Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր կուտակային կենսաթոշակ. կողմ եւ դեմ

Հունվար 18,2014 14:58

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում խնդիրը քննարկում են «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը եւ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:

Արամ Աբրահամյան.– Պարոն Ադիբեկյան, ոչ ես, ոչ էլ Դուք մեր աշխատավարձից 5 տոկոս պարտադիր կենսաթոշակին չենք տալու, երիտասարդներն են տալու: Եթե այդ մարդիկ չեն ուզում, պե՞տք է արդյոք նրանց ստիպել:

Ահարոն Ադիբեկյան.– Կեյնսի տեսության համաձայն՝ գումարը պետք է փող աշխատի, եթե դու ինչ-որ մի տեղ գումար ես կուտակում, որը չի մտնում շրջանառության մեջ, դա մեռած կապիտալ է: Եվ նա ասաց՝ թոշակային կուտակումները իմաստ չունեն, եթե դրանք չեն աշխատում, եւ առաջարկեց ստեղծել հիմնադրամներ, որոնք այդ գումարները կդնեն գործի մեջ: Ներկայումս 1,5 մլն հայ՝ Հայաստանի բնակիչ բանկերում ունեն 1.5 մլրդ դոլար ավանդ, որը չի աշխատում կամ աշխատում է թույլ: Եթե մենք այն դնում ենք ակտիվ տնտեսական ոլորտ, դրանք նոր աշխատատեղեր են ստեղծում, աշխուժանում է առեւտուրը, որից բոլորս ենք օգտվում, գներն են իջնում, գներն իջնում են մրցակցության շնորհիվ: Եվ ամենակարեւորը՝ տարիների ընթացքում դա բավականին պատկառելի գումար կլինի: Այնպես որ՝ բոլոր երկրները հիմա գնում են կուտակային ֆոնդերին: Այնպիսի երկրները, որոնցից ենք մենք, ունեն ներդրումների մեծ պահանջներ, մեր հաշվարկներով՝ Հայաստանին ոտքի կանգնելու համար 120 մլրդ դոլար է պետք:

Արամ Աբրահամյան.– Դավիթ, Դուք չեք ուզում հրաժարվել Ձեր աշխատավարձի 5 տոկոսից հիմնականում այն պատճառով, որ չե՞ք վստահում մեր պետությանը:

Դավիթ Խաժակյան.- Վստահության հարց համակարգի նկատմամբ կա, որովհետեւ երաշխիքները, որոնք տրվում են այդ գումարների պահպանման վերաբերյալ, համոզիչ չեն: Եթե պատկերացնենք այն գումարը, որն այս տարի նախատեսում է հավաքել կառավարությունը, եւ բազմապատկենք 15-20-ով, 20 տարի հետո առաջին մարդը կստանա իր կուտակած կենսաթոշակը, եթե այդ օրենքը գործարկվի, այդ գումարը զգալիորեն գերազանցելու է մեր բյուջեն: Հնարավոր չի այդ ամբողջ գումարները երաշխավորել եւ օդում ասել՝ պետությունը երաշխավորում է: Դա նույնն է, որ ասում էին՝ Խորհրդային Միությունը չի փլուզվի, եւ ձեր գումարները կպահպանվեն: Խորհրդային Միության ժամանակ բազմաթիվ մարդիկ պահպանում էին որոշակի ավանդներ. դա կուտակվող գումար էր, որը երաշխավորում էր Խորհրդային Միությունը, այսինքն՝ ինչ-որ տեղ տրված էր կուտակելու հնարավորություն, եւ այսօր մենք տեսնում ենք, որ մարդիկ այդ գումարները կորցրել են: Եթե այս համակարգը ավելի շուտ ներդրվեր, ասենք՝ 2000-ին, ապա 2008-ի ճգնաժամից հետո բազմաթիվ ֆոնդերի պայթյունը կբերեր եւս նրան, որ մարդիկ այդ գումարները կկորցնեին:

Արամ Աբրահամյան.– Սովետի ժամանակ մարդիկ փողեր էին կուտակում Խնայբանկերում, հետո այդ գումարները կորցրին: Մտավախություն կա, որ նույնը կլինի:

Ահարոն Ադիբեկյան.- Նույնը չի լինի: 1998 թվականից առ այսօր ոչ մի բանկ չի սնանկացել, բոլորն աշխատում են, որովհետեւ վերահսկվում են, բոլոր ավանդները ապահովագրվում են պետության կողմից: Այսօր կա վստահություն բանկերի նկատմամբ, եւ 1,5 մլրդ ավանդները դրա լավագույն ապացույցն են: Ավանդը կուտակում չէ, կուտակային ֆոնդը այն գումարն է, որ ներդրում է անում: Հիմա խնդիրը որն է. Ճապոնիան, որն անցնում էր կուտակայինի 5 տարում, նախապատրաստում է հանրային կարծիքը: Մեզանում դա չկա, եւ դա մեր կառավարության հին հիվանդությունն է: Եթե դուք զանգվածային գործողություն եք կատարելու, որը վերաբերում է զանգվածային շահերին, ապա 1-2 տարի առաջ պետք է սկսել գործընթացը: Եթե մենք 1 տարի առաջ սկսեինք քննարկումները, բացատրեինք, ցույց տայինք օրենքները, ուրիշ երկրների օրինակները եւ այլն, գուցե նման ընդվզումներ չլինեին:

Դավիթ Խաժակյան.– Ըստ էության, այն բոլոր քաղաքացիները, որոնք դժգոհում են, մեծ մասը գիտեն, որ աշխարհում կան բազմաթիվ ստացված մոդելներ, սակայն երբ մենք խոսում ենք Հայաստանի կուտակային կենսաթոշակային օրենքների մասին, այն ներառում է բազմաթիվ թերություններ: Մյուս կողմից՝ այս պարագայում, երբ քաղաքացուց վերցնում ես իր աշխատավարձի մի մասը, թույլ չես տալիս նրան այդ գումարը ներդրում կատարել տնտեսության մեջ: Ի վերջո՝ այն քաղաքացիները, որոնք բարձրացրել են իրենց բողոքի ձայնը, նրանք միջին աշխատավարձով ապրող մարդիկ են: Այս պարագայում ավելորդ է խոսել մեծ կուտակումների մասին, այսինքն՝ այնպես չի, որ այս մարդիկ մեծ գումարներ են կուտակել եւ հիմա չեն ուզում ինչ-որ մի մասը տալ իրենց ապագայի համար: Այս խնդիրը պետք է դիտարկել օրենքի տեսակետից եւ այն տեսակետից, որ այսօր քաղաքացին չի կարող իր գրպանից լրացուցիչ հատկացումներ անել:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Քննարկումը ամբողջությամբ

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։  

Bac_2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031