Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության անվստահությունը` հրապարակի հետ միաժամանակ. «168 ժամ»

Հունվար 18,2014 11:08

Կառավարությանը անվստահության հայտնելու ոչ իշխանական ուժերի մտադրությունը մնում է ուժի մեջ, ուղղակի այն որոշվել է մի փոքր հետաձգել: Ընդ որում, պատճառը ոչ թե քաղաքական է, այլ տեխնիկական: Համենայնդեպս, այդպես են ներկայացնում ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները:

Խորհրդարանում ներկայացված ոչ իշխանական չորս խմբակցություններից երկուսի`ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ղեկավարները մեկնելու են Ստրասբուրգ մասնակցելու ԵԽ ԽՎ նստաշրջանին և Հայաստան են գալու միայն ԱԺ գարնանային նստաշրջանի սկսվելու ժամանակ: Արմեն Ռուստամյանի և Լևոն Զուրաբյանի հետ Ստրասբուրգում է գտնվելու նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր պետք է նախապատրաստեին անվստահության փաստաթուղթը, Հայաստանում չեն լինելու: Ըստ այդ ուժերի ներկայացուցիչների, անվստահություն հայտնելու մասին փաստաթուղթն ԱԺ-ում քննարկելու համար հնարավոր է հրավիրվի արտահերթ նստաշրջան, հնարավոր է, որ այն թողնեն փետրվարի 24-ին մեկնարկելիք հաջորդ քառօրյային:

Պարզ է, որ այս հիմնավորումը զուտ ձևական է, և ԵԽ ԽՎ նստաշրջանը որևէ կապ չունի անվստահություն հայտնելու փաստաթղթի պատրաստման կամ դրա քննարկումը հետաձգելու հետ: Այս փաստաթուղթը կարելի է պատրաստել մեկ օրվա ընթացքում, և ամենևին էլ պարտադիր չէ, որ հիշյալ անձինք անմիջականորեն մասնակցեն փաստաթղթի տեքստի կազմմանը: Ըստ ամենայնի, այս քաղաքական ուժերի ղեկավարները համարում են, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը փետրվարի 3-ին ԱԺ մտցնելը դեռևս վաղ է: Իսկ թե ինչու, փորձենք հասկանալ: ԱԺ ոչ իշխանական ուժերը խորհրդարանում չունեն մեծամասնություն` անվստահություն հայտնելու հարցն անցկացնելու համար: Դրա մասին գիտեն նաև իրենք: Չնայած դրան, նրանք մտադիր են այդ հարցը դարձնել քննարկման առարկա:

Այդ ուժերի ներկայացուցիչներն ասում են, որ, թեև իրենք հասկանում են, որ անվստահության հարցն իրենք չեն կարողանալու անցկացնել, սակայն իրենց այդ քայլով ցանկանում են ցույց տալ, որ իրենք ամեն ինչ անում են` «տնտեսությունը կործանման տանող վարչապետից ազատվելու համար», իսկ ահա ՀՀԿ-ական մեծամասնությունը համառորեն շարունակում է պաշտպանել Տիգրան Սարգսյանին և նրա ղեկավարած կառավարությանը:

Բայց սա այնքան էլ արժանահավատ բացատրություն չէ: Եթե ընդդիմությունը ցանկանում է հասարակությանը ցույց տալ, որ փորձում է ամեն կերպ հասնել վարչապետի հրաժարականին, սակայն դա իրենց չի հաջողվում, ապա որևէ իմաստ չկա հետաձգել այդ հարցի քննարկումը: Այդ իմաստով` միևնույն է, թե երբ կտապալվի անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:

Ոչ իշխանական ուժերն այսօր կազմակերպում են հանրահավաք: Չնայած ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն հրաժարվում են այդ հանրահավաքի կազմակերպման պատասխանատվությունից, սակայն, մեր տեղեկություններով, նրանք ակտիվորեն ներգրավված են դրա մեջ: Մասնավորապես` շրջաններից ավտոբուսներով Երևան են բերվելու հանրահավաքի մասնակիցներ` հանրահավաքը հնարավորինս բազմամարդ դարձնելու համար: Ոչ իշխանական կուսակցություններն ուզում են ցույց տալ, որ այսօրվա հանրահավաքն ինքնաբուխ հանրահավաք է, և այն, դրանով հանդերձ, բազմամարդ է: Պատկերացնո՞ւմ եք, թե այն ինչպիսին կլինի, եթե դրան միանան ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Եթե այսօրվա հանրահավաքը հաջողված լինի, ապա այն նոր հանրահավաքների կազմակերպման հնարավորություն կտա:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամն կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031