Հունվարի 17-ին Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության Տեմպուսի ծրագրի նոր ALIGN դրամաշնորհային ծրագրի մեկնարկային ժողովը: Ժողովին ներկա էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի մի շարք բուհերի, կրթական կառույցների, ուսանողական եւ գործատուների միությունների,կրթության եւ գիտության նախարարություններից ներկայացուցիչներ: Ծրագրի համակարգողն է հանդիսանում Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ):
Aravot.am-ի հետ զրույցում ԵՊԼՀ ներկայացուցիչ Քրիստինե Սողիկյանը նշեց, որ ծրագրի նպատակն է համապատասխանեցնել ուսումնական ծրագրերը եւ տրվող որակավորումները ազգային որակավորման շրջանակներին.
«Մենք ունենք տարբեր կրթական աստիճաններ, այսինքն՝ մենք արդեն ներմուծել ենք մագիստրոսական աստիճանը, բայց երրորդ մակարդակի կրթությունում, այն է՝ հետբուհական կրթությունում, մենք դեռեւս ունենք երկու տարբեր աստիճաններ, մեկը՝ թեկնածու, մյուսը՝ դոկտոր, որոնք, ըստ էության, անհամատեղելի են եվրոպական աստիճանների հետ, բացի դրանից, չկա համապատասխան շարժունակություն եւ տեղափոխության հնարավորություն»:
Նրա խոսքերով՝ տեղափոխություններ կատարելիս՝ նույնիսկ նույն համալսարանի շրջանակներում առաջանում են որոշ բարդություններ, օրինակ՝ եթե ուսանողը ցանկանում է փոխել ֆակուլտետը, մասնագիտությունները, հնարավոր չէ կատարել այդ գործընթացն առանց խոչընդոտների: Այդ իսկ պատճառով ծրագիրը օգնելու է համակարգել ե՛ւ բովանդակային, ե՛ւ ֆորմալ տեսանկյունից: ԵՊԼՀ-ն ծրագրի շրջանակներում կոորդինացնելու է բոլոր գործընկեր համալսարանների եւ գործակալների միջեւ գործունեությունները:
Կարդացեք նաև
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց ծրագիրը, նրա պայմաններն ու նպատակները, այնուհետեւ ծրագրի գործընկերներն հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց կազմակերպությունները: ALIGN ծրագրի կազմակերպչական թիմի անդամ Սուսաննա Կարախանյանի խոսքերով՝ յուրաքանչյուր երկիր ունենալու է իր պատասխանատուն, որպեսզի ավելի համակարգված լինի ծրագիրը, իսկ յուրաքանչյուր համալսարանում էլ լինելու են կոորդինատորներ եւ կազմակերպիչներ:
Գիտաժողով է տեղի ունենալու նաեւ վաղը՝ հունվարի 18-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ