Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե արտաքին քաղաքական ձախողումներ ունենայինք, հարգարժան Վլադիմիր Կարապետյանը ոչ թե մամուլի ակումբում խաղաղ քննադատելուց կլիներ, այլ գուցէև խրամատում»

Հունվար 17,2014 13:01

«Վլադիմիր Կարապետյանին նախ ցանկանում եմ հիշեցնել մի ասացվածք`աշխարհն ամենևին այլ կերպ է երևում, երբ նրան նայում ես ոչ միայն քո պատուհանից»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Զաքարյանը` նախօրեին ՀԱԿ քաղխորհրդի անդամ, ՀՀ արտաքին գերատեսչության նախկին պաշտոնյա Վլադիմիր Կարապետյանի հնչեցրած քննադատությանը: ՀԱԿ ներկայացուցիչը, մասնավորաբար, նկատել էր, որ ՀՀ արտաքին քաղաքականության գրեթե բոլոր ոլորտներում գործող իշխանությունները տանուլ են տվել:

«Եթե այլ ոլորտներում սխալներ, թերացումներ ու բացթողումները ինչ-որ առումով կարող են տեղ գտնել մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, ապա արտաքին քաղաքականության ու անվտանգության ապահովման հարցերում մենք դրա իրավունքն ուղղակի չունենք: Քաղաքականությունից քիչ թե շատ տեղյակ մարդու համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թե’ ռազմավարական և թե’ մարտավարական խնդիրները ճիշտ են ընտրված և արտահայտում են մեր պետության ու ժողովրդի շահերը»,-ասում է իշխող կուսակցության ներկայացուցիչը` հավելելով, որ բավարար ճկունությունը, հեռանկարները հաշվարկելու, սպառնալիքներն ու հնարավորությունները տեսնելու կարողությունը մեր երկրի արտաքին  քաղաքականությանը դարձել է բնորոշ: «Սա գնահատում են ինչպես մեր բարեկամ երկրները, այնպես էլ մեր թշնամիները: Առ այսօր ես չգիտեմ մի իրավիճակ, որտեղ իրացված չլինեն արտաքին քաղաքական հնարավորությունները, չի եղել մի գործընթաց, որտեղ պահպանված չլինեն շահերի փոխադարձության սկզբունքները: Իսկ էներգետիկ ու կոմունիկացիոն կախվածության, տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների, թուրքական ու ադրբեջանական ահագնացող միջազգային հակազդեցությունների պայմաններում էլ ո’չ ղարաբաղյան խնդրում, ո’չ հայ-թուրքական կարգավորման հարցերում, ո’չ ուժերի տարածաշրջանային բալանսի պահպանման հարցում, ո’չ եվրոպական կամ եվրասիական հարթակներում Հայաստանը որևէ հետընթաց չի ունեցել, ի՞նչ ձախողումների մասին կարող էր խոսք գնալ»,- հարցնում է Արտակ Զաքարյանը:

Մեր զրուցակցի համոզմամբ, եթե Աստված մի արասցե, արտաքին քաղաքական ձախողումներ ունենայինք, ապա «հարգարժան Վլադիմիր Կարապետյանը ոչ թե մամուլի ակումբում խաղաղ քննադատելուց կլիներ, այլ գուցէև խրամատում»:

ՀԱԿ ներկայացուցչի այն տեսակետին, որ հարեւան Վրաստանի հետ լարվածությունն ու չհասկացվածությունն աճել են, որ վերջին տարվա ընթացքում անգամ խախտվել է նախագահների հանդիպումների քսանամյա ավանդույթը եւ Վրաստանի նոր իշխանությունը ՀՀ իշխանությունների հետ հանդիպելու որեւէ ցանկություն չի հայտնել, որ առհասարակ, Վրաստանը հետաքրքրություն չունի Հայաստանի հետ հարաբերությունների խորացված զարգացման, իսկ Հայաստանի եւ Վրաստանի`արտաքին քաղաքական դիրքորոշումների վերջին միտումներն առավել մարտահրավերներ են խոստանում, Արտակ Զաքարյանը հակադարձում է.

«Վրաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են մնալ ջերմ ու բարեկամական: Թեկուզև այս փուլում մենք ունենք տարբեր ուղղվածության վեկտորներ, սակայն դրանք չեն անդրադառնալու գոյություն ունեցող տնտեսական ու քաղաքական գործընկերությանը: Կարապետյանին ուղակի հիշեցնեմ, որ Վրաստանը նախորդ տարվա երկրորդ կեսին գտնվում էր նախագահական ընտրությունների գործընթացում, իսկ առաջին կեսին հանդիպումներ եղել են ինչպես նախագահների մակարդակով Մոլդովայում, այնպես էլ վարչապետների մակարդակով Երևանում: Իսկ նախորդ տարվա վերջին Հայաստան է այցելել նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակը` ընդլայնված պատգամավորական պատվիրակությամբ: Մեր երկրի ՄՄ անդամակցելու որոշումից ինչպես նաև Վրաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հետո կարծում եմ, որ ավելի է մեծանալու երկու երկրների փոխադարձ հետաքրքրությունը»:

Իսկ Իրանի հարցում, ՀՀԿ-ական գործիչը ՀԱԿ-ական գործչին խորհուրդ է տալիս` չշտապել եզրակացություններ անել: «Խիստ ողջունելի է այն հանգամանքը, որ խնդիրը գտնում է իր խաղաղ կարգավորման հունը և դա բնականաբար նոր հնարավորություններ է տալու տարածաշրջանային անվտանգ ու փոխշահավետ զարգացումներին: Թուրքիայի ու Ադրբեջանի հարցում համաձայն եմ, երկու կողմից էլ դեռևս չկան դրական տեղաշարժերի ակնկալիքներ, չնայած, որ Վիենայի հանդիպումը որոշակի հույսեր, այնուամենայնիվ, արթնացնում է: Մենք շարունակում ենք վստահել ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացին ու սպասել Ադրբեջանի կառուցողական մոտեցումներին: Այս փուլում բանակցություններից ամենամեծ օգուտը` այսինքն` խաղաղությունն ու ստատուս քվոն մենք պահպանում ենք: Իսկ ինչ վերաբերվում է Էրդողանի այցին ու արտգործնախարարի հետ հանդիպմանը, ապա արտգործնախարարների գործն էլ հենց հանդիպելն ու հարաբերություններ քննարկելն է: Կարծում եմ դրանում վատ բան չկա, որ ևս մեկ անգամ Նալբանդյանը Էրդողանին վերահաստատել է Հայաստանի հստակ ու անբեկանելի դիրքորոշումը. հայ-թուրքական հարաբերություններ առանց նախապայմանների, ինչին աջակցում էր նաև ՀԱԿ-ը»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ, եթե Թուրքիան մեր սխալներից օգտվելու առիթ ունենար, ապա Էրդողանը խստիվ չէր հրահանգի իր բոլոր դեսպաններին` պայքարել Հայոց Ցեղասպանությունը ժխտելու և հնարավոր ճանաչման գործընթացները կասեցնելու համար: Ինչ վերաբերվում է առևտրաշրջանառությանը, Արտակ Զաքարյանը չի ժխտում, որ այն մեզ համար դեռևս մնում է բացասական սալդոյով, և այդ ուղղությամբ մենք անելիքներ ունենք:

«Եվրոպական մերձեցման, համագործակցության խորացման և երկխոսության քաղաքականությունը շարունակում է լինել առաջնահերթություն երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով: Մենք շարունակելու ենք մասնակցել Արևելյան Գործընկերությանը և ակտիվորեն համագործակցելու ենք ԵՄ ծրագրերի շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՄՄ անդամակցությանը` ապա մենք շահագրգռված ենք արագ անցնելու այդ ընթացակարգերը` բայց ոչ փակ աչքերով: Առաջիկայում բնականաբար կծավալվեն խորհրդարանական քննարկումներ բոլոր վավերացվող փաստաթղթերի շուրջ և այնտեղ պարզ կլինի քաղաքական ուժերի վերաբերմունքը կոնկրետ խնդիրներին: Ղարաբաղի հարցով մտահոգություններ միշտ պետք է լինեն, և մեր բոլորի մտահոգության առարկաներից մեկն էլ հենց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն է: ՄՄ-ի հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացում այդ խնդիրը տեսանելի ու կանխատեսելի ապագայում ռիսկերի չի ենթարկվելու` ընդհակառակը գոյություն ունեցող տարածաշրջանային ռիսկերն իմ կարծիքով պետք է ավելի նվազեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՆՎԱՐԴ says:

    Խրամատը մեզ, բանտախուցը` ձեզ…

    Ն.ՏԱՎՈՒՇԵՑԻ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031