Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քոչարյանը կդառնա՞ միացյալ ընդդիմության միասնական թեկնածուն. 168.am

Հունվար 19,2014 11:52
Robert Qocharyan

168.am. «Թալանին վերջ տալու համար ոտքի ենք կանգնելու ամբողջ ժողովրդով»,- երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ պետք է ոչ միայն թալանի այս մեկ գործիքը հեռացնել (նկատի ունի պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգը.- Մ.Ս.), այլ երկիրը փրկել թալանչիական այս համակարգից, որովհետև, նրա համոզմամբ՝ այս իշխանությունները չեն նահանջելու անգամ մեկ սանտիմետր, եթե հրապարակում չտեսնեն տասնյակ-հազարավոր մարդկանց: «Եվ ուրեմն, բանալին հենց ժողովրդի ակտիվությունն է, իսկ դրան կարելի է հասնել միացյալ ընդդիմության և ազատ քաղաքացիների միասնական ջանքերով: Գալիս է այս իշխանություններից հաշիվ պահանջելու ժամը…»,- հայտարարել է Լևոն Զուրաբյանը: Լևոն Զուրաբյանի ելույթում ամենաուշագրավ արտահայտությունը «միացյալ ընդդիմություն» ձևակերպումն է, որը տևական ժամանակ դուրս էր եկել Հայաստանի քաղաքական օրակարգից ու լեքսիկոնից: Չնայած միացյալ ընդդիմության գաղափարը բոլոր ժամանակներում համարվել է Հայաստանի փրկության բանալին, սակայն այն գործնականում կիրառվեց 2008 թվականի նախագահական ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում ու դրան հաջորդող շրջանում: Այն ժամանակ միացյալ ընդդիմությունը ձևավորվեց  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ, նրան ընտրություններում պաշտպանեցին մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, ինչի հիման վրա հետագայում ձևավորվեց Հայ ազգային կոնգրես դաշինքը: Այսպիսով, միացյալ ընդդիմության գործունեության այդ փուլում դրա հիմքում ընկած էր ընտրություններում միասնական թեկնածուի առկայությունը: Սակայն ընտրություններից հետո միացյալ ընդդիմությունը չդադարեցրեց գործունեությունն առնվազն մինչև 2011 թվականը, երբ ՀԱԿ-ը երկխոսություն սկսեց իշխանության հետ, որը, ինչպես հայտնի է, տապալվեց: Հետընտրական փուլում Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված միասնական ընդդիմությանը պատկանելության չափանիշ հռչակվեց նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Բոլոր այն գործիչներն ու ուժերը, որոնք պահանջում էին Սարգսյանի անհապաղ հրաժարականը, համարվում էին միացյալ ընդդիմության հավատավոր մարտիկներ, իսկ բոլոր նրանք, ովքեր թելադրված կամ գուցե անկեղծորեն կարծիք էին հայտնում, որ միայն Ս. Սարգսյանի հրաժարականով Հայաստանի խնդիրները չեն լուծվի, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, և այլն, հռչակվում էին միացյալ ընդդիմության և հասարակության դավաճաններ կամ իշխանության սպասարկուներ: Հիմա, երբ կրկին շրջանառության մեջ է դրվում միացյալ ընդդիմության գաղափարը, հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ ենթադրյալ միասնական ճակատի մասնակիցներից ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը համաձայնություն տվել են՝ միանալ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին: ԲՀԿ-ն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես հայտնի է, «վարչապետից այն կողմ չեն անցնում»: ԲՀԿ խոսնակն անգամ մանրամասն հիմնավորում է, թե ինչու իրենք չեն քննադատում Ս. Սարգսյանին: Բացի այդ, մինչ քաղաքական դաշտը զբաղված է ներքին խմորումներով, Գ. Ծառուկյանին պատկանող ընկերություններից մեկը Երևանին մերձակա բնակավայրում նոր խաղատուն հիմնելու արտոնություն է ստանում իշխանությունից:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, չնայած վերջինս ջանք ու եռանդ չի խնայում կառավարությանն ու վարչապետին քննադատելու հարցում, սակայն նրա ներկայացուցիչներից ոմանք միաժամանակ իրենց ծառայությունն են իրականացնում արտերկրում՝ դեսպանի կամ հյուպատոսի պաշտոնում: Առանց այս ուժերի կամ առնվազն ԲՀԿ-ի դիրքորոշումը Ս. Սարգսյանի հրաժարականի հարցի նկատմամբ ճշտելու, միացյալ ընդդիմության մասին խոսելը, մեղմ ասած, չափազանցություն է: Բացառված չէ, իհարկե, որ ՀԱԿ-ն այս հարցն ուղղել է Ծառուկյանին, և վերջինս խոստացել է դրան պատասխանել միայն այն ժամանակ, երբ հրապարակում անհրաժեշտ թվով միտինգավորներ կլինեն: Ներկայիս իրադարձությունների համատեքստում այդ տարբերակը ևս չպետք է բացառել: Այդ պարագայում արդեն առաջ է գալիս հաջորդ հարցը. Եթե միացյալ ընդդիմությունն իսկապես կայանա, կամ եթե, ինչպես Լ. Զուրաբյանն է պնդում, արդեն իսկ կայացել է՝ ո՞վ կարող է լինել այդ ընդդիմության միասնական թեկնածուն հնարավոր արտահերթ կամ հերթական նախագահական ընտրություններում:

ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, չառաջադրվեց 2013 թվականին՝ նաև տարիքի պատճառով: Վերջերս նա նշեց իր ծննդյան 69-ամյակը, այսինքն՝ ևս մեկ տարի ավելացավ նրա՝ չառաջադրվելու հիմնավորմանը, բացի, իհարկե, քաղաքական հիմնավորումներից, որոնք շատ ավելի խորն են: Ուրվագծվող միասնական ընդդիմության մասնակիցներից մեկը՝ «Ժառանգության» առաջնորդը, անցած տարվա ընտրություններում հավաքեց 37 տոկոս ձայն, սակայն փոշիացրեց այդ ռեսուրսը, և քիչ հավանական է, որ նա կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն առաջիկա զարգացումներում: Հատկապես, որ անցած տարվա ընտրություններում ներկայումս միավորված ուժերից որևէ մեկը չաջակցեց Րաֆֆիի թեկնածությանը:

Եթե հիշենք, որ ՀՅԴ-ից վերջին նախագահական թեկնածուն՝ Վահան Հովհաննիսյանը, ներկայումս դիվանագիտական ծառայություն է իրականացնում Գերմանիայում, իսկ այդ կուսակցությունում նախագահական թեկնածության «ձգող» այլ անդամներ կարծես թե չկան, մնում է ԲՀԿ-ն: Վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, անցած նախագահական ընտրություններում մինչև առաջադրման վերջին պահը պահպանեց ինտրիգը՝ վերջում հրաժարվելով մասնակցել ընտրություններին:

Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի վերջին ակտիվությունը, քիչ հավանական է, որ հնարավոր զարգացումների դեպքում Ծառուկյանն «առաջ անցնի» Քոչարյանից: Այսինքն, որքան էլ տարօրինակ հնչի, այս պահին, ուժերի ներկայիս դասավորության պայմաններում, միացյալ ընդդիմության միասնական թեկնածուի ամենահավանական թեկնածուն դառնում է Ռոբերտ Քոչարյանը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնազղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Փաստորեն, ազգի՝ համար առաջին հանցագործին, դավադրությունների ու ոճրագործների մեծն
    վարպետին հիմա էլ սպասենք ընդիմուտյանը առաջնորդելու գործում՝ յուրայինների պայքարի
    ճանապարհին։

  2. dyadyur says:

    Ինչպես երևում է ամեն ինչից,նախկին դաժան օրերը հեռու չեն:Լրատվամիջոցների մեծ մասը,առանձին բացառություններով,լծվել են երկրորդ նախագահի վերադարձն ապահովելու ,,սուրբ,,գործին:Գոնե ինձ համար անհայտ` պ-ն Միքայել Սահակյանի հոդվածը, առաջին հայացքից,սովորական,հերթական վերլուծության տպավորություն է թողնում:Սակայն,միայն առաջին հայացքից:Ստացվում է,որ բացի երկրորդ նախագահից,Հայաստանում այլ թեկնածու չկա:Հեղինակի պնդմամբ, ,,չկա էլի,հո զոռով չի,,:Հասկացանք,շատերն են հեռացել Հայաստանից,բայց դա չի նշանակում,որ մնացել են միայն դուռակները:Այստեղ հոդվածի հեղինակը,մեղմ ասած, բարեխիղճ մոլորության մեջ է:Ինչպես մեր քաղաքացիների մի փոքր մասի մոտ բոլշևիկյան ժամանակների կարոտախտ կա,այնպես էլ հոդվածի հեղինակի մոտ մեծ կարոտախտ կա երկրորդ նախագահի կառավարման ,,երանելի,, տարիների հանդեպ:Եվ պետք չէ սեփական ցանկությունը ,,անմեղ վերլուծության,, ձևով մատուցել որպես վերջնական տարբերակ,ներկայացնելով, որ ,,ուրիշ տարբերակ չկա:Աստված մի արասցե,եթե այդ ,,երիտասարդ թոշակառուն,, նորից գա իշխանության:Մեղք ենք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031