Լրահոս
Օրվա լրահոսը

Մանիպուլյացիա՞, թե՞ կարևոր է, որ Ռոբերտ Քոչարյանին չմոռանան (Տեսանյութ)

Հունվար 17,2014 17:14

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` շարունակական հարցազրույցներ ներկայացնելու հանգամանքը, որը սկսվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հեռակա բանավեճից, երկու կերպ է մեկնաբանվում: Մի դեպքում կարծիքներ են հնչում, թե, այսպիսով` երկրորդ նախագահը հայտ է ներկայացնում կրկին վերադառնալ քաղաքականություն: Տարածված է նաև այն տեսակետը, թե այս կերպ փորձում են հասարակության ուշադրությունը շեղել երկրում գոյություն ունեցող առավել կարևոր հիմնախնդիրներից: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը ևս այս կարծիքին է: Նա այսօր հայտարարեց, թե «իշխանական դաշտում փորձում են հանրության ուշադրությունն ամեն կերպ շեղել այսօրվա սուր սոցիալական իրավիճակից»:

Aravot.am-ը հետաքրքրվեց`Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճն արդյոք դրա մի ձև՞ է: Նա պատասխանեց. «Այդ բանավեճը դրա մի ձև է, քանի որ այսօր բավականին մեծ ուշադրություն կա այդ բանավեճի շուրջ, ավելի մեծ, քան բանավեճը դրան արժանի է: Իրական ենթատեքստն այն է, որ Քոչարյանի վերադառնալու սպառնալիքը դառնում է քաղաքական գործիք իշխող խմբի համար` իր շարքերը միավորելու և ներքին կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ: Դրանով հանրությանը ապակողմնորոշում ու շեղում է այն խնդրից, որը կա»:

Մեր մյուս հարցին` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն թիմի՞ց են և հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն արդեն որպես վարչապետ, պարոն Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին  ազդեցիկ կապեր են կապում: Նրանք ունեն ձևաչափ և կարողություն միմյանց մեջ գտնել համատեղ որոշումներ` ուղղված հանրության դեմ: Կարող են և իշխանափոխանակման տեխնոլոգիան ներդնել: Իսկ հասարակությունը լծակներ չունի դա կանխարգելելու: Իսկ ինչո՞ւ չի կարող հասարակությունը վերահսկել պետական իշխանությունը և կանխել, որ կազմակերպված հանցավոր խմբերը իշխանության մենաշնորհը չօգտագործեն իրենց նպատակների համար: Պատասխանն այն  է, որ մեր երկրի Սահմանադրությունը թույլ է տալիս 68 պատգամավորի և նախագահի վերահսկող ուժին վերահսկել ամբողջ իշխանությունը»:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այն կարծիքին չէ, թե Քոչարյան-Սարգսյան բանավեճը հասարակության ուշադրությունը շեղելու մանիպուլյացիա էր: Նա մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Քոչարյանը հենց հիմնվում է այն թեմաների վրա, որոնք հիմա հասարակական և քաղաքական կյանքում աշխուժություն են ստեղծել: Ուստի ո՞նց կարող  է շեղել այդ հարցերից: Մյուս կողմից էլ Հայաստանը մի քիչ գերագնահատվում է մանիպուլյացիոն հնարավորությունների առումով: Մեզ մոտ շատ բաներ ինքնաբուխ են լինում, կամ տակը ուրիշ բաներ կան, ու յուրաքանչյուր բան, որ տարածվում է, ուզում են թեմայից շեղում համարել: Այդպես որ վերցնենք` բա գլխավոր թեմա՞ն որն է»:

Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ավելի տրամաբանական է այն մոտեցումը, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադարձի հայտ է ներկայացնում, բայց «հիմա չէ, ուղղակի կարևոր է, որ նրան չմոռանան, որ երկար ժամանակ դաշտում մնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031