Հունվարի 13-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղում պայմանագրային զինծառայող, 28-ամյա Հովսեփ Իսրայելյանը խանդի պատճառով խեղդամահ է արել իր կնոջը՝ 26-ամյա Հասմիկ Զաքինյանին: Հովսեփ Իսրայելյանը կալանավորված է, ընտանիքի երկու զավակները՝ 6-ամյա աղջիկը եւ 4 տարեկան տղան ներկայումս գտնվում են Տավուշ գյուղում՝ Հովսեփի հորաքրոջ տղայի տանը:
Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանից տեղեկացանք, որ հունվարի 26-ին Սոչիից Տավուշ է ժամանելու Հովսեփի հայրը՝ 51-ամյա Բորիկ Իսրայելյանը: Վերջինս մասնակցելու է իր հոր մահվան տարելիցի արարողությանը, նաեւ զբաղվելու է որբ մնացած թոռների խնամակալությունը ստանձնելու գործով, այդ առթիվ հանդիպելու է Հասմիկ Զաքինյանի ծնողների հետ: Տավուշի գյուղապետը հայտնեց, որ Հովսեփի մայրը վաղ է մահացել, դրանից հետո Բորիկը համերկրացու հետ ամուսնանալով՝ տեղափոխվել է Ռուսաստան: Մոտ 7 տարի առաջ Հովսեփն իր կնոջ հետ տեղափոխվել է հոր մոտ, շուրջ 2 տարի առաջ աշխատել Սոչիում, նրա դուստրը ծնվել է այնտեղ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ