Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների երթն ընթացավ թմբուկներով ու երգելով

Հունվար 18,2014 18:12

Երեւանի փոխոստիկանապետը նյարդայնանում էր, երբ երթի մասնակիցները ոստիկանների հրահանգներին չէին ենթարկվում Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի  խումբ ներկայացուցիչների եւ ՀՀ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ Ազատության հրապարակից մեկնարկած երթն անցավ Սայաթ Նովա-Աբովյան-Ամիրյան փողոցներով:

Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով կրկին շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Երթը ուղեկցվում էր հարյուրավոր ոստիկաններով: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգում էր փողոցի մի հատվածով քայլել, իսկ շարքային ոստիկանները պատ կազմած չէին թողնում, որ երթի մասնակիցները շարքից դուրս գան: Երբեմն -երբեմն երթի կազմակերպիչների եւ փոխոստիկանապետի միջեւ լեզվակռիվ էր տեղի ունենում կապված երթի ճանապարհահատվածի հետ:

Երթի դիմացից մի քանի երիտասարդներ թմբուկներով եւ հայրենասիրական երգերով առաջնորդում էին ակցիան: Ազատության հրապարակում, որտեղ, մինչ երթը նախաձեռնության անդամները եւ  4 ուժերի պատգամավորները ելույթներ ունեցան, ուղեկցվում էր «Սերժիկ հեռացիր» կոչերով, «Կասեցում կասեցում» վանկարկումներով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը բուռն արձագանք ունեցավ: Տիկին Զոհրաբյանի խոսքով. «Հունվարի մեկից ուժի մեջ է մտել պետական ռեկետի, պետական գանձագողության ռեկետը: Սուտ են իշխանությունների հավաստիացումները, թե օրենքը բխում է ՀՀ քաղաքացու շահերից: Այն բխում է իշխանության կլանի շահերից:  Դուք հավատո՞ւմ եք, որ 20- 30 տարի հետո ստանալու եք փոխհատուցում, սա բացահայտ խոստովանություն է, փող է պետք եւ յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա, սա ցինիզմ որակելը շատ թույլ գնահատական է»:

Ըստ տիկին Զոհրաբյանի. «Մենք այստեղ տեսնում ենք, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողների պաստառը՝  «Ապացուցիր որ չես ստել մեզ դասավանդելիս»: Այս ՍԴ-ն մշտապես սպասարկել է իշխանության շահը վերջին հնարավորությունն է ապացուցելու, որ նա պաշտպանում է քաղաքացու շահը: Մենք համախմբվել ենք եւ սա միասնական պայքարի առաջին քայլն է լինելու: Առանձին վերցրած որեւէ քաղաքական ուժ չի կարող պայքարել միայնակ որեւէ խնդիր չի լուծելու: Մենք միասնական վերացնելու ենք այս ջեբկիրությունը վիճարկելու ենք գազի վասալային պայմանագիրը»:

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Պարոն Մինասյանը հիշեցրեց գազի պայմանագիրը, սոցիալական ծանր պայմանները եւ այդ ֆոնին ՀՀ քաղաքացիներին մատուցվող կենսաթոշակային բարեփոխումները, որոնք, պարոն Մինասյանի համոզմամբ էլ հակասահմանադրական է հատկապես կուտակային պարտադիրի հատվածը:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի ներկայացմամբ էլ  «այս հավաքը կայացավ եւ մեր իշխանություններին ապացուցեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնում»: Նա ասաց. «Ողջունում եմ այս շարժումը, որը ձեւավորվել է շատ պարզ նպատակի շուրջ: Քաղաքացու իրավունքով մերժել իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների այս տեռորը, որը չի շահում ժողովրդի վստահությունը: Հայաստանում կա՞ գոնե մեկը, որը կհավատա, որ կուտակային ֆոնդերի կառավարիչները բարեխիղճ մենեջերն են: Երկրում իշխող մաֆիոզ կլանի սովորական բանդիտներ են, որոնք յուրացնելու են այդ միլիարդատերը»:

Հիշեցնելով օրերս հրապարակված Համաշխարհային բանկի զեկույցն՝ ասաց. «Կապիտալի արտահոսքը Հայաստանից եղել է հինգ միլիարդ դոլար Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի կառավարման օրոք: Մեր աչքերի առաջ երկիրը վարի է գնում մարդկանց հոգիներում մեռնում է Հայաստանում մնալու շենացնելու ցանկությունը»: Նախաձեռնության անդամները կրկին կետ առ կետ ընթերցեցին, թե բարեփոխումների որ կետերն են հակասահմանադրական:

PrevPhoto
NextPhoto

Նախաձեռնության անդամների խոսքով.  «Մենք ուզում ենք ապրել քաղաքակիրթ եւ օրինական երկրում, մեզ է պատկանում իշխանությունը»: «Իրավատեր քաղաքացուն կառավարությունն այլեւս չի կարող խաբել: Իրենց ոչ պրոֆեսիոնալ քայլելով ստիպեցին ինքնակրթվել եւ մենք հավաքվել ենք այստեղ, որ տեր կանգնենք Հայաստանի ապագային»,-ասաց նախաձեռնության մեկ այլ անդամ:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանի խոսքով էլ. «Մեր քաղաքական պատմության մեջ սա բացառիկ դեպք է, որ մեր քաղաքացին ձեւակերպել են օրակարգ եւ դրան միացել են խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ուժերը պետության մեջ արմատական բարեփոխումներ անելու համար: Այո  հավաքը ուղղորդվում է, բայց ուղղորդվում է ժողովրդի կողմից, որպեսզի կարողանանք համախմբել, պետք է գտնենք այն օրակարգը, որը մեզ կհամախմբի: Այդ բարեփոխումները ընդգծված հակասահմանադրական են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Պարում էին երջանիկ և անհոգ բարեփոխիչները:Գերցենը սխալվել է, պիտի գրեր <> :Ակադեմիական հետաքրքրություն կառաջացներ հասարակական վերակառուցման պարահանդեսը…ու~~~~

  2. David says:

    ,,Հայկական սրամտության թեթև շողշողուն խաղերով,,

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031