Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայազնի» անդամների հետ վիճել են facebook-յան գրառման համար

Հունվար 17,2014 13:29

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն Aravot.am-ին նոր մանրամասներ է պատմում հունվարի 12-ին «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Վրթանեսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

«Ամեն ինչ ծագել է ամիսներ շարունակվող քաղաքական հետապնդումներից, սպառնալիքներից, գագաթնակետը այդ օրը տեղի ունեցավ»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Կուսակցության մեկ այլ անդամ Արմեն Աղայանն էլ ասաց, որ վիճաբանությունը սկսվել է facebook-յան գրառումից, բայց այլ մանրամասներ հրաժարվեց ներկայացնել` պատճառաբանելով, որ նախաքննության փուլում որոշել են լռել:

Ծեծկռտուքի մասնակից Արմեն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչ facebook-յան գրառում են թողել, որն էլ վիճաբանության առարկա է դարձել. «Չեմ ցանկանում այդ մասին հիմա մանրամասնել, որովհետեւ ընթացքում ամեն ինչ մանրամասն կներկայացնենք: Խնդիրը քաղաքական է եղել: Եվ այդ անձանց կողմից մեր նկատմամբ սա առաջին ոտնձգությունը չէր, ուղղակի հաճախ փորձել ենք այդ ամենը չներկայացնել հասարակությանը»:

Նա պատմեց նաեւ , որ Կարեն Վրթանեսյանն ու «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանն իրենց նախապես ժամադրել են` հարցերը պարզելու համար: Եվ կռիվ են գնացել 6-7 հոգով:

Մեր հարցին, թե ձեր միջեւ ի՞նչ քաղաքական տարաձայնություններ են եղել, Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Դե նախագահականի եւ ընդդիմադիր կառույցի միջեւ դժվար չէ անհամաձայնություններ փնտրելը: Բազմաթիվ են տարաձայնությունները, բայց քրեական գործից ելնելով՝ առիթը չեմ ցանկանում ասել»:

Հիշեցնենք, որ ըստ «Հայազն» կուսակցության տարածած հաղորդագրության, իրենց ծեծի ենթարկող անձինք ներկայացել են ՀՀ նախագահի աշխատակազմին կից վարչությունների աշխատակիցներ:

Կարեն Վրթանեսյանն էլ հրաժարվեց վիճաբանության առիթի մասին խոսել. «Կոնկրետ միջադեպի մասին պայմանավորվածություն ունենք ,փաստաբանների հետ խորհրդակցել ենք եւ առայժմ որեւէ մեկնաբանություն չենք տալիս, իրավապահներն այդ ուղղությամբ աշխատում են: Սպասում ենք` երբ են ցանկություն հայտնելու մեզ հետ զրուցել»:

Ինչ վերաբերում է քաղաքական տարաձայնություններին, որոնք «Հայազն» կուսակցության անդամներն են ներկայացնում, ասաց. «Փորձ է արվում քաղաքականացնել եւ քաղաքական դիվիդենտներ շահել: Եթե facebook-յան գրառումից ծեծկռտուք են սարքում ,գրառումը բերում հասցնում են փողոցային մակարդակի, հետո էլի խոսում են քաղաքականությունից, սկսում են ինչ-որ բողոքներ գրել, այստեղ տեսնում եմ հակասություններ իրենց վարքի եւ ասածների մեջ»:

Մեր հարցին` վիճաբանությունը քաղաքական անհամաձայնությունների պատճառո՞վ է եղել, պարոն Վրթանեսյանն ասաց. «Ես «Հայազնի» հետ երբեւէ քաղաքական բանավեճ չեմ ունեցել: «Զորակնը» մի կազմակերպություն է, որը միշտ փորձում է քաղաքականությունից հեռու մնալ»:

Պարոն Վրթանեսյանը դեռ տեղյակ չէր, որ ՀՀ ոստիկանությունը հաստատել է, որ դանակահարություն է տեղի ունեցել եւ «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին:

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանն ասաց, որ իրենց կուսակցության տղաներն այս ընթացքում հարցաքննվում են, իսկ Կարեն Վրթանեսյանի խոսքով` իրենցից ոչ մեկի դեռ չեն հարցաքննել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031