Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք է աշխատել եւ ոչ՝ մրցակցել, օգտակար լինել եւ ոչ՝ վնասել, գործել հանուն եւ ոչ՝ ընդդեմ»

Հունվար 17,2014 14:33

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ Հայաստանում «շարժումները
կամ խռովվածության դաշտում են, կամ էլ անձնական ամբիցիաների ու մրցակցության»:

– Հունվարի 18-ին կկայանա հանրահավաք, որին կմասնակցեն խորհրդարանական ոչ իշխանական ուժերը: Վերջին շրջանում, ընդհանրապես, կարծես խորհրդարանական ընդդիմության միավորման միտումներ են նկատվում. ինչպե՞ս է դրան վերաբերվում իշխանությունը:

– Ժողովրդավարական համակարգում շատ կարեւոր է ինչպես ուժեղ իշխանության, այնպես էլ ուժեղ ընդդիմության առկայության խնդիրը, եւ այս մասին Հայաստանում հաճախ է խոսվում, այս խնդիրը չի դադարում օրակարգային լինել: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այն մասին, որ այսօր ընդդիմության բեւեռում լուրջ, էական փոփոխությունների անհրաժեշտություն եւ գործընթացների որոշակի տարրեր ենք տեսնում: Այդ իմաստով, իհարկե, հետաքրքիր պրոցեսներ են ընթանում: 5-6 հոգանոց, ինչպես Հայաստանում ընդունված է ասել՝ մեկ երթուղայինի սրահի տարողության անդամներ ունեցող կուսակցություններն իրենց խորհրդարանական խմբակցությունների գործունեության ընթացքում ունենում են այնպիսի խնդիրներ ու զարգացումներ, որ պարզապես ապշել կարելի է: Չէ՞ որ կողքին կան 40 հոգանոց այլընտրանք կամ 70 հոգանոց իշխանություն ներկայացնող խմբակցություններ, եւ պատկերացնո՞ւմ եք՝ եթե հանկարծ իրենց ֆրակցիաները թվով ավելի մեծ լինեին, ինչ մասշտաբի խնդիրներ կունենային: Մի ֆրակցիայում տեղի ունեցած եւ շարունակվող երեւույթները՝ ընդամենը 6 հոգի են եւ չեն կարողանում պայմանավորվել չորս-հինգ պաշտոն միմյանց մեջ բաժանելու հարցում: Նույն գործելաոճը առկա է նաեւ մյուս ֆրակցիայում՝ բաժան-բաժան, առանձին-առանձին, յուրաքանչյուրն իր անհատական դիրքորոշմամբ: Այսինքն՝ պարզ երեւում է, որ քաղաքական ընդհանուր դիրքորոշում չկա: Եվ այսօր այս գործընթացները, որոնք տարվում են այս 4 ուժերի միավորման թեմայի շուրջ, որոշակիորեն հույս են ներշնչում, որ թեկուզ հիմնվելով սոցիալական խնդիրների վրա, թեկուզ չունենալով քաղաքական դիրքորոշում, ծրագիր եւ հենք, բայց հնարավոր կլինի քաղաքական միասնականության գործընթաց ծավալել եւ հանդես գալ քաղաքական ընդհանուր դիրքորոշմամբ: Միակ ցանկալի հետեւանքը պետք է որ սա լինի, թեկուզ հավանականություն չկա: Այդ իմաստով մենք, իհարկե, ողջունում ենք, եւ մեզանում չկա վախի կամ անհանգստության վերաբերմունք, ընդհակառակը՝ մենք, որպես իշխանություն, ծառայում ենք մեր պետությունը հզորացնելու գաղափարին եւ համարում ենք, որ ուժեղ ընդդիմությունը այստեղ նույնպես անելիքներ ունի:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս քաղաքական խմորումները կարող են զարգացում ապրել եւ ի վերջո սպասարկել այլ շահեր, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմադիր թեւի: Եթե հատկապես հաշվի առնենք վերջերս ակտիվացած երկրորդ նախագահի գործոնը:

– Այդ առումով, առհասարակ, կցանկանայի մեկ ընդհանրական համեմատություն կատարել: Այն քաղաքական մշակույթի, որը գոյություն ունի ժողովրդավարական երկրներում, զարգացած դեմոկրատիայի պայմաններում, գիտակցության հիմքում ընկած է, որ պաշտոնաթող նախագահը, վարչապետը եւ նախկինում գերագույն պաշտոններ զբաղեցրած մնացյալ ֆիգուրները՝ իրենց քաղաքական փորձառությամբ, պետական կառավարման աշխատանքի գիտելիքներով, փորձով ու կապերով, հանրային արժեք են ներկայացնում: Այս ողջ ռեսուրսը պետք է շարունակի աշխատել երկրի համար՝ աշխատել եւ ոչ՝ մրցակցել, օգտակար լինել եւ ոչ՝ վնասել, փորձել մասնակիցը լինել այն գործընթացների, որոնք շարունակական են եւ ոչ թե դիտորդի կարգավիճակ վերցնել, իսկ հետո չարախնդալ: Մի խոսքով՝ գործել հանուն եւ ոչ՝ ընդդեմ: Աշխարհը բազմաթիվ նման փորձեր ունի: Օրինակ՝ Մարգարետ Թետչերը 15 տարի վարչապետի պաշտոնը լքած լինելով հանդերձ՝ աշխարհի տարբեր երկրներում իրականացրել է տարբեր առաքելություններ, որոնք Բրիտանիայի պետական շահն են հետապնդել եւ կարեւոր խնդիրների լուծման բանալին առաջարկել՝ օգտակար լինելով թե՛ իր փորձով, թե՛ կապերով: Այսպիսի բազմաթիվ օրինակներ կան միջազգային փորձի մեջ: Այս մշակույթը, ցավոք, Հայաստանում դեռեւս չկա, փոխարենը՝ բոլոր քայլերը, շարժումները կամ խռովվածության դաշտում են, կամ էլ անձնական ամբիցիաների ու մրցակցության: Պետական խնդիրները, երկրի, ժողովրդի շահերը, ցավոք, գերակա չեն:

Հասկանալով, թե ինչ եք ենթադրում քաղաքական խմորումների տակ եւ ինչին եք ուզում հանգեցնել, ասեմ, որ այսօրվա քաղաքական իրավիճակում նոր բնույթի քաղաքական խմորումների զարգացման համար մենք հիմք չենք տեսնում, որովհետեւ քաղաքական դաշտի մյուս կողմում կա ուժեղ իշխանական բեւեռ, կայուն եւ կազմակերպված քաղաքական ուժ, որը ստանձնել է երկրի համար կարեւորագույն խնդիրների լուծման պատասխանատվություն եւ իր նախագահի ղեկավարության ներքո հետեւողականորեն իրականացնում է իր ծրագրերը՝ սթափ տեսնելով ու գիտակցելով բոլոր դժվարություններն ու առաջինը բարձրաձայնելով դրանց մասին, ինչպես նաեւ քաղաքական կամք ցուցաբերելով դրանց լուծման համար: Այս դաշտում որեւէ խմորումների տեղ, հեռանկար եւ հույս որեւէ մեկի համար չենք տեսնում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՆՎԱՐԴ says:

    Ձեր 70%-անոց ցինիզմով երկիրը բզկտել և արդեն իսկ կործանել եք— ՀԵՌԱՑԵՔ !

  2. Ոսկան says:

    Ռուսի ասած՝ каждый думает по мере своей испорченности:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031