Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մնում ա մեռնենք, պրծենք էս մղձավանջից». Ռուսական սառնամանիք, հայկական հաշիվներ. «Մեդիալաբ»

Հունվար 17,2014 15:55

Այս օրերին ամենաքննարկվող թեման կոմունալ վճարների ահռելի չափերն են, որոնք մարդկանց մոտ դժգոհության ու մտահոգության ալիք են բարձրացրել: Մինչ տարավերջին իշխանությունները, Ռուսաստանի նախագահի` Հայաստան այցելությունից հետո, լավ կյանք էին խոստանում, ռուսական ձմեռվա սառնամանիքին շատերն անակնկալի են եկել սպառված գազի դիմաց իրենց սպասվող ահռելի վարձավճարների չափերից: 

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ 2013 թվականի հուլիսի 7-ից Հայաստանում 1 խորանարդ մետր գազը թանկացավ 24 դրամով՝ 132 դրամի փոխարեն կազմելով 156 դրամ:

Նույն որոշմամբ՝ 1 կվտ ժամ էլեկտրաէներգիան թանկացավ 8 դրամով՝ 30 դրամից հասնելով 38 դրամի: Եթե գազի թանկացումը պայմանավորված էր սահմանում Հայաստանին վաճառվող ռուսական գազի թանկացմամբ, ապա էլէկտրաէներգիայի դեպքում այդպես էլ հիմնավոր բացատրություններ չեղան պատկան մարմինների կողմից:

Մարդիկ ասում են, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 30-40 տոկոսով ավելի կոմունալ վճար են վճարում:

«Ցուրտը մի կողմից, մյուս կողմից գազի որակն է ընկել, հզոր չի կրակը: Գազից ու հոսանքից բացի ամեն ինչն էլ թանկացել է»,- «Մեդիալաբին» ասում է թոշակառու տիկին Ալվինան:

Մասնագիտությամբ ուսուցչուհի Զոյա Այվազյանն էլ ասում է, որ միայն 70 հազար դրամ դեկտեմբեր ամսվա լույսի ու էլեկտրաէներգիայի դիմաց է վճարել:

Մեզ հետ զրույցում որոշ քաղաքացիներ ասում էին, որ չեն համարձակվում գնալ կոմունալ վճարները վճարելու:

Մարդիկ բողոքում են նաև գազի անորակ լինելուց, ինչի պատճառով շատ են գազ ծախսում, բայց փոխարենը չեն տաքանում:

«Ես այս իրավիճակը գնահատում եմ անընդունելի, սա նշանակում է, որ Հայաստանում կենսամակարդակը շարունակում է անկում ապրել»,- Մեդիալաբին ասում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նա նշում է, որ սպասելի էր, որ իշխանությունները նախքան աշխատավարձերի բարձրացումները նման թանկացումներ պետք է անեին:

«Ես սա համարում եմ շատ սպասելի մոտեցում, որպեսզի շարունակվի այդ քաղաքականությունը, որը տարվում է՝ երբ գները առաջ են ընկնում վարձատրության բարձրացումից: Դա պարզապես քաղաքականություն է»,- ընդգծեց նա:

Կառավարման փորձագետն այն կարծիքին է, որ 1991 թվականից մենք պետական կառավարման իմաստով ստեղծեցինք անհաջող պետություն:

«Եվ այդ պետությունը չի լուծում ոչ մի ռազմավարական հարց, քայլ առ քայլ կառավարման համակարգը վատանում է, դրա համար մեզ մոտ 91 թվականից արտագաղթ է»,- ընդգծեց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն նշում է, որ այս տարի աշխատավարձերի բարձրացում է սպասվում, որը կմեղմի թանկացումները: Այս օրերի դժգոհությունները նախարարը խուսափում է մեկնաբանել: Հիշեցնենք, սակայն, որ աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենալու հուլիսի 1-ից և ոչ թե հունվարից, ինչպես իշխանությունները խոստացել էին ավելի վաղ:

«Ես կարծում եմ, որ պետք է բոլոր միջոցները ձեռնարկվեն մեր կողմից, որպեսզի բոլոր խնդիրները լուծումներ ստանան: Կենսաթոշակները բարձրացվեցին հունվար ամսից շուրջ 15 տոկոսով»,- լրագրողներին ասում է նախարարը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031