«Այսօրվա հավաքի իմաստը Սահմանադրական դատարանի հաղորդագրությունը կամ հանրային պահանջը փոխանցելն է, եւ այստեղ ելույթներում բացառապես այն անձինք են, որոնք Սահմանադրական դատարանի այս գործընթացի հետ են առնչվում ուղղակիորեն, բայց քաղաքացիների մեջ կան անխտիր ու առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր իսկապես մեզ հետ են եւ, իրականում, հարթակի վրա ելույթով չէ, որ որոշվում է այս կամ այն քաղաքացու կամ նախաձեռնության մասնակցությունը, հարթակից ներքեւ կանգնած անձինք ոչ պակաս կարեւոր են, քան՝ հարթակի վրա կանգնածները»,- այսօր՝ հունվարի 18-ին «Մեդիակենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այսպես ներկայացրեց այսօր ժամը 14:00-ին սպասվող «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթը «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը:
Քաղաքացիական նախաձեռնության հավաքը տեղի է ունենալու Ազատության հրապարակում, որից հետո հավաքի մասնակիցները երթով շարժվելու են Մաշտոցի պողոտայով դեպի Սայաթ Նովա, Աբովյան փողոցները, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց եւ Մաշտոցի պողոտայով հետ են վերադառնալու Ազատության հրապարակ:
Այն հարցին, թե մինչեւ հունվարի 31-ն իրենց խնդիրը լուծում չստանա, ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել քաղաքացիական նախաձեռնությունը, Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ հույս ունի՝ Սահմանադրական դատարանը մարտի 28-ին՝ երբ կսկսվի վարույթը, հակասահմանադրական կճանաչի եւ կստիպի հետադարձ ուժ կիրառել եւ այդ գումարները հետ վերադարձնել.
«Իսկ եթե ոչ, մենք այդ տարբերակին էլ ենք պատրաստ, այս դեպքում քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավելի բուռն են լինելու եւ շարունակական ու դա կապ չունի՝ քանի ամիս կտեւի: Դա պիտի լինի այնքան ժամանակ մինչեւ մենք հասնենք մեր նպատակին»:
Կարդացեք նաև
Ամի Չիչակյան