Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հասկանալ՝ չի նշանակում համաձայնվել»

Հունվար 20,2014 11:31

Հնարավո՞ր է պատկերացնել, որ հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ օրեր շարունակ զրուցեն, քննարկումներ անցկացնեն՝ չվիրավորելով միմյանց, ձայն չբարձրացնելով: Ոմանք կասեն՝ անհնար է, քանի որ վաղ թե ուշ կկռվեն: Ոմանք էլ կասեն՝ հնարավոր է, եթե այդ զրույցներն ու քննարկումները չեզոք թեմայով լինեն, մեր ընդհանուր պատմությանն ու ներկային չվերաբերվեն: Վրացական Բակուրիանիում հայ եւ ադրբեջանցի լրագրողների համատեղ հավաքը, ի զարմանս բոլորի, ցույց տվեց, որ հնարավոր է անգամ ավելին. երկու ազգերի ներկայացուցիչ լրագրողները կարող են ոչ միայն հոլիվուդյան ֆիլմերի եւ ֆուտբոլի մասին հանգիստ զրուցել, այլեւ միանգամայն հավասարակշռված քննարկել, թե մեր ժողովուրդների պատմության խաչմերուկներում ի՞նչն է ամենանշանակալից ազդեցությունն ունեցել մեր հարաբերությունների վրա, փորձել հասկանալ ազգամիջյան թշնամանքի առաջացման պատճառները, քննարկել ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր եղանակներ:

Երբ քո առջեւ հենց սկզբից նպատակ է դրվում՝ ընդամենը հասկանալ դիմացի կողմի տեսակետը եւ ներկայացնել քոնը, ու քեզ համար բանաձեւել են այնպիսի անժխտելի աքսիոմա, ինչպիսին է՝ «հասկանալ՝ չի նշանակում համաձայնվել», ցանկացած քննարկում կարող է երկար ձգվել, բայց՝ հանգիստ եւ հարգալից մթնոլորտում: Հենց այդպիսի մթնոլորտում, օրինակ, ադրբեջանցի լրագրող-պատմաբանը, մի քանի անգամ Ստեփանակերտից ժամանած երիտասարդից լսելով, որ ղարաբաղցիները որեւէ կերպ չեն պատկերացնում, թե երբեւէ կարող են Ղարաբաղում նորից ադրբեջանցիներ բնակվել, վերջին փորձը արեց ու հարցրեց՝ իսկ եթե Ադրբեջանը ընդունի ԼՂՀ անկախությունը, ճանաչի այդ հանրապետությունը, արցախցիները պատրաստ կլինե՞ն հետ ընդունել ղարաբաղյան արմատներ ունեցող ադրբեջանցիներին: Ու հետո, լսելով պատասխանը, թե՝ «ոչ, նրանք այդ մասին լսել անգամ չեն ուզում, քանի որ

ա) պատերազմի վերքը դեռ շատ թարմ է, եւ

բ) մարդիկ մտավախություն ունեն, որ կրկին կսկսվի ժողովրդագրական լրջագույն խնդիր՝ ադրբեջանցիները թվաքանակով կգերազանցեն հայերին»,

նա գլխով կանի ու կպատասխանի՝ «շատ լավ, ես հասկացա ձեր տեսակետը, պարզ է»:

Կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնի կազմակերպած «Դիալոգ» շարքի հերթական մարտահրավերը նետվեց լրագրողներին՝ հունվարի 11-17-ը՝ Բակուրիանի առողջարանային քաղաքում: Մինչ այդ «Դիալոգին» մասնակցել են երիտասարդների, պատմաբանների, կիսապաշտոնական խմբերի ներկայացուցիչներ:

Լրագրողների միջեւ «Դիալոգը» ամբողջությամբ համապատասխանում էր իր անվանը: Օրվա մեջ ութից տաս ժամ քննարկվում էր մեր պատմությունն ու ներկան՝ լարված ռեժիմով, բայց խաղաղ տոնայնությամբ: Երբ մեր առջեւ խնդիր դրվեց նշել այն տասը կարեւորագույն պատմական անցքերը, որոնք դերակատարություն են ունեցել մեր ժողովուրդների հարաբերությունների ձեւավորման վրա՝ հայկական եւ ադրբեջանական թիմերի ներկայացրած տարբերակները բավականին նմանություններ ունեին: Երկու կողմն էլ հիշել էին 20-րդ դարասկզբի դեպքերը, Սումգայիթյան ջարդերը, սաֆարովյան ոճրագործությունը, ԼՂԻՄ Գերագույն խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանին միանալու մասին եւ այլն:

Ադրբեջանական կողմը հիշել էր Քլինթոնի այցի նախօրյակին ադրբեջանցի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովի կողմից սահմանը հատելու եւ ութ հայ քնած զինվորներին մորթելու փաստը՝ որպես ամոթալի եւ անընդունելի հանցագործություն: Ներկայացրել էր 1994-ի «դարի պայմանագիրը», որը, հայկական կողմը կարծում էր, թե բիշքեկյան զինադադարի պայմանագիրն է, բայց պարզվեց, որ Արեւմուտքի եւ Բաքվի մեջ կնքված նավթային ընկերությունների հիմնման մասին պայմանագիրն էր: Ընդ որում՝ արեւմտյան ընկերություններն այդ պայմանագրի կնքման նախապայման էին դրել զինադադարը: Այնպես որ՝ նաեւ դրանով էր պայմանավորված զինադադարի կնքումը:

Չէր կարող չքննարկվել նաեւ Խոջալուն: Ադրբեջանցիների համար Խոջալուի դեպքերը նույնպիսի միանշանակ եւ անքննարկելի դեպքեր են, ինչպես հայերի համար Ցեղասպանությունը՝ ասում էին մեր գործընկերները: Նրանք ոչ մի կասկած չունեին, որ այնտեղ տեղի է ունեցել խաղաղ բնակչության ջարդ, եւ հայկական կողմի ներկայացրած տեսակետը՝ այդ ջարդերի՝ հենց ադրբեջանցիների կողմից սարքված լինելու մասին, նրանց անհեթեթ էր թվում: Նաեւ ասացին, որ Խոջալուն այն գաղափարն է, այն իրադարձությունն է, որը միավորող դեր ունի ադրբեջանցիների համար՝ ազգային ինքնության տեսակետից:

Ադրբեջանցի լրագրողները նույնպիսի ծանր եւ անընդունելի ոճրագործություն էին համարում Ռամիլ Սաֆարովի արածը, որքան հայերը, սակայն, միաժամանակ, խոստովանում էին, որ իրենց հասարակության, հատկապես երիտասարդության մեջ Սաֆարովին՝ որպես հերոս ներկայացնելու իշխանական քարոզչությունը իր դերը կատարել է: Ու հասկանալի էր մեր ադրբեջանցի գործընկերուհու նեղսրտությունը, երբ նա պատմում էր, թե ինչպես է վիրավորվում, երբ իրեն իր հայ գործընկերները կատակով հարցնում են՝ «կացինը բերե՞լ ես հետդ»: Չէ՞ որ նրա համար Սաֆարովը նույնքան անընդունելի հանցագործ է, որքան՝ մեզ համար. «Ես մեղավոր չեմ, որ նա էլ է ադրբեջանցի, ես էլ…»,- ասում էր նա:

Ներկային առնչվելով՝ երկու կողմն էլ խոստովանեց, որ թշնամու կերպարները խորապես նստած են մեր հասարակությունների մեջ, եւ որ այդ կարծրատիպը կոտրելու համար մեծ ջանքեր, երկար ժամանակ եւ խորը ցանկություն է պետք:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԲակուրիանիԵրեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031