Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անչափահասին մենախցում պահելը դաժան, անմարդկային վերաբերմունք է»

Հունվար 17,2014 14:18

Կարծում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասնագետները

«Հայաստանին անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշներն էլ ավելի կրճատելու ուղղությամբ»,- մեր երկրում մեկ տարի առաջ կատարած ուսումնասիրության հիման վրա այսպիսի դիտարկում է արել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Հիմնադրամի պատասխանատուների տվյալներով՝ մանկական մահացությունը մեր երկրում 1000 երեխայի հաշվով՝ 20 երեխա է: ՄԱԿ-ի մասնագետները լուրջ խնդիր են համարում նաեւ սեռերի անհամամասնությունը: Ըստ նրանց՝ Հայաստանում ամուսնական զույգերը տղաներն աղջիկներից ավելի նախընտրելի են համարում, ինչի հետեւանքը լինում է այն, որ գնալով ավելանում է այն կանանց թիվը, որոնք իգական սեռի պտղի դեպքում դիմում են աբորտի, ինչի հետեւանքով նորածինների շրջանում տղաների թիվը մոտ 10 տոկոսով գերազանցում է աղջիկների թվին:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացմամբ՝ չնայած նրան, որ երեխայի ծննդյան պահին տղաների թվաքանակը զգալի չափով գերազանցում է աղջիկների թվին, սեռերի ընդհանուր թվային հարաբերակցության մեջ իգական սեռը գերակշռում է՝ պայմանավորված արական սեռի ներկայացուցիչների ժամանակավոր եւ մշտական արտագաղթով, որի հետեւանքով որոշ շրջաններում գրեթե չեն մնում 25-ից 39 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց սեզոնային կամ մշտական բացակայության պատճառով էլ ընդհանուր բնակչության մեջ սեռերի թվաքանակի հարաբերակցությունը 100 կնոջ հաշվով կազմում է 94 տղամարդ:

ՄԱԿ-ն արձանագրել է, որ կանայք մեր օրերում շարունակում են միգրացիայի պատճառով մտահոգվել զուգընկեր գտնելու հարցում:

Հիմնադրամի մասնագետները փաստում են, որ վերջին երկու տասնամյակում երեխաների թիվը եւ տոկոսաբաժինն ընդհանուր բնակչության մեջ կտրականապես նվազել է: Մասնագետների կանխատեսմամբ՝ մոտակա տարիներին մայրության տարիքի կանանց թիվը նվազելու է, դրան զուգահեռ թոշակառու մարդկանց թիվը հաջորդ 15 տարիներին կրկնապատկվելու է:

Չնայած երկրում ապահովված է գրագիտության եւ ավագ դպրոցի հաճախելիության մոտ 100 տոկոս ցուցանիշ, սակայն հիմնադրամի մասնագետները մտահոգություն են հայտնել դպրոց հաճախող երեխաների կրթության որակի եւ դպրոց չհաճախող երեխաների հիմնախնդիրների վերաբերյալ: Հիմնադրամի պատասխանատուները նաեւ պարզել են, որ չկան բավարար տվյալներ դպրոց չհաճախող երեխաների, դպրոցից դուրս մնացած երեխաների, երբեւէ դպրոց չհաճախած եւ հաճախակի բացակայության հիման վրա դուրս մնալու ռիսկի ենթակա երեխաների վերաբերյալ:

Դպրոցներում ազգային փոքրամասնությունների՝ եզդի, քուրդ եւ մալական, երեխաների ընդգրկվածությունն ավելի ցածր է:

Համակարգված կերպով տվյալներ չեն հավաքվում հաշմանդամություն կամ հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների դպրոցական կրթության վերաբերյալ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 18 տոկոսը, տղաների 17 տոկոսը եւ աղջիկների 21 տոկոսը դպրոց չեն հաճախում, իսկ գյուղական բնակավայրերում այդ տոկոսը հասնում է 23-ի:

Իսկ մանկատներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաներին գրեթե հասանելի չէ հանրակրթական դպրոցը՝ այն դեպքում, երբ մեր պետությունը ներառական կրթության մոդելը ներդնելու համար մեծ գումարներ է ծախսում: Այդ երեխաների ընդամենը 5 տոկոսն է հաճախում սովորական դպրոցներ, 25 տոկոսը՝ հատուկ դպրոցներ, իսկ 70 տոկոսն ընդհանրապես դպրոց չի հաճախում:

«Առողջությունը, կրթությունը եւ սոցիալական պաշտպանության ծառայությունները չունեն արդյունավետ համագործակցության մեխանիզմներ, որոնք կարեւոր են՝ ապահովելու խոցելի խմբերի համար ծառայությունների շարունակականությունը»,- նշել են հիմնադրամի մասնագետները «Երեխաների իրավիճակի վերլուծությունը Հայաստանում» զեկույցում:

ՄԱԿ-ի փորձագետները գտնում են, որ որոշ թերություններ կան հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների կրթության ներկայիս ֆինանսավորման մեխանիզմում: Նախ՝ միայն սահմանափակ թվով դպրոցներ, որոնք պաշտոնապես համարվում են ներառական, իրավունք ունեն հատուկ կարիքներ ունեցող աշակերտների համար ստանալ երեխայի թվով ֆինանսավորում. «Նույնիսկ եթե որեւէ գյուղի դպրոց ընդունի նման երեխա, նրան չի տրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում երեխայի աջակցման համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար: Հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխայի համար երեխայի թվով ֆինանսավորումը ֆիքսված գումար է եւ կախված չէ երեխայի սահմանափակումների աստիճանից կամ անհրաժեշտ ծառայություններից»,- ասված է զեկույցում:

Մեկ այլ ուսումնասիրությունից հետո ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն առաջարկում է փոքր քաղաքներում եւ գյուղական բնակավայրերում դեռահասներին հասանելի դարձնել տեղեկատվությունը. «Բազմաթիվ դեռահասներ, հատկապես՝ հեռավոր վայրերում կամ աղքատ ընտանիքներում, մինչ օրս չունեն տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություններ: Տեղեկատվության եւ եւ հաղորդակցության տեխնոլոգիաները լրջորեն ազդում են դեռահասների կյանքի վրա եւ կարող են լուրջ գործիք դառնալ նրանց քաղաքացիական ակտիվության եւ մասնակցության համար»,- նշում են նրանք:

Անչափահասների արդարադատության վերաբերյալ իրենց դիտարկումներում հիմնադրամի մասնագետները փաստում են, որ Հայաստանը մինչ օրս չունի անչափահասների արդարադատության ամբողջական համակարգ, այդ թվում՝ անչափահասների դատարան: Ըստ նրանց՝ անհրաժեշտ են անչափահասների արտադատական ուղղորդման հաստատություններ. «Անչափահասների արդարադատության մասին շրջանակային օրենք չկա: Բանտարկյալների հետ վարվեցողության մասին գործող օրենսդրությամբ նախատեսվում են միջազգային չափանիշներին անհամատեղելի որոշ դրույթներ, օրինակ՝ մինչեւ 10 օր ժամկետով մենախցում պահելը թույլատրող նորմը: Կարգապահական տույժի կարգով մենախցում պահելը համարվում է դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի տեսակ, որը խախտում է անչափահաս բանտարկյալի վերաբերյալ միջազգային եւ եվրոպական չափանիշները: Ազատազրկված անչափահասների մեծամասնությունը չի ստանում պատշաճ կրթություն: Դա հատկապես վերաբերում է նախնական կալանքի տակ պահվող բանտարկյալներին:

Գոյություն չունեն անչափահասների ֆիզիկական եւ հոգեբանական ուղղման եւ սոցիալական վերաինտեգրման՝ պետության կողմից ֆինանսավորվող ծառայություններ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031