Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի ոստիկանապետին հրավիրել են առերեսման. «Ժողովուրդ»

Հունվար 17,2014 11:26

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի եւ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի միջեւ Ամանորից առաջ առերեսում է տեղի ունեցել։ Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Հ. Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Բանն այն է, որ նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը որեւէ առնչություն չունի Եսայանի սպանության գործին եւ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։ Իր ցուցմունքում հանգամանալից նկարագրել էր, թե ինչպես է դաժան ծեծի ենթարկվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ Երեւանի ներկայիս ոստիկանապետ, այն ժամանակ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից։

«Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս։ Այդ ժամանակ նա հրահանգեց, անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր, թե Արազ, որ աթոռ բերի։ Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի։ Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետեւի մասով դեպի նստատեղը։ Նրանցից մեկը՝ Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս։ Բաբակեխյանը ռետինե սեւ մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ։ Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին»,-ասել էր ամբաստանյալը։

Հրապարակումից հետո՝ մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 4-ին, Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնական լիազորությունների անցում կատարելու փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ եւ 315-րդ հոդվածի 1-ին մասերով։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031