Վանաձորի Հելսինկյան գրասենյակի պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ, գրեթե երկու տարի է անցել ՊԲ N զորամասի ԿՍ-19 մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Տիգրան Վարյանի մահից: Մինչ այսօր Տիգրան Վարյանի հայրը` Վանո Վարյանը, տարբեր դատական ատյաններում փորձում է գտնել որդու մահվան իրական մեղավորներին: Ըստ իրավապաշտպան կառույցի, 2013 թ. դեկտեմբերի 5-ին Վանո Վարյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ վճռաբեկ դատարան է ուղարկվել վճռաբեկ բողոք:
Բողոքաբերը պահանջել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թ. հոկտեմբերի 28-ի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության: 2013 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ վերաքննիչ դատարանը քննարկելով տուժողի իրավահաջորի ներկայացուցիչ Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքը՝ որոշել էր մերժել թե Ա. Սաքունցի, թե մեղադրող Կ. Աղաբեկյանի վերաքննիչ բողոքները: Այս որոշմամբ վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ էր թողել 2013 թ. օգոստոսի 6-ի որոշումը, որով մեղավոր էր ճանաչել Հովհաննես Հակոբյանին, Գեւորգ Մանուկյանին եւ Էրիկ Սարգսյանին: 2013 թ. հոկտեմբերի 28-ի որոշմամբ Էրիկ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է 2013 թ. հոկտեմբերի 3-ի համաներումը եւ դադարեցվել էր նրա հանդեպ քրեական հետապնդումը: 2013 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ վճռաբեկ դատարան ուղարկված բողոքը Վճռաբեկ դատարանի որոշմամբ ետ է ուղարկվել դիմումատու Ա. Սաքունցին: Զինվորի մահվան գործով հերթական անգամ չհասնելով արդարադատության իրականացմանը, կնախապատրաստվի դիմում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու համար:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ