ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ազդարարվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փուլի մասին: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հանդիպումները դարձնել առավել հաճախակի եւ շարունակել բանակցությունները: Հունվարին Փարիզում նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մինչ այդ հանդիպումը «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը հարցի շուրջ:
-Պարոն Միրզոյան, նախորդ տարվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին այցելել էին տարածաշրջան եւ Ստեփանակերտում հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ Ձեզ հետ: Մանրամասնեք, խնդրում եմ, ինչի՞ շուրջ է ընթացել այս անգամ զրույցն ու ի՞նչ ակնկալիքներ կան համանախագահների աշխատանքից:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի և նրա շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ արդեն բավականաչափ տեղեկատվություն է տրամադրվել: Ինչպես միշտ, օրակարգում են եղել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Մեր կողմից ուշադրություն է հրավիրվել Ադրբեջանի ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականության դրսևորումների և դրանց բացառման անհրաժեշտության վրա, ինչպես նաև շեշտվել, որ պետք է վերականգնվի պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին:
-Այսօր ի՞նչ փուլում են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն ու դրանք որքանո՞վ են գոհացնում Ղարաբաղին եւ ԼՂՀ ժողովրդին:
Կարդացեք նաև
-Անշուշտ, այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է բանակցային գործընթացում, չի կարող գոհացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Արցախը շահագրգռված է հակամարտության կարգավորման և տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատման հարցում, ինչն, իր հերթին, թույլ կտա ընդարձակել և նոր թափ հաղորդել մեր երկրում ընթացող պետականաշինության գործընթացներին:
-Բազմիցս խոսվել է, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին: Այդ հարցը համանախագահների հետ հանդիպման ժամանակ բազմիցս բարձրացրել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ինչպիսի՞ն է համանախագահների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, եւ արդյո՞ք դրական տեղաշարժեր նկատվում են:
-Առաջին հերթին ուզում եմ նշել, որ խոսելով առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության բանակցային գործընթացի թերարժեքության մասին, մենք ելնում ենք հակամարտության կարգավորման շահերից: Համոզված եմ, որ բոլորը, ովքեր տեղյակ են խնդրի էությանը և ընթացող գործընթացներին, հասկանում են այն պարզ ճշմարտությունը, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ վերականգման պայմանով։ Այսօր միակ խնդիրը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականություն է, որ միտված է խոչընդոտելու լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնմանը:
-Արցախի միջազգային ճանաչումն ի՞նչ փուլում է: Պետությունն ի՞նչ քայլեր է կատարում այդ ուղղությամբ եւ որքանո՞վ է հարցն արդիական այսօր:
-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր քաղաքական օրակարգի հիմնական նպատակներից մեկն է: Այն կազմում է նախագահ Բակո Սահակյանի կողմից նախանշված արտաքին քաղաքական ուղեգծի անբաժան մասը և այդ ուղղությամբ մեր կողմից հետևողական աշխատանք է տարվում: Պետք է նշեմ, որ այդ տեսակետից, հատկապես վերջին շրջանում, առկա են որոշակի դրական միտումներ, որոնք արտահայտվում են թե տարբեր աշխարհամասերում օրենսդիր մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևերի և հայտարարությունների ընդունմամբ, և թե համայնքների մակարդակով գործնական կապերի հաստատման, ինչպես նաև բարեկամական շրջանակների և խմբերի ձևավորման ճանապարհով: Համոզված եմ, որ այդ գործընթացն այս տարի ևս կունենա իր տրամաբանական շարունակությունը և նոր թափ կստանա: Այսօր Արցախը աշխարհին ապացուցել է, որ կայացած պետություն է և ի վիճակի է վարել պատասխանատու ու ակտիվ արտաքին քաղաքականություն։ Այն ճանապարհը, որով Արցախն այսօր ընթանում է, ընկալվում ու համարժեք գնահատականի է արժանանում նաև արտաքին աշխարհում:
-Շատերն են քննադատում Մադրիդյան սկզբունքները` հայտարարելով, որ փաստաթղթում կան կետեր, որոնք որեւէ կերպ չեն արտահայտում Հայաստանի եւ ԼՂՀ-ի շահերը: Դուք համամի՞տ եք այդ ձեւակերպմանն ու կոնկրետ ո՞ր կետերը կառանձնացնեք:
-Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին` անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցանկացած սկզբունքների մշակումը բանակցությունների արդյունք է: Ինչպես ես արդեն նշեցի, առանց բանակցային գործընթացի բոլոր փուլերում արցախյան կողմի լիիրավ մասնակցության դժվար կլինի ակնկալել կենսունակ որոշումներ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում