Լրահոս
Օրվա լրահոսը

Բա որ իմանաս, թե մենք քեզ ոնց ենք կարոտում

Հունվար 20,2014 10:58

Մեկ տարի առաջ մենք կորցրեցինք մեր հրաշալի ընկերոջը՝ մարդկային լավագույն որակներն իր մեջ ամփոփող, ծայրաստիճան պրոֆեսիոնալ լրագրողին՝ Նաիրա Մամիկոնյանին:

Նաիրայի անժամանակ մահը ոչ միայն նրա հարազատների եւ ընկերների համար էր ծանր ու անդառնալի կորուստ, այլեւ «Առավոտի» համար՝ որպես լրատվամիջոց: Նառան մեր խմբագրակազմի լավագույն ուժերից էր՝ միշտ դիպուկ, սուր գրչով, միեւնույն ժամանակ՝ էթիկական սահմանները չանցնող: Իր փխրուն մարմնի մեջ նա անվախ ու համարձակ հոգի ուներ եւ մեծ սիրտ:

Նա նվիրված ընկեր էր՝ միշտ պատրաստ օգնելու, խորհուրդ տալու: Չնայած հիվանդությանը՝ նա չափազանց կենսախինդ էր եւ գնահատում էր կյանքի բոլոր գույները, երբեք չէր հուսահատվում եւ պայքարում էր ու վայելում կյանքի տված բոլոր վայրկյանները:

Վառ անհատականություն լինելով՝ Նառան միշտ մնում էր չափազանց համեստ մարդ: Արդարամտությունը եւ անաչառությունը նրա վերլուծական ճկուն մտքի հետ միավորվելով՝ հիանալի արդյունքներ էին տալիս: Անսահման հայրենասեր լինելով՝ նա ոչ մի վայրկյան չէր տառապում ազգայնամոլությամբ: Նրա հիշողությունն իր ադրբեջանցի դասընկերոջ մասին  նույնքան մարդկային ու հուզիչ էր, որքան բուժման ընթացքում արտասահմանում գտնվելու ընթացքում առ հայրենիք տածած կարոտի արտահայտությունները Ֆեյսբուքում. «Հայաստան ջան, հարազատ, անուշ, շագրենու կաշվի նման փոքրացած հայրենիք ջան, շնորհավոր 21-ամյա անկախությունդ: Մաղթում եմ քեզ ու ինձ իրական, ամուր ու արժանապատիվ անկախության երկար տարիներ:  Շնորհավորում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան: Բա որ իմանաք, թե ոնց եմ կարոտել էդ 21-ամյա ջահելին…»:

Բա որ իմանաս, թե մենք քեզ ոնց ենք կարոտում, Նառ ջան…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031