ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կրթական հարցերով ենթահանձնաժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը ուսումնական ծրագրերում ներառելու մասին բանաձևը:
Համաձայն փաստաթղթի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը պետք է ընդգրկել Կալիֆորնիայի պետական ուսումնական ծրագրերում և ընդլայնել հայ ժողովրդի, ինչպես նաև այլ ազգերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործումը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը ասաց, որ Կալիֆորնիայի պատկան մարմիններն այս պահից սկսած պարտավորված են լինելու կյանքի կոչել ընդունված բանաձևից բխող քայլերը:
«Մի քանի տարի առաջ Կալիֆորնիայում օրենք դարձավ, որ պետք է Հայոց ցեղասպանության մասին դասավանդվի 10-րդ կարգի (դասարանի) աշակերտներին, բայց իրականում շատ գործի չէր դրվել այդ օրենքը՝ զանազան պատճառներով: Ադրին Նազարյանը, որ ներկայացնում է Կալիֆորնիայի մեր գաղութի բաժինը, ստանձնեց այս գործը և այդ առաջարկը ներկայացրեց, որ գրքերից բացի նաև վերապրողներ, որ տեսանյութերում իրենց պատմություններ են պատմում, դրանք ցուցադրվեն աշակերտներին, և նաև գրքերում արդեն դասավանդվի Հայոց ցեղասպանության մասին», – փոխանցեց Հովսեփյանը:
Կարդացեք նաև
Կալիֆորնիայում գործում է շուրջ 1300 հանրակրթական դպրոց, և առաջիկայում այդ դպրոցների պատմության ուսուցիչները հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցնելու, որպեսզի «Համաշխարհային պատմություն» առարկայի շրջանակներում աշակերտներին ներկայացնեն նաև ցեղասպանությունների մասին պատմական տվյալներն ու վերապրածների վկայությունները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում