Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորվաթները հայ երաժշտությունը սիրելու պատճառ ունեն

Հունվար 18,2014 14:05

Ազգային օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը ինչ-ինչ «փակագծեր բացեց»

Ըստ խորվաթ մասնագետների վերջին շրջանի հետազոտությունների, մինչեւ 5-6-րդ դարերը իրենք ապրել են Հայկական ու Պարսկական բարձրավանդակներում, որից հետո երկար «ճանապարհորդելուց» հետո՝ 7-րդ դարում հաստատվել են Ադրիատիկ ծովի ափին: Դա եւս մեկ պատճառ է, որ խորվաթներին հոգեհարազատ են հայկական մեղեդիներն ու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս մասին «Առավոտին» հայտնեց Ազգային օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը, ով անցյալ տարեվերջին Դուբրովնիկի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգներ է ունեցել Խորվաթիայի 5 քաղաքներում:

Փոքր-ինչ շեղվելով թեմայից, դիրիժորը հայտնեց, որ ժամանակին Դուբրովնիկ քաղաքը հանդիսացել է անկախ հանրապետություն, որը առեւտրական սերտ կապեր է ունեցել Կիլիկյան Հայաստանի հետ: Իսկ Դուբրովնիկի պահապան հրեշտակը ծագումով հայ Բարդուղիմեոս սուրբն է, որի պատկերներով զարդարված է ողջ քաղաքը: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե Դուբրովնիկն ունեցել է յուրօրինակ կառավարում, որտեղ բացառվել է կաշառակերությունը: Նրա հավաստմամբ՝ «այս քաղաք-պետության ղեկավարները պաշտոնավարել են ոչ թե տարիներ, այլ 3-4 ամիսը մեկ փոխարինել են միմյանց, ընդ որում՝ յուրաքանչյուրը ջանացել է իր ուժերը ներդնել քաղաքի բարօրության համար, որպեսզի պաշտոնավարությունից հետո պարզերես երեւան մարդկանց»:

Անդրադառնալով Դուբրովնիկի նվագախմբի հետ ունեցած համերգներին, Հարություն Արզումանյանն ասաց նաեւ, որ իրեն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Արամ Խաչատրյան» հիմնադրամը: Համերգային ծրագրերում էլ ընդգրկված են եղել ոչ միայն եվրոպական ու խորվաթ, այլեւ հայ հեղինակների ստեղծագործություններ, մանավանդ՝ Խաչատրյան, քանի որ 2013-ը հայտարարված էր Խաչատրյանական տարի. «Խորվաթական մամուլում տեղ գտած նվագախմբի երաժիշտների, մասնագետների դրական արձագանքների արդյունքում այս տարի դարձյալ հրավիրված եմ Խորվաթիա: Այս անգամ նվագախմբի արտիստների ու տնօրինության խնդրանքով ներկայացնելու ենք ավելի շատ հայ հեղինակների գործեր: Տարվա ընթացքում ունեմ նաեւ համերգային տուրնե Իտալիա, որի ընթացքում ղեկավարելով Լադիսպոլ քաղաքի նվագախումբը, մասնակցություն կունենամ այդտեղ ավանդաբար անցկացվող «Ամառային փառատոնին»:

Այլ հրավերներ նույնպես ունեմ, բայց դրանք գտնվում են բանակցային փուլում»:
Անդրադառնալով Ազգային օպերային թատրոնում իր գործունեությանը, դիրիժորը տեղեկացրեց, որ այսօր եւ հունվարի 20-ին, երկարատեւ ընդմիջումից հետո, ինչը կապված էր թատրոնի բեմի տեխնիկական վերազինման աշխատանքների հետ, ղեկավարելու է Վերդիի «Աիդան»: Հարություն Արզումանյանն անցյալ տարի Երեւանում պետական ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի հետ իրականացրեց համաշխարհային գլուխգործոցների պրեմիերաներ, այդ թվում՝ Բեթհովենի «Արքա Ստեֆան», «Աթենքի ավերակները» նախերգանքները, Մոցարտի 33-րդ սիմֆոնիան, Սիբելիուսի «Սագա» սիմֆոնիկ պոեմը, Ռիխարդ Շտրաուսի «Վարդերի ասպետը» օպերայի նշանավոր տերցետը, ինչպես նաեւ առաջին մեկնաբանը հանդիսացավ Վարդ Մանուկյանի, Վահրամ Բաբայանի ստեղծագործություների:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031