Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակուսակցական Հայաստան – 6

Հունվար 17,2014 12:23

Փաստորեն, նորանկախ Հայաստանի նորագույն կուսակցությունն անվանակոչվեց հնագույն կուսակցության անունով` ՀՀՇ, և չնայած էս նոր ՀՀՇ-ն շատերն են անվանում « Արարատ Զուրաբյանի ՀՀՇ», և չնայած ակնհայտ է, որ նոր ՀՀՇ-ի ստեղծման հարցում հենց Արարատ Զուրաբյանի կամքն էր վճռականն ու որոշիչը, այդուհանդերձ, նոր ՀՀՇ-ի նախաձեռնող խումբն էս գլխից արդեն հայտարարել է, որ նոր ՀՀՇ-ում որևէ մեկը միահեծան իշխանություն չի ունենալու, և բոլոր հարցերը որոշվելու են կոլեգիալ սկզբունքով:

Դժվար է, իհարկե, հավատալ այս հայտարարության հավաստիությանը` ոչ թե էն պատճառով, որ Արարատ Զուրաբյանին, Ալեքսանդր Արզումանյանին ու հայտարարության մյուս համահեղինակներին չենք հավատում, այլ էն պատճառով, որ մենք ավելի վստահում ենք այս երկու տասնամյակում մեր աչքի տեսածին, այն է` Հայաստանի գրեթե բոլոր (եթե չասենք` բոլոր) կուսակցությունները մի հոգու կուսակցություններ են:

Իհարկե, Հայաստանում քիչ չեն նաև մի հոգանոց կուսակցությունները: Բայց մեր խոսքը ոչ թե մի հոգանոց կուսակցություններին է վերաբերում, այլ մի անձի կողմից ղեկավարվող ու առաջնորդվող կուսակցություններին, որոնք Հայաստանում չափազանց մեծ թիվ են կազմում: Եվ այս խմբում անվարան կարող ենք ավելացնել նաև մի հոգանոց կուսակցություններին, քանի որ մի հոգանոց կուսակցությունների ղեկավարներն էլ են միանձնյա ղեկավարում ու առաջնորդում` էն տարբերությամբ, որ մի հոգանոց կուսակցությունների առաջնորդներն առաջնորդում ու ղեկավարում են ոչ թե ուրիշներին, այլ` անձամբ իրենք իրենց: Եվ շատ էլ բացատրելի ու տրամաբանական է, որ մեր կուսակցությունների առաջին դեմքերին առաջնորդներ ենք անվանում, որովհետև նրանք մեկ անգամ ընտրվելով` երբևէ իրենց տեղը որևէ ուրիշին չեն զիջում: Ու էդպես ՕԵԿ-ի անփոփոխ առաջնորդն Արթուր Բաղդասարյանն է, ԱԺՄ-ինը` Վազգեն Մանուկյանը, ԲՀԿ-ինը` Գագիկ Ծառուկյանը, ԱԻՄ-ինը` Հայրիկյանը և այլն և այդպես շարունակ: Եվ բնականաբար, հատկապես մի հոգանոց կուսակցության առաջնորդներն են մշտապես վերընտրվում, և էս վերջիններս միանգամայն դեմոկրատական սկզբունքով են վերընտրվում, որովհետև իրենց կուսակցության ներսում այլընտրանք ու երկրորդ անդամ չունեն: Եվ էս ասելով` ամենևին էլ Տիգրան Կարապետիչին կամ Արշակ Սադոյանին նկատի չունեմ` էն պարզ պատճառով, որ Կարապետիչի ԺԿ-ն բավարար թվով անդամներ ու մանավանդ լիքը համակիրներ ունի, իսկ Սադոյանի կուսակցության երկրորդ ու երրորդ անդամներին անձամբ եմ ճանաչում, և կյանքը ցույց տվեց, որ Շանթի «Ցեղակրոնն» էլ նվիրյալ անդամներ ունի: Եվ չնայած գլխավոր Մարքսիստի կուսակցության մյուս անդամներին չենք տեսել, ենթադրում ենք, որ իր Մարքսիստական կուսակցությունն էլ այլ անդամներ կունենա, և եթե չունենա էլ, առանձնապես դժբախտություն չի, որովհետև Դավիթ Հակոբյան գլխավոր Մարքսիստն ինքնին ամբողջություն ու միասնություն է:

Մի հոգանոց կուսակցություններ ասելով` ուրիշ շատերին էլ ակամա հիշեցինք, բայց հարկ չենք համարում հատ առ հատ անդրադառնալ, որովհետև, ինչպես տեսնում եք, ոչ ոք չի կարող ապացույցներով պնդել թե` տվյալ կուսակցությունը ոչ թե երկու հոգուց է բաղկացած, այլ ընդամենը` մեկ:

Վերադառնալով մշտապես մեկ անձի կողմից ղեկավարվող ու առաջնորդվող կուսակցություններին, որոնք Հայաստանում ճնշող մեծամասնություն են, ավելացնենք, որ կուսակցության այլ տեսակ Հայաստանում դեռևս չի առաջացել` բացառությամբ Սփյուռքում առաջացած մեր ավանդական կուսակցությունների հայաստանյան կրկնօրինակների, որոնք, կարելի է ասել, միակենտրոն ու եսակենտրոն չեն. ավելին, ինչպես իրենք են ասում` «ապակեդրոն» են, չնայած, Սփյուռքի իրենց կառույցների համեմատ, զգալիորեն անձնավորված են, և եղած ապակենտրոնությունը Սփյուռքյան իներցիայի արդյունք է:

Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս գրեթե բոլոր կուսակցություններին, կուսակցականները ոչ թե գաղափարական առաջնորդ են ընտրում, այլ ընդամենը` ուժեղ ու ազդեցիկ առաջնորդ, շատ հաճախ նույնիսկ` գաղափարազերծ առաջնորդ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031