ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«Արդյո՞ք Մադրիդում էլ կա նման զբոսաշրջային գործակալություն, ուր կարող եմ դիմել»,-ի պատասխան իմ հարցի՝ Բարսելոնայի Զբոսաշրջության կառավարման գործակալության աշխատակցուհու դեմքին ժպիտը մեկեն սառեց: «Չգիտեմ, Մադրիդն այլ երկրում է»,-ինձ մեկնելով Բարսելոնայի մամլո շրջայցի վկայականը եւ քաղաքի մասին մեծածավալ փաթեթը՝ նկատեց նա: Աննկուն կատալոնուհու այս նկատառումը Բարսելոնայում լսած միակ քաղաքական հայտարարությունն էր:
Հունգարական Wizz-air ավիաընկերության ինքնաթիռը Լեհաստանի Գդանսկ քաղաքից Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնա հասավ երեք ժամ անց: Եվրոպայի ծայր հյուսիսից ծայր հարավ՝ Բալթիկ ծովից Միջերկրական ծով ընկած մեր ճանապարհորդությունը Երեւանում շատերին էր տարակուսանքի մատնում: Սակայն էլ ի՞նչ ճանապարհորդություն, որը, ամբողջությամբ ծրագրավորելու հետ մեկտեղ, արկածախնդրության որոշ չափաբաժին չունենա:
Վարշավայի եւ Գդանսկի երանավետ անդորրից հետո Բարսելոնայի կենտրոնը հիշեցնում էր բազմազգ աղմկոտ մարդկային գետ, որն անկանգ հոսում էր: Բարսելոնայի հնգօրյա ճանապարհորդությունից հետո պիտի ուղեւորվեինք Իսպանիայի մայրաքաղաք՝ Մադրիդ, ուր բողոքի միջոցառումներն ուղեկցվում էին «Ո՛չ քաղաքական կոռուպցիային», «Մաքրե՛ք պետական ապարատն աղբից», «Ո՛չ սոցիալական ճգնաժամին» ցուցապաստառներով:
Կարդացեք նաև
Մենք Իսպանիա էինք եկել տեսնելու նրա պատմական եւ մշակութային մեծ ժառանգությունը: Մենք Իսպանիայում էինք. Եվրոպայի հարավ-արեւմուտքում տիրաբար փռված, Պիրենեյան թերակղզու զգալի մասը զբաղեցնող երբեմնի աշխարհակալ Իսպանիայում, Միգել դե Սերվանտեսի, Լոպե դե Վեգայի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Դիեգո Վելասկեսի, Ֆրանցիսկո Գոյայի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Անտոնի Գաուդիի հայրենիքում: Իսպանիայում, որի քաղաքների փողոցները երկնքից բաժանում էին հսկայածավալ կապտավուն ցելոֆանե եւ բրեզենտե ժամանակավոր ծածկոցները՝ օգոստոսյան կիզիչ արեւից պատսպարվելու համար: Նույնքան ջերմ ու արեւոտ էին նաեւ Իսպանիայի բնակիչների սրտերը:
1. Բարսելոնան՝ հին աշխարհի եւ նոր աշխարհի միջեւ
«Ինչպե՞ս են մարդիկ ամեն օր արթնանում եւ անտարբեր անցնում այս գեղեցկության կողքով. ես ամեն օր անցում են մեր Հանրապետության հրապարակով եւ չեմ դադարում հիանալ նրանով»,-Բարսելոնայում Ազգային պալատի բարձունքից նայելով ներքեւում փռված քաղաքին՝ ասաց դուստրս:
Ազգային պալատի շենքում է տեղակայված Կատալոնիայի Արվեստների ազգային թանգարանը (Museo Nacional de Arte de Cataluրa, MNAC)` հիմնադրված 1990 թ. Ժամանակակից արվեստի եւ Կատալոնիայի արվեստների թանգարանների միացման արդյունքում: Թանգարանի՝ շուրջ 240 հազար ցուցանմուշ պարունակող հավաքածուն ընդգրկում է քանդակներ, գեղանկարներ, փայտե գործեր, պլակատներ, լուսանկարներ: MNAC-ում ոչ միայն Կատալոնիայի արվեստի անցյալն ու ներկան է ներկայացված, այլեւ ֆլամանդական, ֆրանսիական, իտալական վաղ վերածննդի գեղանկարներ: Ցուցադրվում է Ռոմանովյան շրջանի արվեստի գործերի ամենամեծ հավաքածուն: Երկար դիտում ենք Էլ Գրեկոյի, Վելասկեսի, Ռուբենսի գեղանկարները: Ազգային պալատի ճարտարապետությունն ինձ հիշեցնում է Փարիզի Մոնմարտի բարձունքում վեր խոյացող Սանտե Կյոր եկեղեցին: (Ընդհանրապես, Բարսելոնան ինձ հաճախ էր հիշեցնում Փարիզը): Բարսելոնայում եւս Սանտե Կյոր եկեղեցի կա՝ Տիբիդաբո լեռան կատարին, սակայն մենք Տիբիդաբո չբարձրացանք: Փոխարենը բարձրացանք «Յուպիտերի սարը»՝ Մոնտժուիկ՝ Զբոսաշրջության գործակալության Bus Turistic ավտոբուսով: Մոնտժուիկ բարձրացող ճանապարհը կարծես դրախտ է տանում՝ մարդկային մտքի, ձեռքի, ներշնչանքի եւ բնության զարմացյալ ներդաշնակությամբ: Bus Turistic-ի էլեկտրոնային զբոսավարը ներկայացնում է ճանապարհին հանդիպող ճարտարապետական կոթողները եւ Կատալոնիայի պատմական դեպքերը: 1929 թ. այստեղ է բացվել միջազգային ցուցահանդեսը, 1992 թ. այստեղ են կայացել ամառային օլիմպիական խաղերը: Ահա կատալոնացի հայտնի քանդակագործ Ժոան Միրոյի «Կինը եւ թռչունը» հանրահայտ քանդակը՝ 22 մետր բարձրությամբ, կառուցված 1983-ին: Քանդակը ոգեշնչել է նաեւ կատալոնացի մեկ այլ արվեստագետի՝ աշխարհահռչակ ջութակահար, կոմպոզիտոր Պաու Կազալսին, ով այդ առիթով գրել է «Թռչունների երգը» ստեղծագործությունը՝ ջութակի համար: Թեպետ, իմ կարծիքով, քանդակի եւ երաժշտության տրամադրությունները միանգամայն տարբեր են. կնոջ մարմնաձեւն ունեցող վառ դեղնավուն քանդակը՝ խճապատկերներով, կարծես երկարավուն արեւ լինի ճանապարհի վրա, մինչդեռ Կազալսի այդ ստեղծագործությունից տխրություն եւ միայնություն է թափվում: Կատալոնիայի այս երկու թռչուններն էլ հիասքանչ են: Աստիճանաբար երգող թռչնի գաղափարն ինձ էլ է վարակում, եւ ես մտածում եմ, որ Բարսելոնան՝ իր ինքնատիպ ճարտարապետությամբ, նման է երգող թռչնի, եւ այդ երգն ուղեկցում է ինձ ոչ միայն այդ հինգ օրերի ընթացքում, այլեւ ամեն անգամ Բարսելոնան վերհիշելիս: Ինձ թվում է՝ անգամ Անտոնի Գաուդիի տարաբնույթ վիշապները եւս պարուրված են այդ երգով: Հինգ բլուրների վրա փռված Բարսելոնայի մասին լեգենդներից մեկի համաձայն՝ քաղաքը հիմնադրել է հունական դիցարանի հերոսներից Հերակլեսը՝ Հռոմի հիմնադրումից 400 տարի առաջ: Մեկ այլ լեգենդի համաձայն՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում քաղաքը Բարսելոնա է կոչել կարթագենցի զորավար Հանիբալի հայրը՝ Համիլկար Բարսը, ի պատիվ իր գերդաստանի: Համաշխարհային պատմության մի շարք դեպքեր ու դեմքեր անխզելիորեն կապված են Բարսելոնայի հետ: Նրանցից Նոր աշխարհի հայտնագործողի՝ Քրիստափոր Կոլումբոսի 60 մետրանոց հուշակոթողը վեր է խոյանում հանրահայտ Լա Ռամբլեա փողոցի սկզբնամասում: Հուշակոթողը կառուցվել է 1888-ին՝ միջազգային ցուցահանդեսի առիթով եւ Կոլումբոսի առաջին շուրջերկրյա ճանապարհորդության պատվին: Հենց այդ վայրում են Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ 5-րդը եւ Իզաբելլա թագուհին դիմավորել Կոլումբոսին՝ նրա առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո: Հուշակոթողի վերնամասում Կոլումբոսի 7 մետրանոց բրոնզե արձանն է: Կոլումբոսի աջ ձեռքն ուղղված է դեպի Նոր աշխարհ. այս ամենի մասին պատմում է Bus Turistic-ի էլեկտրոնային զբոսավարը: Հուշարձանի 20 մետրանոց շրջանաձեւ պատվանդանին պատկերված են մեծ ճանապարհորդի նավագնացությունից առանձին դրվագներ: Քիչ այն կողմ Բարսելոնայի նավահանգիստն է: Զարմանքով նկատում եմ, որ բոլոր նավերը՝ մեծ ու փոքր, ամբողջովին սպիտակ են: Մարդ չգիտե, թե ի՞նչ անի. պարզապես հիանա ու քայլի Բարսելոնայով՝ նայելով զարմանահրաշ շենքերը, լուսանկարի՞ ու լուսանկարվի՞, թանգարաննե՞ր այցելի, զբոսայգիներում հանգստանա՞, թե՞ Միջերկրական ծովում լողա: Կատալոնիայի մայրաքաղաքը զբոսաշրջիկների թվաքանակով աշխարհում առաջատար տեղ է գրավում, ինչը միանգամայն օրինաչափ է. Բարսելոնայում կա այն ամենը, ինչը, որպես կանոն, գրավում է զբոսաշրջիկների մեծ մասին՝ բնություն՝ ծով, արեւ, զբոսայգիներ, պատմություն, թանգարաններ, բացառիկ ճարտարապետություն, բարձրակարգ ենթակառուցվածքներ՝ ներառյալ հասարակական տրանսպորտը, բազմաբնույթ խանութներ, բարյացակամ բնակչություն: Վերջերս Google-ը ինտերնետային պահոց էր ստեղծել՝ առաջարկելով մարդկանց այնտեղ տեղադրել աշխարհի քաղաքների եւ տեսարժան վայրերի իրենց լուսանկարները. դրանց թվաքանակով Բարսելոնան գրավում է երրորդ տեղը՝ Նյու Յորքից եւ Հռոմից հետո:
2013 թ. Իսպանիան զբոսաշրջիկների թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-նոյեմբերի ընթացքում Իսպանիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 57.6 միլիոն մարդ՝ 5 տոկոսով ավել 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ Կատալոնիա այցելած զբոսաշրջիկների թիվը 2013 թ. կազմել է 14.8 միլիոն՝ 7.4 տոկոսով ավել նախորդ տարվա համեմատ: Բարսելոնայում գործում է նաեւ զբոսաշրջային ոստիկանություն: Զբոսաշրջային ոստիկանները փողոցներում զբոսաշրջիկներին բացատրում են նրանց հետաքրքրող վայրերի ուղղությունը: Չնայած զբոսաշրջիկների մեծ թվաքանակին՝ տեղաբնակները բարյացակամ եւ պատրաստակամ են. նրանք իրենց օգնությունն են առաջարկում, եթե անգամ չես դիմում նրանց: Մենք՝ ես ու դուստրս, ինքնուրույն զբոսաշրջիկներ էինք, եւ անգլերենի իմացությունը դյուրին եւ հետաքրքիր է դարձրել մեր ուղեւորությունները, սակայն անգլերենն Իսպանիայում տարածված լեզու չէ. տեղաբնակները հիմնականում չեն խոսում անգլերեն. աշխարհում իսպանախոսների թիվն այնքան մեծ է, որ նրանք միջնորդ լեզվի կարիք չեն զգում: Այդ մենք էինք զգում իսպաներենի իմացության անհրաժեշտությունը:
Հին աշխարհի եւ նոր աշխարհի միջեւ փռված Բարսելոնան միացնում է ոչ միայն հին ու նոր աշխարհների պատմությունը, այլեւ միավորում է զբոսաշրջիկներին՝ ողջ աշխարհից:
2. Հին քաղաքի նորօրյա հեւքը
Ինչպես եվրոպական այլ քաղաքներ, Բարսելոնան եւս բաժանվում է հին եւ նոր քաղաքների: Հին քաղաքն ընդգրկում է Գոթական թաղամասը, Լա Ռիբերան, Լա Ռեւալը: Հին քաղաքում են ոչ միայն հանրահայտ հուշարձաններն ու տեսարժան վայրերը, այլեւ խտացված է Բարսելոնայի բոհեմական կյանքը: Նեղլիկ, սալաքարե փողոցներով, միջնադարյան հնությունն ու ոգին ամբողջությամբ պահպանած Գոթական թաղամասը, որը սկիզբ է առնում Կատալոնիայի հրապարակից, Բարսելոնայի պատմական կենտրոնն է, ուր այժմ տեղակայված են քաղաքապետարանի եւ Կատալոնիայի կառավարության շենքերը: Թաղամասն իր անվանումը ստացել է միջնադարյան կառույցների գոթական ճարտարապետական ոճի համար: Այստեղ են գտնվում Բարսելոնայի Մայր տաճարը՝ (13-15դդ.) եւ Սանտա Մարիա դել Պիի գոթական տաճարը (14-րդ դար): Գոթական թաղամասում պահպանվում են նաեւ հռոմեական շրջանի կառույցների հետքերը: Քայլում ենք միջնադարյան Բարսելոնայով, եւ ուղեղս շամփրում է այն միտքը, թե ինչպես մենք թույլ տվեցինք, որ Երեւանի տխրահռչակ ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ավերի հին, պատմական Երեւանը: Մտնում ենք Սանտա Մարիայի տաճարը, սակայն ավերված իմ մայրաքաղաքի մասին մտքերը հանգիստ չեն տալիս: Հին քաղաքի հաջորդ դիտարժան թաղամասը Լա Ռիբերան է՝ նեղլիկ միջնադարյան փողոցներով, որոնցից ամենահայտնին Մոնկադան է. այստեղ, միջնադարյան ապարանքում է տեղակայված Պաբլո Պիկասոյի թանգարանը: Թանգարանի հերթը ձգվում է ողջ փողոցի երկայնքով: Բարսելոնայի մամլո շրջայցի վկայականն ինձ իրավունք է տալիս մտնել առանձին մուտքով: Պիկասոյի հիմնականում վաղ շրջանի 3500 մատիտանկարները եւ գեղանկարներն են ներկայացված թանգարանում, որի մի մասում ցուցադրվում են մինչկոլումբոսյան ժամանակաշրջանի արվեստի գործեր: Լա Ռիբերիայի փողոցները նման են լաբիրինթոսի՝ շրջում ես, շրջում եւ հայտնվում նույն վայրում: Ոսկերչական խանութի վաճառողուհին թաղամասից դուրս գալու ելքը ցույց տալու համար փակում է խանութը եւ մեզ ուղեկցում Մինկադայի վերջնամասը:
Հին քաղաքում՝ Գոթական թաղամասի եւ Լա Ռեւալի մեջտեղում՝ Լա Ռամբլեա թաղամասում է բաբախում նորօրյա Բարսելոնայի սիրտը: Շուրջօրյա եռացող, անհանգիստ կենտրոնական թաղամասը սկիզբ է առնում Կատալոնիայի հրապարակից եւ ավարտվում Կոլումբոսի հուշակոթողի մոտ: Լա Ռամբլեայից Կատալոնիայի հրապարակ փողոցը կանաչ լույսով անցնելու համար ստիպված էինք 10-15 րոպե կանգնել մինչեւ հերթը հասներ մեզ: Շուրջ 1կմ ձգվում է նորաձեւության աշխարհահռչակ ապրանքանիշերի, ավել շատ՝ իսպանական «ծագմամբ» խանութների շարքը: Երգիչներ, շարժվող արձաններ, հուշանվերների բազմաքանակ տաղավարներ եւ աղմուկ, աղմուկ, աղմուկ: Քայլելով հասնում ենք Բարսելոնայի կարմիր տուֆակերտ Հաղթական կամար՝ կառուցված 1888 թ. միջազգային ցուցահանդեսի առիթով: Մոտ 200 մ այն կողմ Լա Սյուիտադելա զբոսայգին է, ուր փորձում ենք հանգստանալ Լա Ռամբլեայի աղմուկից եւ պատսպարվել կիզիչ արեւից: Զբոսայգին գեղեցիկ է՝ բարձր արմավենիներով, ծաղկազարդ եւ քանդակազարդ արահետներով, լճակով, փոքրիկ ջրվեժներով, սակայն արեւը հետապնդում է նաեւ զբոսայգում: Լա Սյուիտադելան Բարսելոնայում համարվում է ազատության խորհրդանիշ. 1714 թ. իսպանական ժառանգության համար մղվող պատերազմից հետո Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 5-րդի զորքերը ճնշում են Կատալոնիայում բռնկված խռովությունը եւ այդ վայրում կառուցում բարձր քարե պարիսպներով ամրոց, որի թնդանոթների փողերն ուղղված էին դեպի բնակավայրեր: Հետագայում ամրոցը ծառայում է որպես բանտ: 1869 թ. կատալոնացիները քանդում են վախի եւ ճնշման այդ խորհրդանիշը, եւ տեղում կառուցում համանուն զբոսայգին: Հաջորդ հիշարժան զբոսայգին Պալե Ռոյալն է. այստեղ մարդիկ քիչ են, խիտ ծառերը, ծաղիկները, քանդակներն ու շատրվանները երանություն են բերում: Զբոսայգիներն ու ծովը հանգստի՝ իմ նախընտրած վայրերն են: Ըստ National Geographic-ի եւ Discovery Channel-ի՝ Բարսելոնայի ծովափերը աշխարհի 10 լավագույն քաղաքային ծովափերի ցանկում են: Օլիմպիական գյուղում, որը կառուցվել է 1992 թ. օլիմպիական խաղերի առիթով, ծովափերը ձգվում են 4.5 կմ: Ի տարբերություն մեզ՝ մյուս հանգստացողներն այստեղ գերադասում են արեւահարվել, քան լողալ:
Շարունակելի
«Առավոտ» օրաթերթ