Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳՈՂ ԹՌՉՈՒՆԸ

Հունվար 18,2014 13:59

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Սկիզբը

3. Բարսելոնայի երեք սրտերը
Սկիզբը՝ նախորդ համարում

Ինչպես Մադրիդում, այնպես էլ Բարսելոնայում դժվար է զանազանել, թե ո՞րն է քաղաքի գլխավոր փողոցը կամ հրապարակը: Բարսելոնայում մի քանի մեծ հրապարակներ եւ մայրուղիներ կան: Իսպանիայի հրապարակը՝ Պլացա դե Իսպանիան, 34 հազ. քմ մեծությամբ, կառուցված 1929 թ. Բարսելոնայում բացված Միջազգային ցուցահանդեսի ժամանակ, Մադրիդի համանուն հրապարակից հետո մեծությամբ երկրորդն է ողջ Իսպանիայի տարածքում: Իսպանիայի հրապարակի հետ են հատվում Բարսելոնայի հիմնական մայրուղիները: Դրանցից ամենահայտնին Գրան Վիան է՝ 13 կմ երկարությամբ: Հրապարակի երկու բարձր տուֆակերտ, սրածայր քարե սյուները համարվում են քաղաքի դարպասները: Իսպանիայի հրապարակը ողջ շքեղությամբ երեւում է հատկապես Ազգային պալատի բարձունքից:

Բարսելոնան կարծես մի քանի սիրտ ունի, եւ դրանցից մեկն էլ գտնվում է նոր քաղաքում: Սկիզբ առնելով Կատալոնիայի հրապարակից՝ նոր քաղաքը՝ մոդեռնիզմի եւ նեոգոթական ճարտարապետական ոճով, ամփոփված է Էշամպլե թաղամասում: Թաղամասի գլխավոր փողոցը Դիագոնալն է: 19-րդ դարում կատալոնացի մեծահարուստներն այստեղ կառուցում են իրենց առանձնատները, որոնք առանձնակի շքեղություն են հաղորդում Էշամպլեին: Պուչի Կադաֆալկի, Դոմենիկ Մոնտաներեի, Անտոնի Գաուդիի ճարտարապետական նախագծերով կառուցված առանձնատները Բարսելոնայի անկրկնելի ճարտարապետության կարեւոր մասն են կազմում: Գաուդիի Կասա Միլան նման է հսկայական ժայռի, իսկ Բատլոյի տան տանիքը՝ ծովի ալիքի:

Էշամպլեն համարվում է թանգարան բաց երկնքի տակ. այստեղ է Բարսելոնայի խորհրդանիշը եւ Անտոնի Գաուդիի ճարտարապետության բարձրակետը համարվող աշխարհահռչակ Սուրբ Ընտանիքի տաճարը՝ Սագրադա ֆամիլիան: Այն միանգամայն արժանի է իր հռչակին, թեպետ, անկեղծ ասած, Եվրոպայում ինձ համար ամենատպավորիչն ու ազդեցիկը Քյոլնի տաճարն է, հետո՝ Վիեննայի Սուրբ Ստեփանոսի տաճարը, ապա՝ Փարիզի Նոտր Դամը, Սագրադա ֆամիլիան ես դասում եմ չորրորդ տեղում: Սագրադա ֆամիլիայի հսկայական հերթը նման է ներշնչանքի, որը չգիտես, թե ինչով կավարտվի: Հինգ օրվա ընթացքում քառակի անհաջող փորձերից հուսահատ՝ հրաժարվում ենք տաճար մտնելու՝ գրեթե սեւեռուն դարձած մտքից: Բարսելոնայի մամլո շրջայցի վկայականն էլ չի օգնում. այստեղ առանձին մուտքով կարող են մտնել միայն մի քանի շաբաթ առաջ ամրագրված տոմսով: Մուտքի եւ աշտարակ բարձրանալու տոմսերը միասին արժեն մոտ 40 եվրո: Տոմսերի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է դեռեւս անավարտ տաճարի շինարարությանը: Իր կյանքի 43 տարիները տաճարի կառուցմանը նվիրած Գաուդին այդպես էլ չտեսավ այն ավարտուն տեսքով. տաճարը ցայսօր անավարտ է:

Անտոնի Գաուդիի անունն անբաժան է Բարսելոնայից: Գաուդին այստեղ ամենուր է, նրա ոգով եւ շնչով է լցված ողջ Բարսելոնան: Գաուդիի ճարտարապետությունն արտասովոր է, բացակայում են ուղիղ գծերը: «Նա կամ խելագար է, կամ հանճար»՝ Գաուդիի ավարտական թեզի պաշտպանության ժամանակ բացականչել է հանձնաժողովի անդամներից մեկը: Գաուդիի ստեղծագործական կյանքում մեծ դեր է խաղում մեծահարուստ արդյունաբերող կոմս Էուսեբիո Գուելին, ով էլ դառնում է նրա ճարտարապետական նախագծերի հովանավորը:

Գաուդիի նախագծած Գուելի զբոսայգու կառուցման աշխատանքները սկսվել են 1901-ին: Քաղաքի աղմուկից հեռու 17 հեկտար կանաչ տարածքում նախագծված առանձնատները նախատեսված են եղել վաճառքի համար, սակայն գնորդներ չեն եղել: Գուելի առաջարկով Գաուդին ինքն է ձեռք բերել դրանցից մեկը եւ ապրել այնտեղ մինչեւ 1925 թվականը: Ֆինանսական դժվարությունների պատճառով Գուելի ժառանգները զբոսայգին վաճառում են քաղաքապետարանին, որն էլ այն վերածում է քաղաքային զբոսայգու: Գուելի զբոսայգին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 2013 թ. ամառը վերջինն էր, երբ զբոսայգու մուտքն անվճար էր, աշնանից մուտքը դարձավ վճարովի:
Գլխավոր մուտքի մոտ վարչակազմի համար կառուցված կապույտ-սպիտակ կերամիկական խճանկարներով շենքն է: Մուտքից երկկողմանի աստիճանները բարձրանում են դեպի տեսադիտման հրապարակ, որտեղից Բարսելոնան երեւում է իր ողջ հմայքով: Ահա վիշապի տեսքով նստարանը, ահա հանրահայտ «Թռչնի բույնը», ահա Սյունազարդ սրահը: Օրվա ամենաշոգ ժամն է, Կատալոնիայի օգոստոսյան արեւն անխնա այրում է, սակայն զբոսաշրջիկների հոսքը չի դադարում: Արեւն ու մարդկանց հոսքը ստիպում են մեզ ավելի ու ավելի բարձրանալ եւ խորանալ զբոսայգում: Բազմաթիվ կածանները, բարձր արմավենիները, թռչունների ձայնը կանչում են, ինչպես կախարդական հեքիաթում: Գաուդիի ճարտարապետական մտածողությունն անկրկնելի է. միայն իր ներսում հեքիաթը պահպանած մարդը կարող էր ստեղծել նման զբոսայգի:
Կյանքում ժուժկալ եւ ինքնամփոփ, ստեղծագործելիս՝ արտասովոր Գաուդիին 1926 թ. հունիսի 7-ին եկեղեցի գնալիս տրամվայը վթարի ենթարկեց: Առանց փողի եւ փաստաթղթերի, գիտակցությունը կորցրած Գաուդիին տեղափոխում են աղքատների հիվանդանոց, ուր նրան ոչ ոք չի ճանաչում եւ միայն 1-ին օգնություն են ցուցաբերում: Միայն հաջորդ օրը նրան ճանաչում է Սագրադա ֆամիլիայի քահանան: Երեք օր անց աշխարհահռչակ ճարտարապետը մահանում է: Գաուդին իսպանական ճարտարապետությանը հաղորդեց այն ինքնատիպությունը, որը տարբերում է Բարսելոնան ողջ Եվրոպայում:

Գուելի զբոսայգի մենք այցելեցինք Բարսելոնայում մեր գտնվելու վերջին օրը. նույն օրը կեսգիշերին մոտ Բարսելոնայից մեկնելու էինք Մադրիդ: Բարսելոնայից Մադրիդ ընթացող ավտոբուսի պատուհանները փակ են, ներսում աղմուկ է, սակայն ես շարունակ լսում եմ կեսգիշերային Բարսելոնայի թռչնի երգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Պարոն Աբրահամյան եւ տիկին (հուսամ չեմ սխալվում) Իսրայելյան….

    Ինչու եք տպագրում այսպիսի նյութեր, հայաստանցի ընթերցողին դրանք ինչ???? Նարինե Մկրտչյանին ճանաչումեմ հեռվից ու առանձնապես տպավորված չեմ իր մշտապես աղմկոտ գործունեությունից… Ասենք թե եղել է Բարսենոլայում, հետո???? Ես էլ եղել եմ Թբիլիսիում….. Թերթին եւ ընթերցողին դա ոչինչ չի տալիս… Այ Նարինեն իրեն լավ է զգում….

  2. Վահան says:

    Հա էլի, ՀՀ քաղաքացին շատ ճիշտ ա ասում….իմաստը որն ա…ասելիքի պակասն ա դրանով լրացվում, թե ինչ….ուրիշ բան, եթե Հայաստան աշխարհը ներկայացվի….

  3. Ալբերտ says:

    Ըտենց քոռ-քոռ էլ գնացիք մտաք Մաքսային միություն: Դուք ու ձեր պես մարդիկ են ասում, Եվրոպան ի՞նչ ա որ, սաղ գոմիկներ են: Եվրոպան էս լավ հոդվածն ա: Ու էդ ձեր գրած քոմենտեներով Հայաստան աշխարհը ռաբիս հայերեն կլկլոցն ա ու մարշուտնու չթրաշված շոֆերը: Դրանից դենը դուք հերիք չի բան չգիտեք, չեք էլ ուզում իմանալ:

  4. Կարեն Վարդանյան says:

    Հետաքրքիր հոդված էր մշակութային արժեքների անձնական ընկալման տեսակետից: Անշուշտ, սա կարևոր է: Սակայն լավ չէ, որ չի կատարվել անդարադարձ նորամուծություններին և ժամանակակից երևույթներին, տեխնիկական լուծումներին:

  5. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելի Ալբերտ եւ Կարեն Վարդանյան…

    Հավատացեք ես Եվրոպայի մասին շատ բան գիտեմ, ավելի քան այս հոդվածի հեղինակը….. Սա Եվրոպա գնացածի տպավորություն է եւ միայն…եթե ձեր ասած գոմիկանոց գնար` դրա մասին կգրեր…. Եվրոպան այս կերպ չի որ ճանաչելի են դարձնում…..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031