«Բարեփոխումներից հետո բյուրոկրատական քաշքշուկները, կոռուպցիան բացառվել է համակարգում»,-այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում վստահեցրեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը: Անցյալ տարին եւ այս տարվա ծրագրերը պետք է ամփոփեր կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը, սակայն վատառողջ լինելու պատճառով նրան փոխարինել էր տեղակալը:
Աշոտ Մուսայանի ներկայացմամբ, գույքի հարկի բազաների ստեղծման նպատակով 2013-ին կատարվել է շենքեր շինությունների, հողի գնահատում եւ վերագնահատում:
Իսկ թե քանի միավոր գույք են հաշվել, կադաստրի պաշտոնյան չհրապարակեց՝ ասելով, որ թվերը ամփոփելու են հունվարի 25-ին:
Կադաստրն այս տարի ծրագրել է Երեւան քաղաքում նավիգացիոն համակարգ ստեղծել: Մինչև տարվա վերջ այն արդեն փորձնական կկիրառվի, 2015 թվականից էլ լիարժեք կգործի: Հարցին, թե անշարժ գույքի շուկայում ինչ փոփոխություններ են եղել, պարոն Մուսայանն ասաց, որ որեւէ էական տարբերություն՝ համեմատած 2012-ի հետ չի եղել: Շուկան չի աշխուժացրել անգամ սիրիահայերի ներգաղթը Հայաստան, քանի որ նրանք ոչ թե բնակարաններ են գնել, այլ վարձակալել կամ պետության հովանավորությամբ օթեւան ստացել: Աշոտ Մուսայանը նաեւ հայտնեց, որ նախորդ տարի անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը նույնպես չի նվազել:
Կադաստրի պաշտոնյայի ներկայացմամբ, անցյալ տարի 19 դատական վեճ է գրանցվել անշարժ գույքի վերաբերյալ, ինչ մի քանի տասնյակ պակաս է նախորդ տարիների համեմատությամբ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ