«Սա օլիմպիադա չէ, որ մենք փորձենք հասկանալ, թե ովքեր են մեդալակիրները, ոչ էլ ինչ-որ պաճույճ գործողություններ ենք կիրառելու այն հաստատությունների նկատմամբ, որոնք այս վարկանիշավորման համակարգով հետնապահ են դիտարկվել»,- այսօր ՀՀ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ փորձելով ներկայացնել համակարգի էությունը:
«Մենք նպատակ ունենք ոչ թե գերազանցիկներին ու ծույլիկներին հայտնաբերելով խրախուսել կամ պատժել նրանց, այլ մեր ծնողներին, աշակերտներին և քաղաքացիական հասարակության ինստիտուտներին տրամադրել ամփոփ և արժանահավատ տեղեկատվություն այն մասին, թե ուսումնական հաստատություններն այս կամ այն չափանիշով, ուղղությամբ ինչպիսի հաջողություններ կամ անհաջողություններ ունեն»,- ասաց Ա. Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի ստեղծումը կնպաստի նաև մրցակցային օբյեկտիվ միջավայրի ձևավորմանը, ինչն էլ իր հերթին կբարձրացնի կրթության որակը:
«Մի կարևոր խնդիր ևս կփորձենք լուծել այս համակարգով,- ասաց նախարարը,- դա ախտորոշման խնդիրն է. պետք է նաև հասկանալ, թե համակարգում որ օղակներն են թույլ գործում, որ ուղղություններն են վտանգված և այլն»:
Կարդացեք նաև
Ա. Աշոտյանը համոզված է, որ շնորհանդեսին կհաջորդեն բուռն քննարկումներ, թե պե՞տք է մեզ արդյոք այդ համակարգը: «Այդ քննարկումներն անհրաժեշտ են մեզ, որպեսզի եկող տարի այս համակարգը փորձարկումից վերածենք կայուն, արժանահավատ, վերջնական մեթոդաբանության, որն առավել հարմարեցված կլինի Հայաստանի կրթական համակարգի ավանդույթներին, գերակայություններին և ճիշտ կընդգծի մեր հետագա անելիքները»,- ասաց Ա. Աշոտյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ