Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին վաճառվում 400 դոլարով

Հունվար 17,2014 17:29

«Հավանականություն կա, որ հունվարի 18-ին կազմակերպված երթի արդյունքում կվերանայվի նաև գազի գնի հարցը»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Bostanjyan_0222

Գազային վերջին զարգացումներին և գազի գնի ձևավորման հարցին անդրադառնալով՝ պարոն Բոստանջյանը այսպիսի պարզ բանաձև ներկայացրեց. «ՌԴ նախագահը գազի գնի կտրվածքով ասել է, թե մենք ձեզ 1000 խմ գազը  սահմանին հասցնում ենք 189 դոլարով`ՌԴ ներքին սպառման գներով, գնացեք, ձեր հարցերը լուծեք: Եթե մենք դա սպառման համար տալիս ենք 400 և ավելի, ապա պարզ է այն, որ 200 տոկոսից  ավելի մեր սպառողի մոտ գազը թանկանում է: Այդ ոնց եղավ այդպես: Առավել ևս այն պարագայում, երբ տևական ժամանակ շատ թաքուն են պահվել ընդհանրապես գազային հարաբերությունները: Որևէ մեկը որևէ բան գիտի՞: Եթե գիտի, թող ասի: Հենց իշխանության համար էլ պարզ չէ: Պարզ չէ նաև այն, թե այդ պարտքը պարտք է, թե`փուչիկ»:

Tatul-Manasaryan

Aravot.am-ը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեց` իր գնահատմամբ, ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին հասնում 400 դոլար սակագնով: Նա պատասխանեց. «Դեռ գարնանը մենք «ՀայՌուսգազարդին»  պահանջ էինք ներկայացրել, որ թափանցիկ հաշվարկ ներկայացնի, թե ինչ ծախսեր կան, ինչպես է ձևավորվում իրենց շահույթը, ինչպե՞ս է սահմանից ստացված սակագինը գրեթե կրկնապատկվում` հասնելով սպառողին: «ՀայՌուսգազարդի» կողմից հիմա խոշոր ներդրումներ չեն կատարվում, խոշոր ծախսեր չկան: Բայց պատասխան չենք ստացել: Հարցրեք, միգուցե Ձեզ պատասխանեն»:

«ՀայՌուսգազարդից» պարզաբանում ստանալ մեզ այդպես էլ չհաջողվեց: Սակայն պատրաստ ենք հրապարակել նաև նրանց տեսակետը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Իմ կարծիքով շարքային քաղաքացին երբեք չի կարող իմանալ, թե իրականում պետությունները իրարից ինչ գնով եւ ինչ պայմաններով են առնում այս կամ այն ապրանքը: Ես չեմ կարող հիմք ընդունել գազի ոչ 189 դոլար գինը, ոչ էլ որեւէ այլ գին: Ոչ էլ կարող եմ իմանալ, թե արդյոք տեղի են ունեցել թանկացումներ, թե ընդհակառակը` էժանացել է գազը: Պետք էլ չի որ դրանք իմանամ: Ես գիտեմ այն, թե ես ինչքան եմ վճարելու այն գազի համար, որը գնվել է 189, կամ -189, կամ 1890 կամ -1890 դոլարով: Ու այս պարագայում հեչ էական չէ, թե ինչպես է 189 դոլարը դառնում 400: Էնքան հիմնավորում ասեն, որ զահլա տանեն: Էականն այն է, որ գազը չպետք է հավասարեցվի սնիկերսին, որ չես ուզում, մի առ: Գազը ռազմավարական ապրանք է այսօրվա դրությամբ ու ներկրողը չպետք է բիզնես անի դրանով: Եթե դա պետությունն է, ապա իր միջոցների հաշվին պետք է մատչելի դարձնի գազը, եթե այլ անձ է, ապա դարձյալ պետությունը նրան պետք է փոխհատուցի, եթե ներկրողը վնաս պիտի կրի: Թե չէ մեզ ինչ, թե ինչքան են վճարում սահմանին կամ ուրիշ տեղ: Ու այսպես նաեւ հոսանքը պետք է լինի: Այս ֆոնի վրա շատ լավ կլիներ անդրադառնալ նաեւ գազի սպասարկում կոչված անհեթեթությանը: Նման վարձ չպետք է լինի, ինչպես չկա հաց վաճառելու սպասարկման վարձ, հոսանքի, ջրի սպասարկան վարձ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031