Aravot.am-ը այսօր ԿԳ նախարար ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից մեկնաբանություն խնդրեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության վերաբերյալ, որտեղ մասնավորապես մեկնաբանվել էր նրա այն արտահայտությունը, թե Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ ե՞րբ է այցելել Պանթեոն՝ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: «Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսևորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Ծավալված բանավեճի էությունն այն էր, որ առանձին պաշտոնյաներ, ձգտելով արդարացնել այսօրվա խնդիրները, փորձում էին վերագնահատել նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության արդյունքները: Խոսքը հիմնականում 2001-2007 թվականների մասին է: Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ, հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության՝ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն և ոչ այնքան իր համար, այլ նաև այն թիմի համար, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները: Խոսքը վարչապետի, նախարարությունների, Երևանի և այլ քաղաքների քաղաքապետարանների, տասնյակ հազարավոր շինարարների մասին է, որոնք ոչ թե փուչիկ էին փչում, այլ բարեկարգում էին երկիրը: Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները: Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ»,-ասված էր Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Արմեն Աշոտյանն ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանել այդ հայտարարությունը. «Ես իմ գնահատականները այս առնչությամբ հնչեցրել եմ մի քանի օր առաջ կայացած ասուլիսին, այս ընթացքում չեն հնչել հակադարձումներ կամ լրացուցիչ փաստարկներ, որոնց կապակցությամբ կարիք եմ տեսնում եւս մեկ անգամ անդրադառնալ»: Երիտասարդ ՀՀԿ-ականների մասին հայտարարության քոչարյանական գնահատականի մասին էլ Արմեն Աշոտյանն ասաց. «Ես վաղուց երիտասարդ ՀՀԿ-ական չեմ, եթե 13 տարվա կուսակցական փորձը եւ 39 տարվա անձնագրային տարիք ունեցող մարդը համարվում է երիտասարդ կուսակցական, ուրեմն ես գտել եմ հավերժ երիտասարդության գաղտնիքը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մի մուկ խոսեց արտահերթ