Իջեւան քաղաքի բնակիչ, 1975 թ. ծնված Արման Հոմերոսի Խոստիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. ապրիլին Երեւանի ավտոշուկայի տարածքում իրեն անծանոթ անձից 1000 ԱՄՆ դոլարով գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, Երեւան քաղաքի բնակիչ Հայկ Նավասարդյանին պատկանող, 2013թ. մարտի 30-ին գողացված «Վազ 211030» մակնիշի ավտոմեքենան: 2013թ. մայիսի սկզբին Իջեւան քաղաքում մեքենայի թափքի նույնացման համարը զոդման միջոցով ենթարկվել է փոփոխության, եւ Ա. Խոստիկյանը 4000 ԱՄՆ դոլարով այն վաճառել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ Սերյոժա Քամալյանին՝ վերջինիցս թաքցնելով իր կողմից կատարված կեղծիքը:
Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա. Խոստիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(« Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը, որը կատարվել է խոշոր չափերով») եւ 325 հոդվածի 1-ին կետով(«Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, հերթական նիստը նշանակված է հունվարի 21-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ