Լրահոս
Օրվա լրահոսը

1990թ․ հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի եւ դրանց հաջորդած՝ զորք մտցնելու վերաբերյալ ճշմարտության խեղման՝ ադրբեջանական իշխանությունների քաղաքականության մասին

Հունվար 17,2014 21:47

2014 թ. հունվարին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 24-րդ տարեդարձը: Այդ ողբերգական իրադարձությունները կազմակերպել էր Ադրբեջանի ժողովրդական ճակատը` Ադր. ԽՍՀ և ԽՍՀՄ ղեկավարության հանցավոր թողտվության պայմաններում: Ադրբեջանի մայրաքաղաքում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր: Բաքվի փողոցներում նրանց վրա բենզին էին լցնում և մոլեգնած ամբոխի ծափահարությունների ներքո կենդանի հրկիզում, անպաշտպան երեխաներին, կանանց ու ծերերին տների բարձր հարկերից դուրս էին նետում` բնակարանների և ունեցվածքի զավթմամբ և այլն: Բաքվի հայ համայնքը, որի թվաքանակը 1988 թ. կազմում էր մոտավորապես 300 հազ. մարդ, և որը կարևոր դեր էր խաղում Ադրբեջանի տնտեսական ու մշակութային կյանքում, դադարեցրեց իր գոյությունը, նրա մազապուրծ եղած ներկայացուցիչները, կորցնելով ամեն ինչ, դարձան փախստականներ: Գազանաբարո ադրբեջանցի ջարդարարների զոհ դարձան, բացի հայերից, ռուսները, ուկրաինացիները, հրեաները, ինչպես նաև այն ադրբեջանցիները, որոնք խիզախություն ունեցան փրկելու առանձին հայերի:

Մարդկայնության դեմ այս սահմռկեցուցիչ հանցագործությունները չդատապարտվեցին: Ավելին. Ադր. ԽՍՀ ղեկավարությունը, գործելով կենտրոնական իշխանությունների հետ հանցավոր համաձայնությամբ, հրաժարվեց այդ ոճրագործությունների հետաքննությունից: Բաքուն հրաժարվեց հունվարյան իրադարձությունների վերաբերյալ արխիվային նյութե­րի հրապարակումից և հետագայում` հայր ու որդի Ալիևների օրոք, հարկ չհամարեց գոնե ձևականորեն որևէ մեկի պատասխանատվության ենթարկել և քրեական գործ հարուցել:

Պաշտոնական Բաքուն շարունակում է պատմության կեղծարարության նպատակաուղղված քաղաքականությունը` փորձելով, ստորաքարշելով հակառուսական տրամադրություններին, նշված իրադարձությունները ներկայացնել որպես «ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը միութենական կենտրոնի կողմից արյան մեջ խեղդելու ինքնանպատակ փորձ»: Մինչդեռ տվյալ դրույթը հակասում է պատմական փաստերին և տարրական տրամաբանությանը, ինչի վկայությունն են 1991 թ. մարտի 17-ի համամիութենական հանրաքվեի արդյունքները, ըստ որոնց` Ադր. ԽՍՀ բնակչութ­­յան 70 %-ից ավելին արտահայտվեց հօգուտ միութենական պետության պահպանման:

ԱդրՀ․ ղեկավարության կեղծարարական քաղաքականության բնութագրական դրսևորում է «Հունվարի 20-ի ողբերգության 24-րդ տարեդարձի կապակցությամբ միջոցառումների պլանը», որը վերջերս հաստատեց Ադրբեջանի Հանրապետության Նախագահի վարչակազմի ղեկավարը: Դրա հիմքում հանցագործ պետության անմիջական իրավահաջորդի փորձն է ցեղասպանությունների զոհերի հիշատակման ավանդույթի և ծեսերի օգտագործմամբ թաքցնելու 1990 թ. հունվարին Բաքվի խաղաղ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ժողովրդական ճակատի ջարդարարների իրագործած զանգվածային գազանությունների մասին սարսափելի ճշմարտությունը: Դրանով իսկ ցինիկորեն մի նժարի վրա են դրվում զոհերն ու նրանց դահիճները, որոնցից շատերը ներկայումս էլ առանցքային դեր ունեն Ադրբեջանի Հանրապետության քաղաքական կյանքում:

Տվյալ մոտեցումը օրգանապես բխում է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղա­քականությունից, որի ակնառու օրինակ է ԱդրՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի նիստում Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը կկիրառի իր ռազմական մեքենան, եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար Բաքվի կողմից պարտադրված միակողմանի զիջումների գնալուց: Միևնույն ժամանակ, Բաքվի իշխանությունների կողմից հրահրվող սպառազինությունների մրցավազքն ստիպում է հայկական կողմերին ձեռնարկել ուժերի երաշխավորված հաշվեկշռի պահպանմանն ուղղված միջոցներ: Մինչդեռ Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ բանական ուղին են` ՀՀ-ի, ԼՂՀ-ի և ԱդրՀ-ի միջև ստեղծել փոխվստահության մթնոլորտ` հիմնված, ինչպես առաջարկվել էր Պաղեստինա-իսրայելական հակամարտության դեպքում, ԼՂՀ և ԱդրՀ փոխադարձ ճանաչման վրա, և բանակցությունների գործընթաց որպես լիիրավ կողմի վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ստեղծվել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման մասին» ԽՍՀՄ վերակառուցումային օրենքին համապատասխան` նախքան ԽՍՀՄ պաշտոնական լուծարման մասին Ալմա Աթայի հռչակագրի ստորագրումն անցկացված օրինապատշաճ հանրաքվեի արդյունքներով:

Հարգանքի տուրք մատուցելով հունվարյան ջարդերի ու կոտորածի անմեղ զոհերի հիշա­տակին` Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիան դատապարտում է 1990 թ. հունվարին հայերի կոտորածի, ինչպես նաև դրան հաջորդած` զորք մտցնելու մասին ճշմարտության խեղման ԱդրՀ ղեկավարության պղծաբարո քաղաքականությունը և միջազգային հանրությանը կոչ է անում չենթարկվելու ադրբեջանական իշխանությունների քարոզչական հերյուրանքներին ու ձեռնածություններին: Հայաստանի քաղաքական գիտութ­յան ասոցիացիան ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական Միության, ԵԱՀԿ,  այդ կազմա­կերպությունների անդամ պետությունների ղեկավարների և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների ուշադրությունը հրավիրում է պատմական ճշմարտության չարանենգ ու հիմնահատակ խեղման անթույլատրելիության վրա, խեղում, որն ուղեկցվում է Բաքվի 1990 թ. հունվարի արյունալի իրադարձությունների իսկական զոհե­րի հիշատակի պղծմամբ: Մենք նաև դիմում ենք Ադրբեջանի ժողովրդի բոլոր ազնիվ որդիներին ու դուստրերին կոչով` սթափ գնահատել իրենց իրական պատմությունը` դրանով իսկ ճանապարհ հարթելով Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման և հայ ու ադրբեջա­նական ժողովուրդների միջև միջազգային իրավունքի նորմերի ու համամարդկային արժեքների հիման վրա կայուն խաղաղության հաստատման համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Այս հարցերին անդրադառնալը լավ առիթ է Գարբաչովին հայատյաց որպես ճանաչելու եւ նրան հայ ժողովրդի թշնամիների շարքին դասելու համար…..ճիշտ թուրքերի նման…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031