ-ն պատրաստվում է 2014 թվականին նույն կարգավիճակով ներկայանալ Լոնդոնում: Ֆորումի նպատակն է լյարդաբանությունը Հայաստանում զարգացնելը:
Իր գործունեության առաջին չորս տարվա ընթացքում ֆորումն ընդգրկել է դաշտի բոլոր շահագրգիռ մասնագետներին և հանրապետությունում կիրառել ոլորտին վերաբերող բոլոր նորույթները` ուղեցույցների ձևով: 2011 թվականին ֆորումի ջանքերով հանրապետությունում կազմակերպվեց հայկական լյարդաբանական առաջին միջազգային համագումարը՝ 300 պատվիրակների մասնակցությամբ՝ հինգ տարբեր երկրներից (ԱՄՆ, Գերմանիա, Ղազախստան, Ռուսաստան, Վրաստան): Համագումարը նախագահում էր ԱՄՆ-ից հրավիրված աշխարհահռչակ հեպատոլոգ Ռոբերտ Գիշը Սան Դիեգո քաղաքից:
2012 թվականին այն միավորվեց ևս մեկ միջազգային կառույցի՝ CEVHAP-ի` մասնակցելով բոլոր այն համաժողովներին, որոնք նվիրված են վիրուսային հեպատիտների դեմ պայքարին և կանխարգելմանը: Ակտիվությունը հատկապես ակնհայտ է դառնում հեպատիտների դեմ պայքարի միջազգային օրը՝ հուլիսի 28-ին՝ կազմակերպելով տարբեր սկրինինգային հետազոտություններ հեպատիտների առումով տարբեր ռիսկային խմբերում, կլոր սեղաններ և իրազեկության ապահովում հեռուստատեսության, ռադիոյի և տարբեր սեմինարների միջոցով:
2013 թվական Հայաստանում կազմակերպվեց հայկական լյարդաբանական 2-րդ միջազգային համագումարը` 300 պատվիրակների մասնակցությամբ ՝ 11 երկրներից (ԱՄՆ, Հնդկաստան, Եգիպտոս, Կուբա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա, Մոլդովիա, Վրաստան, Իրան, ԼՂՀ):
2014 թվականը ֆորումի համար կլինի ավելի արգասաբեր: Լյարդաբանական ֆորումը պատրաստվում է ունենալ 20-ից ավելի միջազգային այլ ասոցիացիաների անդամներ՝ նախապատրաստվելով հրավիրել միջազգային մոնոթեմատիկ համագումար 2015 թվականին: 2014 թվականին նախատեսվում է լյարդաբանների առաջին Անդրկովկասյան համագումարը Թբիլիսիում:
Կարդացեք նաև
Ընթացիկ տարում ֆորումը կկազմակերպի վիրուսային հեպատիտներ B և C-ի վերաբերյալ նոր սկրինինգային հետազոտություններ՝ հաշվի առնելով դրանց վիճակագրական փոփոխություններն ամբողջ աշխարհում: