Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներառող տարածքի ստեղծում` «ժողովուրդներին» ՄԱԿ բերելով

Հունվար 18,2014 14:10

Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը սկսվում է «Մենք` Միավորված ազգերի ժողովուրդներս» եւ ոչ այլ` «Մենք` ՄԱԿ-ի անդամ պետություններս» բառերով: Քաղաքացիական հասարակությունը, մեծամասամբ ներկայացված հասարակական կազմակերպությունների (հ/կ-ների) կողմից, կարեւոր դերակատար է ՄԱԿ-ում՝ այն պահից ի վեր, երբ աշխարհի հասարակական կառույցների պատվիրակները մասնակցեցին 1945թ.-ի Սան Ֆրանցիսկոյի գիտաժողովին, որի արդյունքում կազմվեց սույն Կանոնադրությունը: Սակայն տարիների ընթացքում ՄԱԿ-ի եւ «ժողովուրդների» կամ քաղաքացիական հասարակության միջեւ հարաբերությունները չամրացան եւ չընթացան համընթաց՝ համաշխարհային կառավարման փոփոխվող դինամիկային զուգընթաց:
Հ/կ-ները տրամադրում են տեղեկատվություն եւ փորձառություն ՄԱԿ-ին, ապահովում են կազմակերպության հանրային աջակցությունը: Ավելին, նրանք հանդիսանում են գործընկեր կառույցներ ծրագրերի իրականացման, համայնքների հետ կապի հաստատման գործում եւ հզոր ուժ քարոզարշավներում։ Սան Ֆրանցիսկոյի գիտաժողովից մոտ 7 տասնամյակ անց հ/կ-ների միջազգային հանրությունն ակտիվ դիրքեր է զբաղեցնում քարոզչական աշխատանքներում, ծրագրերի իրականացման գործում: Միջուկային զենքից մոլորակն ազատելու, բնապահպանական տեսանկյունից բարյացակամ միջավայր ստեղծելու հարցերից՝ մինչեւ աշխարհում ընչազուրկ մարդկանց առողջապահական տարրական ծառայությունների մատուցման, սեռերի իրավահավասարության քարոզելուն ուղղված խնդիրներ եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտներ. այսօր առնվազն կարելի է փաստել, որ հասարակական կառույցների աշխատանքը դարձել է բազմաբովանդակ: Շատերի համոզմամբ, նման ընդլայնված գործառույթներով եւ իրավասություններով, հ/կ-ներն արժանի էին ավելի նշանակալի դերի համաշխարհային քաղաքականության մշակման գործում: Այդուհանդերձ, քաղաքացիական հասարակությունը հաճախ դուրս է մղված որոշումների կայացման գործընթացից, եւ նույնիսկ ՄԱԿ-ում: Դժբախտաբար, գոյություն չունի որեւէ համընդհանուր, ֆունկցիոնալ գործընթաց կամ անգամ շփման մի եզր, որը կնպաստի հ/կ-ների մասնակցությանը ՄԱԿ-ի հետ երկխոսության եւ որոշումների կայացման գործընթացում: ՄԱԿ-ի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ հարաբերությունները ծայրահեղ բարդ են, կրում են մասնատված բնույթ, եւ առավել բարդ խնդիր է՝ հստակեցնել վերոնշյալ գործընթացներում հ/կ-ների ընդգրկման ուղիները: ՄԱԿ-ի յուրաքանչյուր կառույց շփումների իր անկախ շրջանակն ունի քաղաքացիական հասարակության հետ փոխհարաբերություններում, եւ յուրաքանչյուրն առաջարկում է տարաբնույթ մոտեցումներ հ/կ-ների ներգրավվածության հարցում: Նշվածն ավելի նկատելի է ՄԱԿ-ի կենտրոնակայաններում` Նյու Յորքում, Ժնեւում եւ այլուր, բայց այն առկա խնդիր է նաեւ ազգային մակարդակում եւ, հատկապես, զարգացող երկրների հ/կ-ների համար:

Քաղաքացիական հասարակության համար ՄԱԿ-ի տիրույթ մուտք գործելը ամենեւին դյուրին չէ, եւ ավելին, նշված տիրույթը փաստացիորեն փոքրանում է, ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով: ՄԱԿ-ի շենք մուտք գործելը եւ տեղի գիտաժողովներին մասնակցելն անգամ մշտապես եղել է խնդիր եւ շարունակում է մնալ հիմնական դժգոհության պատճառ, իսկ հանրության հետ գործընկերությանն ուղղված բյուջեի միջոցները կրճատվում են, համապատասխան պաշտոնները վերացվում: Ըստ էության, առավել կարեւոր է այն հանգամանքը, որ տեղեկատվության հասանելիությունը, ՄԱԿ-ի գործընթացներում ներգրավվելու հնարավորությունները, խոսելու եւ փորձով կիսվելու ունակությունը, գաղափարների եւ առաջարկների հանդեպ բաց լինելը եւ արդյունավետ փոխշփումները ՄԱԿ-ի անդամների ու դիվանագիտական հանրության հետ այսօր դարձել են առավել խուսափողական, քան երբեւէ: Առկա են շատ ավելորդություններ, իսկ անհրաժեշտ չափի համագործակցություն չկա:

Սա ամենեւին էլ ջանքերի գործադրման պակասից չէ: Թեեւ համակարգի որոշ հատվածներում փորձեր են արվում ներգրավելու քաղաքացիական հասարակությանը իմաստալից ձեւով, բայցեւ, ընդհանուր առմամբ, այդ փորձերը նկատելի արդյունքի չեն բերել: Ներկայումս առկա են համընդհանուր շփոթություն եւ դժգոհություն երկու կողմերում էլ, եւ տարածված է այն տպավորությունը, որ մեզանում առկա է բացթողնված հնարավորության զգացումը: Լավագույն դեպքում, այսպես կոչած՝ ՄԱԿ-քաղաքացիական հասարակություն համագործակցության ճշմարտացիությունը մակերեսային բնույթ է կրում եւ չի արտացոլում ժամանակակից գլոբալ գործելակերպի իրականությունը:
Ճշմարիտ է, որ վերոնշյալն, ամենեւին էլ, նոր մարտահրավեր չէ. այն բազմիցս արծարծվել եւ վերլուծվել է: Եվ ի՞նչ է սա, մի՞թե ժամանակի վատնում: Արդյո՞ք սա պարզապես այն լավագույնն է, ինչը կարող էր արվել` հաշվի առնելով ինստիտուցիոնալ սահմանափակումները: Համոզված ենք՝ ոչ։ Քանի որ ՄԱԿ-ն այսօր բարեփոխումների ճանապարհին է՝ առաջ քաշելով նոր նպատակներ, կարծում ենք, որ ճիշտ ժամանակն է եկել՝ գնահատելու, թե ինչպես է կազմակերպությունն ապահովում իր հարաբերությունները քաղաքացիական հասարակության հետ, եւ այս տեսանկյունից քարոզել առավել նպատակային մեխանիզմներ ու առավել կանոնակարգված գործընթացներ: Անհրաժեշտ են հետազոտություններ եւ վերլուծություններ ՄԱԿ-հ/կ-ներ հարաբերությունները գնահատելու, հիմնախնդիրը մատնանշելու եւ գործնական լուծումներ առաջարկելու համար:

Մենք դիմում ենք բոլոր անդամ պետություններին՝ այս լուրջ հիմնախնդրին ուշադրություն դարձնելու կոչով, եւ հորդորում տեղում ՄԱԿ-ի դեսպաններին, եւ ՄԱԿ-ի համակարգն առհասարակ՝ միջոցներ ձեռնարկել հասարակական կառույցների համար առավել նպատակային հարթակ ստեղծելու գործում: Միասնական վճռորոշությամբ է հնարավոր ստեղծել առավել ամուր հիմք համաշխարհային խնդիրների դեմ պայքարելու նպատակով՝ հրավիրելով «ժողովուրդներին» որոշումների կայացման սեղանի շուրջ:

Խմբագրականի
համաստորագրողներ՝

Բոնիան Գոլմոհամմադի- Գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնություն (ՄԱԿ ԱՀԴ)՝ շահույթ չհետապնդող համաշխարհային կազմակերպություն, որը ներկայացնում եւ համակարգում է 100-ից ավելի ազգային ասոցիացիաների եւ իրենց հետեւորդների անդամակցությունը:
Լուսիա Ալբերտի – Արգենտինայի ՄԱԿ-ի ասոցիացիայի նախագահ
Արմինե Պոդոսյան – ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ
Ռասսել Տրուդ – Ավստրալիայի ՄԱԿ-ի ասոցիացիայի նախագահ
Մարիո Գարներո – Բրազիլիայի ՄԱԿ-ի ասոցիացիայի նախագահ
Սիսսա Ուա Նումբե – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ՄԱԿ-ի ասոցիացիայի գլխավոր քարտուղար
Սանդեհ Մաինալի – Նեպալի ՄԱԿ-ի ասոցիացիայի ծրագրերի ղեկավար
Գրահամ Հասսալլ – Նոր Զելանդիայի ՄԱԿ-ի ասոցիացիայի նախագահ
Կարի Սոլհոլմ – Նորվեգիայի ՄԱԿ-ի ասոցիացիայի գլխավոր քարտուղար
Ալեքսանդր Գաբելիկ – ՄԱԿ-ի շվեդական ասոցիացիայի նախագահ
Ռիչարդ Տ. Բագումա – Ուգանդայի ՄԱԿ-ի ասոցիացիայի գլխավոր քարտուղար
Նատալի Սամարասինգե – Մեծ Բրիտանիայի ՄԱԿ-ի ասոցիացիայի գործադիր տնօրեն
Նորմա Ռոխաս Նոբրեգա – Վենեսուելայի ՄԱԿ-ի ասոցիացիայի նախագահ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031