Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ

Հունվար 17,2014 17:53

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր` պայմանավորված նոր ֆինանսական տարվա մեկնարկով:

Ա. Գեւորգյանը կարեւորեց սեղմ ժամկետներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` հաշվի առնելով, որ կառավարության վերջին նիստում արդեն ընդունվել են համապատասխան որոշումները, մասնավորապես` հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման լրամշակված բանաձեւը: Նա միաժամանակ հորդորեց հետեւողական լինել, որպեսզի թե մարզպետարանների, եւ թե համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատավարձերի վճարումների ուշացումներ չլինեն:
Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր 2014 թ-ին կառավարության կողմից հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի, ինչպես նաեւ սերմացուի հատկացման ծրագրերին եւ դրանց իրականացման մեխանիզմներին: Մարզպետները ներկայացրեցին մարզերում առկա պահանջարկի վերաբերյալ տվյալներ: Անդրադարձ եղավ նաեւ ծրագրերի իրականացման մեխանիզմների արդյունավետության խնդրին:

Ա. Գեւորգյանը մարզպետներին առաջարկեց մեկ անգամ եւս տեղերում` համայնքների ղեկավարների, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել աջակցության մեխանիզմների արդյունավետությունը եւ սեղմ ժամկետներում առաջարկություններ ներկայացնել, որպեսզի կառավարությունը կարողանա ժամանակին իրագործել ծրագրերը:

Քննարկվեցին նաեւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից մարզերում իրականացվող աշխատանքներին, գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Կարեւորելով նշված կենտրոնների առկայությունը` միաժամանակ նշվեց դրանց գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաեւ արտերկրում գործող նմանատիպ կառույցների դրական փորձը:
Մարզպետների հետ խորհրդակցությունից հետո փոխվարչապետն աշխատանքային հանդիպում ունեցավ Կապանի, Գավառի եւ Աշտարակի քաղաքապետների հետ, մասնակցում էին նաեւ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզպետները:
Քննարկվեցին նշված համայնքների 2014թ. բյուջեներին եւ դրանց կատարմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը Գեղարքունիքի մարզպետի եւ Գավառի քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց նաեւ «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի կողմից իրականացված վերջին ուսումնասիրության վրա, որում ամփոփված են մարզի մի շարք համայնքներում, այդ թվում` Գավառում, կատարված հետազոտությունների արդյունքները: Նա առաջարկեց ծանոթանալ հետազոտությանն ու արձանագրված նկատառումները հաշվի առնել հետագա աշխատանքներում:

Քննարկվեցին նաեւ քաղաքային համայնքներում իրականացվող ծրագրերին առնչվող եւ ընթացիկ այլ հարցեր:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031