Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ. Մայիսի 16-ին առաջին անգամ պաշտոնապես կտոնենք ուսանողների և երիտասարդների օրը

Հունվար 17,2014 16:51

Մայիսի 16-ը «Ուսանողների և երիտասարդների օր» նշելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Կառավարության հունվարի 16-ի նիստում հավանության է արժանացել: ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվելու է որպես ուսանողների և երիտասարդների օր: Հարցը ՀՀ Կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Այս որոշումը կայացնելու համար հիմք է հանդիսացել ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջարկությունը: Դեռևս 2010 թ-ի ապրիլին ԵՊՀ ուսանողական խորհուրդը դիմել է ՀՀ Կառավարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ուսանողության օր ունենալու առաջարկությամբ: Դրան հաջորդել է քննարկումների շրջանը, դիտարկվել են նաև այլ տարբերակներ: Մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1999 թ-ի դեկտեմբերի 17-ի որոշմամբ՝ Երիտասարդության միջազգային օրը ընդունված է նշել օգոստոսի 12-ին: Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թ-ի օգոստոսի 12-ին: Յուրաքանչյուր տարի՝ նոյեմբերի 17-ին էլ նշվում է Ուսանողության միջազգային օրը, որն ընդունվել է 1946 թվականի նոյեմբերի 17-ին կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ընթացքում:

Այնուամենայնիվ, ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջարկությունը, որին աջակցել է նաև ԵՊՀ ռեկտորատը, ունի մի շարք կարևոր ազգային առանձնահատկություններ: Այս որոշմամբ կարևորվում է ոչ միայն ԵՊՀ-ի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական, գիտական, մշակութային կյանքում,  այլև արժևորվում է կրթությունն ինքնին՝ որպես հայ երիտասարդի կենսակերպի և դիմանկարի կարևորագույն և անբաժանելի տարր:

Մայիսը` իբրև հաղթանակների, ազգային զարթոնքի ամիս, ինքնին խրախուսելի է հայ ուսանողի օրն այդ ամսում նշելու համար: Մայիսը համընկնում է նաև ուսանողների համար կարևոր մի շրջանի` ուստարվա ավարտի հետ, երբ գալիս է պահն ապացուցելու ու հիմնավորելու ստացած գիտելիքները, ու տոնն էլ, կարծես, լրացուցիչ խթան է դառնում ուսանողին` իր դերն ու ստացած ուսումը կարևորելու համար:

Այս տոնը ևս մեկ անգամ հնարավորություն կընձեռի մեծացնելու հետաքրքրությունը հանրության լայն շերտերում ուսանողների, երիտասարդների, կրթական հաստատությունների, նրանց դերի և, ինչու չէ, նաև խնդիրների հանդեպ` սևեռելով հասարակության ու պետության ուշադրությունն ուսանողի ու նրա խնդիրների վրա:

Այս տարի լրանում է Երևանի պետական համալսարանի՝ Հայաստանի Մայր բուհի հիմնադրման 95-ամյակը: Միաժամանակ լրանում է ԵՊՀ ուսանողական խորհրդի 20-ամյակը: Մայիսի 16-ին առաջին անգամ պաշտոնապես ուսանողների և երիտասարդների օրը կտոնենք նաև համալսարանական հոբելյանական միջոցառումների շրջանակներում:

 ԵՊՀ
Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031