Այսօր Վարչական դատարանում Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու գործով քննությանը չէին ներկայացել հայցվոր կողմի՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները,:
Թեեւ դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել էին, բայց դատավոր Բաղդասարյանին հեռախոսազրույցով փոխանցեցին, որ իրենք իմացել են, թե դատական նիստը 17:00-ին է:
Հիշեցնենք, որ Վարչական դատարանում քննվում է ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի`ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Դատավոր Բաղդասարյանը լրագրողներին արգելեց գործի քննության տեսաձայնագրումը: Նա մերժեց այդ հարցով Արգիշտի Կիվիրյանի միջնորդությունը:
Կարդացեք նաև
Փաստաբան Արամազդ Կիվիրյանն էլ դատարանին ներկայացրեց հակընդդեմ հայց.«Այս գործով հայցվոր կողմը ներկայացրել է պահանջ, որով պահանջում են վարչական պատասխանատվություն ենթարկել իմ վստահորդին: Բայց այդպես էլ հստակեցում չեղավ` կոնկրետ ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն, այսինքն` ինչ նկատի ունեն վարչական պատասխանատվություն ասելով: Բայց այս դեպքում, հաշվի առնելով ներկայացված պահանջը եւ հիմք ընդունելով այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են իմ վստահորդի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից, ներկայացնում ենք հակընդդեմ հայց, որով պահանջում ենք` ոչ իրավաչափ ճանաչել Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ոստիկանների գործողությունները` ուղղված Արգիշտի Կիվիրյանի ազատության, անձնական անձեռնմխելիության, խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատության իրավունքների խախտմանը»:
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ փետրվարի 26-ը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ