Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շանթի մանիֆեստը

Հունվար 18,2014 14:50
kirakosyan

Նախկին պատգամավորը ժողովրդավարություն ցանկացող ուժերին
կոչ է անում իրագործել օրենքները եւ չքննադատել միմյանց

«Շանթը, ըստ իս, հռչակեց մի մանիֆեստ, որը 2014 թվականին կարող է ուղեցույց լինել ողջ քաղաքական ու քաղաքացիական դաշտի համար»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այն ամենին, ինչ արեց Շանթ Հարությունյանը, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում տեւական բողոքի ակցիաներից հետո «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը 2013 թվականի նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ կատարեց, ինչի արդյունքում արդեն մոտ երկուսուկես ամիս է՝ վերջինս ազատազրկման վայրում է: Մի կողմ թողնելով եւ տվյալ պարագայում ոչ էական համարելով այդ հեղափոխության իրականացման ձեւերը, դետալները՝ մեր զրուցակիցը փաստում է. «Մարդը շատ պարզ, պարզունակության հասցված տրամաբանական մի մանիֆեստ հռչակեց. ասաց՝ ես չեմ ուզում ինձ կամրջից ցած գցել, կոտորել ինձ, չեմ ուզում լքել հայրենիքս, ուզում եմ, որ ես ու իմ երեխաները կարգին երկրում ապրենք: Խոսեց խորհրդանիշների լեզվով, որը ամենահասկանալին եւ դիպուկն է: Ու հենց խորհրդանիշների լեզվով էլ մարդը փայտը վերցրեց ու ասաց, որ այդ փայտով քշելու է այս ռեժիմը երկրից, քանի որ այն խանգարում է տնտեսության, մեր երկրի ու ժողովրդի զարգացմանը»: Արմեն Կիրակոսյանը կարծում է, որ «Շանթի մանիֆեստը» պետք է լինի այն ձգման կետը, որը պետք է շարժի ողջ քաղաքական դաշտն ընթացիկ տարում:

«Այս առումով, իհարկե, Շանթը բավական վտանգավոր է այս ռեժիմի համար: Ես կարծում եմ, որ ընդհանրապես կապ էլ չունի՝ Շանթին մեղսունակ կհամարեի՞ն, թե՞ ոչ, քրեական կհամարեի՞ն, թե՞… այսպես, թե այնպես՝ դա արդեն քաղաքական մանիֆեստ է: Ես պատրաստ եմ ստորագրել այդ մանիֆեստի տակ: Կարծում եմ՝ շատերն են պատրաստ դա անել, որպես քաղաքական փաստաթղթի»,- ասում է Արմեն Կիրակոսյանը: Մեր զրուցակցի համար անվիճելի է, որ հայաստանյան քաղաքական, տնտեսական կյանքը ստագնացիայի է ենթարկված, ու հենց դա է բերել նրան, որ ռեժիմը մարմնավորող անձինք հայտնվել են պարտադրված որոշումներ ընդունելու եւ իրականացնելու դաշտում: Նա գտնում է, որ բոլոր գործողությունները, որոնք կատարվեցին 2012-13-ին, եւ դրանց տրված գնահատականները պետք է շարունակություն ունենան նաեւ 2014-ին: Շարունակությունը, իր պատկերացմամբ, ակտիվ քաղաքացիական հասարակության ընդվզումն է լինելու. «Ու կարելի է ենթադրել, որ ակտիվացումը կլինի ավելի բարձր մակարդակի վրա, ավելի կազմակերպված, ավելի թեժ»: Իշխող ուժի կողմից իրականացվելիք որեւէ ռեֆորմ, ըստ մեր զրուցակցի, նրան չի փրկելու, քանի որ չկա վստահություն իշխող ուժի նկատմամբ. «Մեր իշխանությունը վստահության մեծ դեֆիցիտ ունի:

Ցանկացած ռեֆորմ պարզապես ժամանակի կորուստ է լինելու. մի քիչ այս կողմ կձգվի, մի քիչ այն, բայց արդյունք չենք ունենալու, միայն տեմպի, էներգիայի եւ ժամանակի կորուստ: Մեր իշխանությունն ինքն իրեն օտարել է ժողովրդից, թաքնվելով բարիկադի ետեւում՝ փորձում է կառավարում կազմակերպել՝ հոխորտալով: Բայց իրենք էլ տեսնում են, որ հնարավոր չէ, ու այդ է պատճառը, որ խոսում են գաղջ մթնոլորտից եւ նման բաներից: Իրենք էլ տեսնում են, որ այս միջավայրում անհնար է ինչ-որ բան զարգացնել: Չունենալով հենարան երկրի ներսում՝ հենարան են փնտրում դրսում»: Այս իմաստով Արմեն Կիրակոսյանը բնական է համարում, որ դրսի ուժերը փորձելու են սեփական շահն իրացնել մեր երկրում, եւ միշտ չէ, որ այդ շահերը համընկնում են մեր պետության ու ժողովրդի շահին: Արդյունքում ստացվում է, որ մեր՝ մեզնից օտարված իշխանությունը ծառայում է դրսին, ոչ թե մեզ:

Ինչպե՞ս անել, որ ՀՀ իշխանությունը դարձի գա եւ ծառայի իր ժողովրդին՝ այս պարզ հարցին նախկին պատգամավորը պարզ պատասխան ունի. «Պետք է սկսել երկրում սահմանադրական կարգի վերականգնումից: Դա նշանակում է, որ երկրում ցանկացած օրենք, որն այս իշխանությունն ընդունում է, անկախ դրա որակից՝ պետք է հասարակությունն իրացնի, կատարի:

Վատ օրենքը վաղը կարելի է փոխարինել լավով, բայց եթե օրենք ընդհանրապես չի կիրառվում, սա է վտանգավորը: Փորձը ցույց է տալիս, որ եթե հասարակությունը փորձում է գործարկել օրենքները, դա հակասում է գործող ռեժիմի շահերին: Տվյալ դեպքում օրենք կիրառողը պայքարում է իշխանության դեմ, ինչը շատ շահեկան է: Պետք է օրենքից կառչենք, որովհետեւ հիմնական օրենք խախտողը ռեժիմն է: Սա հակադրության հիմնական ճակատներից մեկն է, որին ամեն քայլափոխի հանդիպում ենք»: Բայց որպեսզի ընդդիմությունը՝ ժողովրդավարություն ցանկացող ուժերը կարողանան արդյունավետ կազմակերպել իրենց պայքարը, Արմեն Կիրակոսյանն առաջարկում է, որ եւ քաղաքացիական, եւ քաղաքական հարթակներում անխոս մի պայմանավորվածություն լինի՝ միմյանց չքննադատելու մասին. «Եթե դու ռեժիմի ներկայացուցիչ չես, պիտի չքննադատվես ոչ ռեժիմի ներկայացուցչի կողմից: Բոլոր ուժերը, որոնք պայքարում են ռեժիմի դեմ, պետք է հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ. բոլորն էլ սխալական են, ինչ-որ հարցերում կարող են մի քիչ առաջ կամ հետ ընկնել, բայց պիտի հանդուրժեն միմյանց: Պայքարի ու քննադատության միակ թիրախը պետք է ռեժիմը լինի՝ ՀՀԿ-ն՝ իր գործադիր մարմնով եւ օրենսդիր խմբակցությամբ, դատական համակարգով եւ այլն»:

Այն, որ ներկայումս քաղաքական ընդդիմության դաշտում արտահայտված լիդեր չկա, Արմեն Կիրակոսյանի կարծիքով՝ նույնիսկ կարող է ընդհանուր գործին առավելապես օգնել. «Յուրաքանչյուրն իր պայքարը պետք է տանի իր հարթակում, մյուսներն ամեն պահի եւ ամեն տեղում պետք է սատարեն: Դա կբերի նրան, որ ինչ-որ հարթակներ եւ նոր լիդերներ կձեւավորվեն ու որոշակի միասնություն, համախմբում կլինի»: Ընդդիմադիրների՝ միմյանց հասցեին հնչեցրած քննադատությունները, մեր զրուցակցի գնահատմամբ, թեւաթափ են անում հասարակությանը, ու եթե այս փուլում կարողանանք հասնել նրան, որ ժողովուրդը տեսնի, որ թեեւ տվյալ քաղաքական ուժերը կամ լիդերները տարաձայնություններ ունեն, տարբեր դաշտերում են գործում, բայց հանուն ընդհանուր նպատակի միասնական են, արդեն համախմբման լուրջ գործոն կլինի: Թե հետագայում ռազմավարական ինչ ճանապարհների նախապատվություն կտրվի՝ ժամանակը ցույց կտա:

«Այսպիոսվ մենք կհաստատենք մի խաղի կանոն, որն իշխանությանը չէ, ժողովրդինն է: Սա էական է, քանի որ մեր հիմնական խնդիրն այն է, որ հիմնականում խաղում ենք իշխանության հաստատած խաղի կանոններով: Պետք է թելադրենք մե՛ր խաղի կանոնները»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031