Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհորիզոն Տեսություն

Հունվար 17,2014 14:19

Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիտու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ անմահության ծաղիկը որոնելու, եւ հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե՝ Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես:

Այսպիսի տարօրինակ մտքեր էին այցելում ինձ, երբ Բագարանից նայում էի Արարատին: Չգիտես ինչու, համոզված եմ, որ Գիլգամեշը հենց այդտեղից էր բարձրացել Նոյ նահապետին տեսնելու, նա միակն էր, որ գիտեր անմահության գաղտնիքը, քանի որ միայն նրան էր Աստված անմահություն վերապահել: Եվ հետաքրքիր է, որ այսօր Արեւելքի հին եւ իմաստուն ցեղերը կամ վերափոխվել են, կամ կորցրել իրենց արյան հիշողությունը՝ մեզ թողնելով մեն-մենակ Արարատի խորհրդի ու պատկերի առջեւ, երբ որ Արարատը իրենցն է նաեւ:

Եվ ստացվում է այնպես, որ մաքրագործված մարդ-աշխարհ ստեղծելու, Աստծո ընտրած լեռը հիմա միայն մերն է՝ չլինելով մերը: Պատկերն ու խորհուրդը մերն է, լեռը՝ օտարինը: Ու մենք խոնարհաբար, անապստամբ մեր տեսակով ընդունել ենք, սեփականացրել այդ համամարդկային ահռելի ցավը, քանզի ե՛ւ լեռան, ե՛ւ ցավի տերը մենք ենք: Եվ որովհետեւ մենք ենք տառապում ԱՆԱՐԱՐԱՏ, աշխարհի որ ծայրում էլ որ լինենք, որ օվկիանոսի ափին, թե ծովի, որովհետեւ ոչ մի օվկիանոս ու ծով անսահմանության-անվախճանականության այնպիսի խորհուրդ չունի, ինչպես Արարատը: Քանի որ ծովն ու օվկիանոսը ունեն հորիզոն-սահման, Արարատը անհորիզոն է…

Եվ հիմա, նայելով անհորիզոն Արարատին, ես ուզում եմ կոչ անել բոլորին:
Եկեք Բագարան եւ մտածենք՝ ահա մի վայր, որտեղ կարելի է կառուցել բոլոր կրոնների տաճարները, ուր մենք կտեղավորվենք Աստծո սիրո մեջ, քանի որ կլինենք իրար կողքի եւ, ամենակարեւորը, դավանելով տարբեր հավատքներ՝ կլինենք միասին: Քանզի Արարատը բոլոր կրոնների Մայրն է: Եվ որովհետեւ նա է Մայրը, սրբազան նախահիմքը բոլորիս, Նա պիտի լինի ազատ եւ անկախ: Նա պիտի լինի Արարատ պետություն, ինչպես այսօր Վատիկանն է, եւ հասու սրբություն ցանկացած մարդու՝ անկախ նրա դավանանքից:
Վերադառնանք Արարատին, իր Աստվածընտիր էությանը, որ լինի համայն մարդկության ուխտատեղի, որը Աստծո ուղերձն է մարդկությանը հղած…

Ինչեւէ, սկսվեց Նոր տարին, Ձիու տարին. հավատանք, վստահենք եւ հասնենք…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031