Լեգենդար Led Zeppelin-ի կիթառահար Ջիմի Փեյջը տեղեկացրել է, որ խմբի առաջին երեք ձայնասկավառակների երկար սպասված վերաթողարկումները լույս կտեսնեն ավելի ուշ՝ 2014-ին: Նա նաեւ հայտնել է, որ պատրաստվում է թողարկել որոշ ձայնագրություններ իր սեփական արխիվային նյութերից: Այս մասին նա հայտարարել է իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված ամանորյա շնորհավորական գրառման մեջ: Փեյջը նաեւ ասել է, որ դրանք լույս կտեսնեն Swan Song/Atlantic լեյբլի ներքո, ինչպես եւ նախկինում: Չնայած նրան, որ գրառումը շուտով հեռացվեց կիթառահարի պաշտոնական կայքից, The Rolling Stone ամսագրին հաջողվեց հաստատել տեղեկությունները` խմբի ներկայացուցչի հետ կապվելով:
Հեռացված գրառման մեջ, մասնավորապես, ասվում էր. «Կան լավ նորություններ Նոր տարվա համար: Led Zeppelin-ի առաջին թողարկումները` բաղկացած Led Zeppelin I, Led Zeppelin II, Led Zeppelin III եւ դրանց հարակից սկավառակներից, լույս կտեսնեն այս տարի: Ես նաեւ աշխատում էի արխիվներում գտնվող իմ սեփական նյութի վրա, որը նույնպես ի հայտ կգա 2014-ին»: Լուրեր կան, որ նկարիչ Շեփարդ Ֆեյրին, ով աշխատել էր խմբի հետ` ձեւավորելով Celebration Day համերգային ալբոմն ու ֆիլմը, կվերաձեւավորի վերաթողարկվող ձայնասկավառակների սկզբնական շապիկները: Led Zeppelin-ի սկավառակների վերաթողարկման նախագծերի մասին Ջիմի Փեյջը հայտարարել էր 2012-ին: Այն ժամանակ նա պարզաբանել էր, որ յուրաքանչյուր սկավառակը լույս կտեսնի deluxe խմբագրությամբ եւ կներառի «հավելյալ ձայնային եւ վիզուալ հրաշալիքներ»: Նա բացատրել էր, որ նախատեսվում է ալբոմների վերաթողարկված տարբերակներում ներառել խմբի երգերի այլընտրանքային միքսերը, ինչպես նաեւ համերգային ձայնագրություններ, որոնք երբեւէ լույս չեն տեսել:
Բացի այդ, Փեյջը հավելել էր, որ դրանք շատ ավելի լավ կհնչեն, քան նախկինում հասանելի տարբերակները: «Կատալոգը վերջին անգամ ռեմասթերինգի էր ենթարկվել 20 տարի առաջ,- ասել էր նա Rolling Stone ամսագրին` ի նկատի ունենալով 1990-ին լույս տեսած Led Zeppelin 4 սկավառակից բաղկացած փաթեթը,- դա երկար ժամանակ է: Ամեն ինչ փոխանցվում է անալոգային ֆորմատից ավելի բարձր հստակության թվային ֆորմատ: Դա Led Zeppelin-ի նյութի հետ կապված խնդիրներից մեկն է: Այն շատ անհեթեթ է հնչում MP3-ում: Դուք չեք կարող պատշաճ կերպով լսել, թե այնտեղ ինչ կա»:
2013-ի հոկտեմբերին, BBC 6Music-ի հետ հարցազրույցի ընթացքում, Led Zeppelin-ի վոկալիստ Ռոբերտ Փլանթը հուշել էր, թե, մասնավորապես, ինչպիսի կատարումներ կարող են տեղ գտնել խմբի ալբոմների վերաթողարկվող տարբերակներում: Նրա խոսքերով, դրանցից որոշներում վոկալիստի դերում է հանդես գալիս խմբի բաս կիթառահար Ջոն Փոլ Ջոնսը. «Վերջերս ես մի քանի քառորդ մատնաչափանոց ժապավեններ գտա: Ես հանդիպեցի Ջիմիի հետ, եւ մենք դրանք տեղադրեցինք եւ լսեցինք: Եվ այնտեղ կան շատ, շատ հետաքրքիր կտորներ ու հատվածներ, որոնք, հնարավոր է, կհայտնվեն վերաթողարկումներում: Ես անձնուրացորեն փորձում եմ օգտագործել այդ մի երգը կամ երկու երգերը, որտեղ Ջոն Փոլ Ջոնսը երգում է հիմնական վոկալային մասը»: Նա նաեւ կատակել էր, թե Ջոն Փոլ Ջոնսն իրեն կաշառք է առաջարկում` միայն թե այդ երգերը չթողարկվեն: «Այս պահի դրությամբ նա պատրաստվում է ինձ տալ երկու ավտոմեքենա եւ ջերմոց, որպեսզի դրանք ալբոմում չհայտնվեն,-ծիծաղելով ասել էր Փլանթը,- օհ, Ջոն, որտեղ էլ լինես քո օպերայով, դու չես համբերի, որ լսես ինքդ քեզ երգելիս` աշխարհով մեկ»:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ