«Հրապարակ» օրաթերթն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի հարցազրույցղներին եւ այնտեղ բարձրացված հարցերին՝ գրում է.
«Ինչ խոսք, թիմակիցների հետ բանավեճը հրաշալի PR հնարավորություն տվեց Քոչարյանին՝ ընդգծելու իր տարիների «պլյուսները», թեեւ նրա հիշատակած 5-րդ էներգաբլոկի եւ բաշխիչ ցանցերի վաճառքը, «ՀայՌուսգազարդի» գործունեությունը բազմիցս կոշտ քննադատվել են: Մյուս կողմից պետք է ընդունել, որ երկրորդ նախագահը, իր անձի եւ կառավարման տարիների բոլոր թերություններով հանդերձ, շահեկան է երեւում երիտ հանրապետականների ֆոնին: Իր գրասենյակի միջոցով ինքն իր մասին հայտնում է, որ կարող էր լուռ մնալ, քանի որ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է, սակայն «նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն եւ ոչ այնքան իր համար, այլ նաեւ այն թիմի համար, որը… կերտել է այդ ձեռքբերումները»:
Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկից հետո այնքան չէր խոսել, որքան վերջին երկու շաբաթում: Նրա հարցազրույցները նման են սերիալի եւ կտրուկ ավելացրել են ոչ միայն պատգամավորների, լրագրողների, կառավարության զբաղվածությունը, լակմուսի թղթի պես զատել իրարից ընդդիմադիր ուժերին, հիշեցնելով, թե ով ում թիմից է եղել: Զարմանալի չէ, որ ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչները, որոնց մերձեցումը ժառանգականների եւ ՀԱԿ-ի հետ գրեթե նշմարվել էր, սկսեցին պաշտպանել Քոչարյանի տեսակետները:
«Բոլոր նրանց, ովքեր շինարարության ոլորտը որպես տնտեսության առաջատար ճյուղ քննադատում են, խնդրում եմ հաշվի առնեն հենց այս հանգամանքը, որ շինարարությունը չի կարող Հայաստանում առաջատար ճյուղ չլինել, այլ բան, որ այն չի կարող միակը լինել եւ այնքան կտրվել ուրիշ ճյուղերից, որ դառնա ըստ էության միակ հենասյունը ողջ տնտեսության համար»,- պաշտպանեց երկրորդին ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ ՀԱԿ-ը, ի դեմս Վլադիմիր Կարապետյանի, շտապեց հիշեցնել, որ կա Մարտի մեկ, եւ որ իրենց դիրքորոշումը Քոչարյանի նկատմամբ չի փոխվելու:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամն կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: