ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժեց «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակից Վարդան Մարտիրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Սաֆարյանի վերաքննիչ բողոքը:
Տիգրան Սաֆարյանն Aravot.am-ին ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումն անպայման բողոքարկելու է:
Նա զարմացած էր, որ բազմաթիվ փաստարկներից հետո դատարանն առաջին ատյանի դատական ակտը թողեց օրինական ուժի մեջ:
Խոսքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 20-ի դատավճռի մասին էր, մի դատավճիռ, որը հաստատված է համարել Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների՝ Սարգեզ Նոյուկի Անդուանիանի, Վիգեն Շաշա Նովասարտիանսի եւ ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցները:
Կարդացեք նաև
Սարգեզ Նոյուկի Անդուանիանն, ըստ մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանի, նպատակադրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր երկրներ տեղափոխել և այնտեղ իրացնել թմրամիջոցներ:
Նա համաձայնության էր եկել վարորդ, Թավրիզ քաղաքի բնակիչ Վիգեն Շաշա Նովասարտիանսի հետ, որոշել էր թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի ընտրել Հայաստանի Հանրապետությունը: Այնտեղից էլ թմրամիջոցները տեղափոխվելու էին այլ պետություններ, իսկ թմրամիջոցներ տեղափոխելու հարցում նրանց օժանդակել էր «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակից Վարդան Մարտիրոսյանը:
Իրանցիներն, ըստ գործի նյութերի, 90կգ թմրանյութը տեղավորել էին դաշնամուրի մեջ, Մեղրիի մաքսային կետից անարգել հասցրել օդանավակայան:
Պաշտպանական կողմը բերեց բազմաթիվ փաստարկներ, պաշտոնական տեղեկանքներ, որով հաստատվում էր, որ Վարդան Մարտիրոսյանը զբաղվել է ապրանքի ձեւակերպմամբ, նրա պարտականությունների մեջ չի եղել իմանալ, թե ինչ կա փաթեթավորված, մաքսային կետով անարգել անցած ապրանքի մեջ:
78-ամյա Սարգեզ Անդուանիանը դատապարտվել էր 14 տարվա, Վիգեն Նովասարտիանսը՝ 11 , իսկ Վարդան Մարտիրոսյանն էլ 4,5 տարվա ազատազրկման: Իրանցիները վերաքննիչ բողոք չէին բերել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ