Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխական» պասիվությո՞ւն. «Հայոց աշխարհ»

Հունվար 18,2014 10:10

Այսօր նախատեսված համատեղ հանրահավաքին ընդառաջ, երեկ ԱԺ-ում խորհրդակցել են ոչ իշխանական չորս ուժերի՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման դեմ հանդես եկող «Դեմ ենք» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) նշել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են կազմակերպչական հարցեր. «Քննարկվել է նաեւ նախաձեռնող խմբի «Հանրային պահանջ» հայտարարության տեքստը՝ ուղղված Սահմանադրական դատարանին: Խոսքը մինչեւ հունվարի 25-ը ՍԴ-ի կողմից օրենքը կասեցնելու հիմնավորման մասին է»:

Հարցին, թե արդյոք ուժի մեջ է բոլոր չորս խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը հանրահավաք-երթին, Արծվիկ Մինասյանը պատասխանել է, որ բոլորն էլ մասնակցելու են, բոլորն էլ ելույթներով են հանդես գալու, այդ թվում նաեւ ինքը:

Դե ինչ, արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիր կամ ինչպես հիմա ընդունված է ասել՝ ոչ իշխանական ուժերը լրջորեն են նախապատրաստվում այս քաղաքական տարվա իրենց անդրանիկ խոշոր միջոցառմանը՝ համատեղ հանրահավաքին։
Մինչեւ վերջերս տեսակետներ էին շրջանառվում, թե կուտակայինի դեմ պայքարի հողի վրա ընդդիմադիր ուժերը կարող են համախմբվել (հասկանալի է, «Բարգավաճն» էլ իրենց հետ) եւ ավելի լայն խնդիրներ առաջադրել: Մասնավորապես խոսվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարց բարձրացնելու հավանականության մասին: Բայց կարծես այս անգամ էլ այդ տպավորություններն ու խոսակցությունները մնում են զուտ արտաքուստ ու նաեւ խաբուսիկ տպավորություններ, ընդամենը տեսակետներ:

Ինչ վերաբերում է այսօրվա հանրահավաքին, ապա դժվար չէ նկատել, որ անցած օրերին նշված չորս ուժերն առանձնապես մեծ ջանքեր չգործադրեցին հնարավորինս բազմամարդ հանրահավաք անցկացնելու, իրենց կազմակերպած միջոցառումը «գովազդելու» կամ, ինչպես իրենք են սիրում ասել՝ իրազեկման համար: Այդ առումով, թերեւս ամենից աղմկոտ միակ նկատելի քայլը քաղաքացիական նախաձեռնության անդամներն իրենք ձեռնարկեցին: Խոսքը նախօրեի ավտոերթի մասին է, երբ 1,5 ժամ նրանք «պտտվում» էին Հանրապետության հրապարակում:

Ճիշտ է, բոլոր չորս կուսակցությունների ներկայացուցիչներն էլ այսօր հնարավոր է ճառ ասեն: Սակայն իրենք էլ չեն կարող չժխտել, որ հենց  իրենց կուսակցությունների ղեկավար մարմիններում, չենք խոսում արդեն համակրող շրջանակների մասին, բավական տարամետ մոտեցումներ կան ջանքերը համատեղելու եւ համագործակցված հանդես գալու առնչությամբ:

Այստեղ հիմնական խնդիրները, ի դեպ, հարուցում է ոչ իշխանականների մեջ ամենից խոշոր խմբակցությունն ունեցող ԲՀԿ-ն: Այդպես էլ չկողմնորոշվելով իշխանություն թե ընդդիմություն լինելու հարցում, մի շարք «իշխանամետ» ԲՀԿ-ականներ կարծես այնքան էլ ոգեւորված չեն «ընդդիմամետ» կուսակիցների հանրահավաքային ակտիվությունից: Ըստ որում, պարտադիր կուտակային կենսաթոշակայինի դեպքում դեռ քիչ թե շատ հանդարտ կամ դրսի համար աննկատ են անցնում ԲՀԿ-ականների ներքին տարաձայնությունները:

Բայց ոչ մի երաշխիք չկա, որ մյուս ուժերի կողմից ավելի սուր հարցեր առաջ քաշելու եւ դրանք միասին պաշտպանելու դեպքում այդ տարաձայնություններն ավելի ցայտուն ու հրապարակային կդառնան:

Մյուս կողմից՝ իրազեկման պահը էական է այնքանով, որ կուտակայինի դեմ բողոքողները որքան էլ ինքնակազմակերպված, բայց հանրության համեմատաբար փոքրաթիվ խմբի ներկայացուցիչներ են: Այնինչ եթե ընդդիմադիրները կամենում են հասնել նրան, որ իշխանություններն այս հարցում, ասենք այսպես՝ փոխզիջման գնան, տրամաբանորեն պետք է փորձեն, կամ պիտի փորձեին հնարավորինս շատ մարդ ապահովել հանրահավաքին:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031