Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի ելույթը` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանրահավաքում

Հունվար 18,2014 17:15

Նախեւառաջ ցանկանում եմ ողջունել այս շարժումը, որը ձեւավորվել է շատ պարզ նպատակի շուրջ` քաղաքացու իրավունքով մերժել իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների այս ռեֆորմը, որը չունի ժողովրդի վստահությունը: Գրագետ, ինտելեկտուալ, քաղաքակիրթ, հնարամիտ քայլերով, քաղաքացու բարձր պատասխանատվությամբ եւ իրավագիտակցությամբ դուք արթնացրիք քաղաքացիական ակտիվությունը այս հարցի շուրջ:

Սա մեծապես նպաստեց նաեւ Ազգային Ժողովի 4 ընդդիմադիր խմբակցությունների արդեն իսկ ձեւավորված միասնականության ամրապնդմանը, եւ այսօրվա հանրահավաքի մարդաշատությունը հենց մեր քաղաքացիական հասարակության եւ առաջատար քաղաքական ուժերի աննախադեպ համախմբման արդյունք է:

Սա ձեր հանրահավաքն է, ձեր ոճը մի քիչ ավելի քաղաքավարական է, բայց ես, որպես Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ցանկանում եմ նույն խնդրի մասին ավելի անկաշկանդ եւ կոշտ ոճով խոսել: Եկեք ասենք պարզ ճշմարտությունը: Սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ` թալան: Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, այո, կան ֆինանսական զարգացած ինստիտուտներ, կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ, ինվեստիցիոն հիմնադրամներ, կապիտալի արժեթղթերի զարգացած շուկաներ, որոնցում պետությունը պաշտպանում է ներդրումներն ու կենսաթոշակային ավանդները, եւ թույլ չի տալիս, որ անբարեխիղճ գործարարները թալանեն ներդրողներին եւ ավանդատուներին: Տասնյակ տարիների ընթացքում այս ինստիտուտները իրենց բարեխիղճ աշխատանքով վաստակել են ավանդատուների վստահությունը: Դա է պատճառը, որ Արեւմուտքում ոչ ոք չի վախենում ապագայի համար ներդրումներ անել, այդ թվում նաեւ կուտակային հիմնադրամներում: Իսկ մեզ մոտ ի՞նչ վիճակ է: Եկեք իրերը կոչենք իրենց անունով:

Մենք կարո՞ղ ենք վստահել պետությունը` սեփական հարստության համար դուքյան դարձրած այս օֆշորային զույգ գեներալներին: Նկատի ունեմ Սարգսյանների ավազակապետական զույգը: Հայաստանում կա՞ գոնե մեկ միամիտ, որ կարծում է, թե կուտակային այդ հիմնադրամների կառավարիչները բարեխիղճ պրոֆեսիոնալ մենեջերներ են, ում կարելի է քսան տարով վստահել սեփական գումարները: Թե՞ բոլորս էլ գիտենք, որ դրանք երկրում իշխող մաֆիոզ կլանի սովորական բանդիտներ են, որոնց ֆունկցիան լինելու է հսկայական գումարների արագ յուրացումը:

Համաշխարհային բանկի հենց նոր հրապարակված տվյալներով Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք կապիտալի ապօրինի` այսինքն, փողերի լվացման եւ կոռուպցիայի հետ կապված արտահոսքը եղել է շուրջ հինգ միլիարդ դոլար: Եւ ի՞նչ, հիմա ուզում են, որ մենք վստահենք մեր փողերը երկիրը թալանող, Վիրջինիայի կղզիների եւ Կիպրոսի օֆշորներում միլիարդներ կուտակող իշխանությա՞նը: Ֆիլիպինների լեգենդար դիկտատոր Մարկոսը, որը հինգ միլիարդ դոլար էր սեփականել 100 միլիոնանոց ֆիլիպին ժողովրդից, ուղղակի միամիտ մանուկ է` մեր հայրենի ավազակապետների հետ համեմատած: Կամ կա՞ն մարդիկ, որոնք կարծում են, որ երկրի այս համընդհանուր տնտեսական ճգնաժամի, աղքատության, եւ արտագաղթի օրերին, երբ, մեր աչքերի առջեւ երկիրը պարզապես վարի է գնում, երբ, բառիս բուն իմաստով, մարդկանց հոգիներում մեռնում է Հայաստանում մնալու եւ այն շենացնելու գաղափարը, մեկ էլ պարզվում է, որ ամենակարեւոր հարցը դա կուտակային ռեֆո՞րմն է, ինչը այս կառավարությունը մոլագարի հետեւողականությամբ փորձում է անցկացնել: Եւ իսկապես, դուք մոլագար չէի՞ք համարի մի տանտերի, որը տան հրդեհի ժամանակ կփորձեր տունը վերանորոգել: Իհարկե, կհամարեիք: Բայց սրանք մոլագար չեն: Այս համառությունը միայն մեկ բացատրություն ունի: Կուտակային այս պարտադիր վճարումները ընդամենը հերթական մի գործիք է, մոգոնված հատուկ ժողովրդի թալանի համար: Քիչ էր տնտեսության մենաշնորհացումը, փոքր եւ միջին բիզնեսի ջախջախումը հարկային եւ մաքսային տեռորի միջոցով, արագաչափները, կայանման կարմիր գծերը, գազի եւ էլեկտրաէներգիայի հետ կապված թալանը: Հիմա էլ թալանի նոր միջոց են գտել. այս պարտադիր կուտակային վճարումները: Հիմա ի՞նչ, թո՞ւյլ տանք սա: Թույլ չենք տալու:

Ամբողջ ժողովրդով ոտքի ենք ելնելու թալանին վերջ տալու համար: Եւ իմացեք մի բան, պետք է ոչ թե միայն թալանի այս մեկ գործիքը հեռացնենք, այլ երկիրը փրկենք թալանչիական այս համակարգից: Այս իշխանությունները չեն նահանջելու անգամ մեկ սանտիմետր, եթե չտեսնեն տասնյակ հազարավոր մարդկանց հրապարակում: Եւ ուրեմն, բանալին հենց ժողովրդի ակտիվությունն է, իսկ դրան կարելի հասնել միացյալ ընդդիմության եւ ազատ քաղաքացիների միասնական ջանքերով: Գալիս է այս իշխանություններից հաշիվ պահանջելու ժամը: Մեր Շարժումը շարժում է դեպի ազատ, արդար, ազնիվ Հայաստան, օրենքի պետություն, որը կառավարվում է ազատ քաղաքացիների կողմից ընտրված ազնիվ, մաքուր, պետական մտածողություն ունեցող նվիրյալների կողմից: Եւ ուրեմն` Պայքար, պայքար մինչեւ վերջ:

 

Հայ ազգային կոնգրես

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031