Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունները պետք է ընդունել այնպես, ինչպես կա». «Հայոց աշխարհ»

Հունվար 18,2014 11:24

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

   –Հաճախ են իշխանության ներկայացուցիչները «խոստովանում», թե կայացած ընդդիմության գոյությունը կարեւոր գործոն է երկրի համար, ավելին, որ իշխանության քայլերի արդյունավետությունը պայմանավորված է նաեւ նրանով, թե իր թիկունքում որքանով է զգում ընդդիմության շնչառությունը: Այդ իմաստով, ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընդդիմադիր հատվածում տեղի ունեցող գործընթացները:
-Ակնկալվում էր, որ ժողովրդի մի հատվածի վստահությունը շահած ընդդիմությունը, գալով խորհրդարան, իր ծանրակշիռ խոսքով, իր հետեւողականությամբ ու քայլերով կներազդի որոշումների ոչ միակողմանի ընդունման վրա: Բայց դա տեղի չունեցավ, ու դրա պատճառը, ցավոք, մեզանում ընդդիմության դերի խեղաթյուրված ընկալումն է:
Մարդիկ, ընդդիմություն ասելով, հասկանում են ընդդիմանալ իշխանության ամեն քայլին ու ժողովրդի մեջ որոշակի տպավորություններ ստեղծել: Բայց ընդդիմություն ասվածը բարձր գոռալը, շատ խոսելը, քննադատելն ու ամեն ինչ սեւացնելը չէ: Այստեղ է, որ մենք մտածելու, մտահոգվելու լուրջ առիթ ունենք: Այն, որ ասօր մեր ժողովրդի մեջ կա հիասթափություն՝ պատահական չէ,  դրանում խորհրդարանական ընդդիմությունն իր բացասական դերակատարումն ունի: Եթե ընդդիմությունը արձագանքի նաեւ իշխանության դրական քայլերին, հավատացեք, մթնոլորտ կփոխվի, մինչդեռ ամենալավ գործերն էլ դատապարտված են ամենավատ գույներով ներկայացվելուն:
Իսկ ի՞նչ է կատարվում խորհրդարանական ընդդիմության ներսում։ Բացի ՀՅԴ-ից, մյուսները եկել են խորհրդարան ու իրար չեն հասկանում, չեն էլ խորշում հրապարակավ ամենավերջին մեղադրանքները ասել մեկմեկու հասցեին: Որեւէ մեկին վատաբանելու նպատակ չունեմ, հակառակը, այդ ամենն ասում եմ սրտի ցավով:
Մեզ համար շատ կարեւոր է առողջ, կառուցողական քննադատություն հնչեցնող ընդդիմություն ունենալը, որը զերծ կլիներ ավելորդ բարդույթներից ու չէր վախենա իշխանության դրական քայլերի մասին բարձրաձայնելուց: Մինչդեռ մենք այսօր ունենք կես ոտքի վրա կանգնած, կիսաիշխանական, կիսաընդդիմադիր, կիսատ-պռատ միավորումներ, որոնք ինքնակայացման խնդիր ունեն: Ընդհանրապես միջակությունը շատ վտանգավոր երեւույթ է նաեւ քաղաքականության մեջ:
   –Փաստորեն դժվար է պատկերացնել, որ այսօր խորհրդարանի «ոչ իշխանական» ուժերը կարող են համախմբվել ու իրենց համատեղ ակտիվությամբ քաղաքական զարգացումներում շրջադարձ կատարել, չնայած  անվերջ  հայտարարում են այդ մասին:
-Անչափ ուրախ կլինեմ, եթե մեր ընդդիմադիրները կարողանան կարեւոր հարցերի շուրջ համախմբվել ու մեկ տեսակետ արտահայտել: Բայց վճռորոշ պահերին գլուխ է բարձրացնում նորին մեծություն ամբիցիան, ու կռիվը սկսվում է՝ ո՞վ է նախաձեռնության հեղինակը, ո՞վ է առաջնորդելու, ղեկավարելու գործընթացը: Նկատում ես, որ նրանց նպատակը ոչ թե խնդրին լուծում տալն է, այլ նպաստավոր իրավիճակից օգտվելը, ժողովրդի խոսքով ասած՝ «պահն իրենցով անելը»:
   –Այսինքն՝ այսօր ընդդիմությունը սոցիալական կարեւոր խնդիրներ բարձրացնելով ոչ թե հետապնդում է երկրի, ժողովրդի, այլ նեղ կուսակցակա՞ն շահեր:
   -Զերծ կմնամ նման ծանր մեղադրանքներից, բայց կյանքն ու գործընթացներն ապացուցել են, որ ընդդիմադիրների համախմբումները միտված են եղել ընդամենը էպիզոդիկ հարցեր լուծելուն: Խորհրդարանում էլ միավորվում են այս կամ այն քվեարկության պահին, բայց կարճ ժամանակ անց սկսում փոխադարձ մեղադրանքներ տեղալ մեկմեկու հասցեին:
Եթե ընդդիմությունն ի զորու լիներ իրականացնելու երկրի ապագային միտված գործողություններ, իշխանության համար շատ լավ կլիներ, ի վերջո, ուժեղ ընդդիմությունը ենթադրում է եւ ուժեղ իշխանության գոյություն: Հետեւաբար ընդդիմության ներկայիս համախմբումը գուցե կարճ ժամանակահատվածում որոշակի խնդիրներ լուծի, բայց գլոբալ հարթության վրա՝ ոչ:
   –Տպավորությունն այնպիսին է, որ մեզանում արդեն իսկ սկսված են 2017-18-ի նախընտրական գործընթացները: Այս հարթության վրա էլ փորձ է արվում դիտարկել Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճը: Այն, ինչ տեղի է ունենում գործող վարչապետի եւ նախկին նախագահի միջեւ, հուշո՞ւմ է քաղաքական լուրջ գործընթացի մեկնարկի մասին, թե՞ սա էլ հերթական ինտրիգ է:
   -Մենք զուրկ ենք գլոբալ մտածողությունից ու դարձել ենք ավելի կենցաղային մտածողության տեր: Առնվազն 4 տարի կա մինչեւ ընտրություններ, իսկ այդ ընթացքում բավական ջրեր կհոսեն, բայց մենք այսօր արդեն, ժողովրդի խոսքով ասած, դեռ ջուրը չտեսած բոբիկացել ենք: Հնչում են մեկնաբանություններ, որոշներն էլ ներկայանալով իբրեւ խիստ տեղեկացված «վերլուծաբաններ»՝ փորձում են սեփական կանխատեսումները պարտադրել հանրությանը:
Մինչդեռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունները պետք է ընդունել այնպես, ինչպես կա: Ես այն ընթերցեցի որպես տեսակետ, առանց ինչ-ինչ եզրահանգումեր անելու: Ինքս էլ եմ արձագանքել, եւ դա արել եմ կոռեկտության սահմաններում: Ի վերջո, երկրորդ նախագահը լինելով որոշակի գործընթացների ակունքներում՝ կարող է իր տեսակետը հայտնել, ու ամենեւին անհարժեշտություն չկա դրանից ինչ-որ բաներ սարքել:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031