Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը` Շարմազանովին. «Նման հայտարարությունները սեփական պիտանելիության ժամկետը երկարացնելու համար են»

Հունվար 20,2014 12:47

«Այդ հայտարարությունների միակ նպատակը ԲՀԿ-ին և մյուս քաղաքական ուժերին իրենց հետ երկխոսության մեջ ներքաշելն է` ընդամենը իրենց պիտանելիության ժամկետը երկարացնելու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին Ազատության հրապարակում ընդդեմ հունվարի 1-ից ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կազմակերպված ցույցի վերաբերյալ այսպիսի կարծիք էր հայտնել. «Հանրահավաքը մի բան ցույց տվեց. չնայած չորս խմբակցությունների ղեկավարների առկայությանը, այնուամենայնիվ, միտինգը ղեկավարում էր ոչ թե կուսակցություններից մեկը, այլ՝ քաղաքացիական հասարակությունը: Քաղաքացիական հասարակությունը ցույց տվեց, որ իրենք են իրենց խնդիրները լուծողները: Եթե երգարվեստի բառապաշարով ասենք՝ 4 խմբակցությունները երեկ «բեք վոկալ» էին»:

Տիկին Զոհրաբյանի համար նման հայտարարությունները կանխատեսելի էին, բայց դրանք մեկնաբանելուց ԲՀԿ խմբակցության քարտուղարը զերծ մնաց. «Մեզ համար կանխատեսելի էր, որ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, իրենց իրավունքների համար պայքարող ակտիվ երիտասարդների միացյալ, բավականին լուրջ հանրահավաքից հետո իշխանության գործիքները պիտի սկսեն տարբեր անհեթեթ մեկնաբանություններով իրենց ծառայությունը մատուցել սեփական տերերին` իրենց օգտագործման ժամկետը երկարաձգելու համար: Որևէ կերպ ԲՀԿ-ն այդ կարգի որևէ հայտարարություն մեկնաբանության, տեսակետի եզրակացության չի արժանացնելու` նրանց ինքնարժեքը սեփական տերերի աչքում չբարձրացնելու համար»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշել էր. «Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և իր ընկերները, ովքեր երեկվա սառնամանիքին խոսում էին հրապարակում, կողմ են քվեարկել համակարգին»:

Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ ասաց. «Ինչ վերաբերում է 2010-ի բազմաչարչար քվեարկությանը, ես չի ցանկանա անդրադառնալ դրան, բայց ստիպված եմ: Կոալիցիոն քննարկումներին մասնակցել ենք Գագիկ Ծառուկյանը, Վարդան Բոստանջյանը և ես: Գագիկ Ծառուկյանը քանիցս բարձրացրել է պարտադիր բաղադրիչի անթույլատրելիության խնդիրը: Մեզ ասվել է, առաջարկվել է. թե հիմա այս կերպ ընդունենք օրենքը ու քանի որ այն 2014-ին է մտնելու ուժի մեջ՝ մենք դեռ ժամանակ կունենանք այս խնդրին կրկին անդրադառնալ»:

Տիկին Զոհրաբյանը ամփոփելով խոսքը՝ նշեց, որ ԱԺ ընդդիմադիր չորս ուժերը քաղաքացիական հասարակության, իրենց իրավունքների համար պայքարող ազնիվ քաղաքացիների հետ միասին իրենց անելիքը գիտեն և չեն ներքաշվելու որևէ ցածրորակ բանավեճի մեջ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՆՎԱՐԴ says:

    ♥♥♥♥♥♥♥ B R A V O ♥♥♥♥♥♥♥

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031