Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսն սկսել է միս ու արյուն ստանալ. Հացպանյանը` Հրանտ Դինքի մասին. Tert.am

Հունվար 19,2014 11:20

Այսօր` հունվարի 19-ին, լրանում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7 տարին։ Դինքի պատանեկության ընկեր, պոլսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ոչ միայն Հրանտ Դինքի ապրած կյանքին ու գործունեությանը, այլև` եղերական սպանությունից հետո նրա արյամբ ծնունդ առած հսկայական գործին։

«Հրանտի սպանությունից հետո «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսն սկսել է միս ու արյուն ստանալ։ Այն ոչ թե օդի մեջ կարգախոս մնաց, այլ կյանքի կոչվեց, և այսօր շատերը դեպի իրենց արմատներին վերադառնալու քայլեր են անում։ Իրադրությունը փոխվեց նաև հայ-թուրքական հարաբերություններում հասարակության մակարդակով, բայց` ոչ իշխանական»,-ասաց պոլսահայ հասարակական գործիչը՝ ընդգծելով, որ վերջին 7 տարիներին Հրանտ Դինքի գործի ընթացքը ցույց տվեց, որ Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անում են` կոծկելու նրա սպանության բացահայտումը։

«Հայ-թուրքական հարաբերություներում ոչ թե վերևների, այլ` ժողովուրդների մակարդակով բավականին դրական քայլեր են եղել։ Այս 7 տարիների ընթացքում թուրք և հայ երեխաները բազմիցս այցելել են Թուրքիա և Հայաստան,  համատեղ աշխատանքներ են իրականացրել, գրքեր են գրվել: Թուրքիայի մտավորականությունն սկսեց  ապրիլի 24-ը շատ ակտիվ հիշատակել մեծ քաղաքներում, վերջին տարիներին արդեն` Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում։ Այս ընթացքում ավելացան թուրք մտավորականների այցելությունները հայկական կազմակերպություններ»,-ասաց նա և որպես մեծ գործոն մատնանշեց նաև Հրանտ Դինքի մահվանից անմիջապես հետո ստեղծված «Հրանտ Դինք» հիմնադրամը, որի նախագահը նրա այրին է՝ Ռաքել Դինքը, և որդին՝ Արատ Դինքը։ Նա օրինակ բերեց բոլորովին վերջերս հիմնադրամի կողմից կազմակերպված` իր տեսակի մեջ աննախադեպ կոնֆերանսը՝ նվիրված իսլամացած հայերին, որոնց մասին խոսել էր նաև Դինքը` նշելով, որ հայերը Արևմտյան Հայաստանում ոչ թե 50-60 հազար են, այլ անահամեմատ ավելի շատ՝ մի քանի միլիոն, բայց ծպտյալ են և իսլամացած։

«Հրանտի արյան գնով ստեղծվել է սքանչելի իրավիճակ, և հույս ունենք, ինչպես Հրանտն էր ասում, որ  ժողովուրդների միջև բարեկամության հաստատումով կկարողանանք առաջ գնալ»,-ասաց նա։

Հացպանյանին հուզում է այն, որ Հրանտին Հայաստանում` իր հայրենքում, այդքան էլ լավ չեն ճանաչում։

«Շատ մեծ գործ է արել Հրանտը, բայց, դժբախտաբար, չի գնահատվում ՀՀ-ում` նրա հիշատակը վառ պահելու առումով։ Յոթ տարի է անցել, միայն իր ընկերների մակարդակով ենք հիշում, մեր ջանքերով ենք միայն ուզում ներկայացնել Հրանտին։ Այսօր Նարեկացի արվեստի միությունում հուշ երկո ենք կազմակերպելու ժամը 18։00-ին, ներկայացնելու ենք նրա կյանքն ու գործունեությունը։ Փոքրաթիվ պոլսահայ համայնքն է գալիս և հետաքրքրվողների նեղ շրջանակ, բայց պետության կողմից որևէ հիշատակում ես չեմ նկատել. ունենք Սփյուռքի նախարություն, բայց անտարբերության է մատնվել, չի արվում այն, ինչ պետք է արվի, և դա տխրեցնում է»,-ասաց նա։

Սարգիս Հացպանյանը նաև հիշեց այն տարիները, երբ սովորում էր Դինքի հետ` Պոլսի Սուրբ Խաչ գիշերօթիկ դպրեվանքում։ «24 ժամ նույն տարածքում ենք եղել, նույն ճաշը կերել, նույն անկողնում քնել, նույն գնդակին ենք խփել, նույն դասերն ենք սերտել ու նույն դասատուներն ունեցել, ամեն ինչ նույնականացված` մոտ 200 հայ երեխա էին ուսանում։ Հրանտը փոքր հասակից էր աչքի ընկնում առաջնորդի հախուռն բնավորությամբ, ճշմարտախոսությամբ, իր իրավ համառությամբ: Իր կարծիքն անպայման պաշտպանելու ձգտում ունեցող անձնավորություն էր, ընկերասեր, շրջապատ ստեղծող, բոլոր դրական մարդկային հատկանիշների կրող անձնավորություն էր փոքր տարքից, հատկապես` պատանի տարիներին եմ շփվել նրա հետ։ Անմիջապես իր շուրջն  էին ծավալվում իրադարձությունները»,-հիշեց ընկերը։

Հացպանյանի խոսքով՝ Հրանտ Դինքը 7 տարեկանից որբ է մեծացել, քանի որ ծնողները բաժանվել էին։«Նա Պոլսո որբանոցներում էր մեծացել՝ իր երկու եղբայրների՝ Խոսրովի և Երվանդի հետ, այնուհետև` այցելել գիշերօթիկ դպրոցներ։ Այսօր արդեն վերլուծելով` հասկանում եմ, որ նրա մոտ որբի հոգեբանությունը նույնանում էր Ցեղասպանությունից հետո որբ մնացած հայրենակիցներին, գրեթե նույն ճակատագիրը տրվեց նրանց»,-նշեց նա։

Դինքի ընկերը տեղեկացել էր, որ Հրանտը նախակրթարանում որբերի հետ մասնակցել էր 3 հարկանի շենքի կառուցմանը, որն անվանել էին արմենների և արմենուհիների ճամբար. «Կանգնեցրել էին որբ երեխաներով, բոլորը` գավառներից եկած, հիմքից փորելով` դպրոց են կառուցել և իրենց ձեռքերով շարել աղյուսները՝ մեկ առ մեկ, պատերը ներկել, ծաղկարան և այլն, և անունը դրել արմենների և արմենուհիների ճամբար։ Այդտեղ են իրենց ամբողջ մանկությունն անցկացրել, որը հիմնել է բարերար հայ Հրանտ Կյուզերյանը: Նրա ջանքերի շնորհիվ է, որ Հրանտի և այդ ժամանակ մեծացած հայերի մեջ հայրենասիրությունն առաջին իսկ օրից է ծնվել»։

 Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031