Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորին դուր չեն գալիս ՀՀԿ-ական նախարարների հակադարձումները Ռոբերտ Քոչարյանին

Հունվար 17,2014 14:59

Նախօրեին Tert.am-ին տված հարցազրույցում ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին հանձնելու քննադատության մասին՝ ասել էր, որ այս գործարքը Ռոբերտ Քոչարյանի օրոք կնքված «Գույք պարտքի դիմաց» գործարքից «մեղմ ասած, շահեկանորեն տարբերվում է»։

«ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի հանձնումը, ըստ Արմեն Մովսիսյանի. «…իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետեւից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների»։

Սակայն, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երբ նախապատրաստվում էր եւ ի վերջո կնքվեց ցայսօր խիստ քննադատությունների առարկա «Գույք պարտքի դիմաց» գործարքը, Արմեն Մովսիսյանն այն ժամանակ Էլ ՀՀ Էներգետիկայի նախարարն էր ու գործարքը նախապատրաստող միջկառավարական հանձնաժողովի առանցքային անդամներից մեկը։

Առավել զուսպ էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի արձագանքը, որը երեկ, լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե այդ աճի համար պայմաններ են ստեղծվել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կատարված բարեփոխումների արդյունքում: Վերջինս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք` 1996-1997 թվականներին, զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Իսկ 1993-ից Վահրամ Ավանեսյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալն էր: Այնուհետեւ Վահրամ Ավանեսյանը եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար, 2001 թվականից «Մանես և Վալլեքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ներդրումների գծով տնօրեն, 2001 – 2013 թվականները` «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի տնօրեն: 2013 թվականի մայիսի 8-ից կրկին ՀՀ էկոնոմիկայի նախարարն է:

«Բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք չեն կարողանում հինգ, նույնիսկ տասը տարվա ընթացքում արդյունքներ ցույց տալ: Դրանց արդյունքները ավելի հեռանկարային են: Բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արվել են 1990-ական թվականներից սկսած, դրանք իրենց ազդեցությունն ունեցել են: Նաև, իհարկե, խնդիրները և այն բարեփոխումները, որոնք հաջողված չեն եղել, դրանք էլ խնդիրներ են ստեղծել: Եվ այդպես շարունակաբար դա լինում է»,- երկրորդ նախագահին հակադարձել էր Վահրամ Ավանեսյանը:

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բուն բանավեճի` շինարարական փուչիկի մասին էլ Վահրամ Ավանեսյանն ասել էր. «Շինարարության 25 տոկոս մասնաբաժին Հայաստանի Հանրապետությունում կամ որևէ այլ երկրում` ընդհանրապես անհնարին բան է, որպեսզի դա երկարատև կամ նույնիսկ միջին ժամկետ հեռանկար ունենա: Եվ դեռևս 2006-07 թվականներին, այդ թվում նաև իմ կողմից` համեստ տնտեսագետիս, գնահատվում էր, որ անկախ ճգնաժամից, պետք է անպայման շինարարությունը բացասական աճ լինի»:

Այս բանավեճը բնավ դուր չի գալիս ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախկինների այս հեռակա հակադարձումներին, պատգամավորն ասաց. «Ես, ընդհանրապես, դեմ եմ, որ ժամանակին իրար հետ աշխատած` նախագահ կլինի, թե նախարար, տարիներ հետո ինչ-որ բաներ են հիշեցնում մեկը մյուսին: Ես դա նորմալ չեմ համարում, դեմ եմ նման բաներին: Ի վերջո, եղել են մեկ թիմ, աշխատել են միասին: Դրա համար ես չեմ ուզում անդրադարձ կատարել` հակադարձումներն ադեկվատ են, թե`ոչ»:

Ընդհանրապես, մեր զրուցակցի համոզմամբ, թե «Գույք պարտքի դիմացը», թե վերջին գազային համաձայնագրերը կախված չեն նախագահի անձից. «Քաղաքական իրավիճակն է այդպիսին եղել եւ մենք էլ այն պետությունը չենք, որ ոնց ուզենանք` էնպես էլ վարվենք. ուզենք` գույք տանք, չուզենք` չտանք,պարտքը երկարացնենք եւ այլն: Պարզապես, ավելի հզոր պետությունների հատ կապված, երբ տնտեսական հարաբերությունների մեջ ես մտնում, թելադրողը մյուս կողմն է լինում, մենք չենք լինում: Իրավիճակն այդպիսին է եղել, որ այդ պարտքը պիտի մարվեր եւ անկախ նրանից, թե ո՞ր նախագահը կլիներ` առաջի՞նը, երկրո՞րդը, երրո՞րդը, թե՞ չորրորդը… »:

Վահրամ Բաղդասարյանը նաեւ տարակուսում է, որ նախկինները միմյանց միայն «վատ» բաներն են հիշեցնում. «Էդ նույն հաջողությամբ, բա ինչի՞ չեն իրար լավ բաները հիշեցնում` թե ով ում ժամանակ ինչ է եղել եւ այլն: Դա ճիշտ չի: Կարող էին մեկնաբանությունները ավելի տնտեսագիտորեն եւ ավելի ճիշտ տանել, քան թե ինչ-որ բաներ հիշեցնելով»:

Ինքը` Վահրամ Բաղդասարյանը, փաստում է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք կայուն տնտեսական իրավիճակ է պահպանվել եւ դա վատ չէր. «Ուզո՞ւմ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից էլ լավ բաներ հիշեցնեմ կամ սովետական ժամանակներից` սովետական դպրոցի օրինակը բերեմ: Ժամանակաշրջան չի եղել, որ լավ բաներ չլինեն: Ի վերջո, պետք է գիտակցենք` ոչ մի իշխանություն իր ժողովրդի թշնամին չէ: Պարզապես, լինում են թերացողներ, մի քիչ լավ կամ վատ աշխատողներ ու ցանկացած իշխանության տարիներին եւ լավ բաներ են լինում, եւ վատ բաներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ուրեմն ոչ մի իշխանություն իր ժողովրդի թշնամին չէ հա????? Եկեք չհավատամ էլի… արտագաղթը ասվածի հակառակն է ապացուցում…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031