Հատված ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցից:
-Որպես ԱԺ պատգամավոր եւ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ, Զարուհի Փոստանջյանը ազատ է իր գործողություններում։ Ինչպես գիտեք, նա ունի հրավեր ԵժԿ խմբակցության կողմից եւ, որպես խմբակցության նախկին անդամ, իրավասու է ներկա գտնվել այդ խմբակցության նիստին, ներկայացնել իր մտահոգությունները, բայց ոչ ավելին՝ լիագումար նիստերին մասնակցելու եւ ելույթ ունենալու իրավունք չունի, որովհետեւ այլեւս պատվիրակության անդամ չէ։
Ինչ վերաբերում է պատվիրակության լիազորություններին, ԵԽ ԽՎ կանոնակարգի համաձայն, եթե վեհաժողովի 10 պատգամավոր նստաշրջանի բացման օրը ոտքի են կանգնում եւ հայտարարում, որ վիճարկում են այս կամ այն պատվիրակության լիազորությունների հարցը, կանոնադրական հանձնաժողովը պարտավոր է անդրադառնալ դրան։
ԵԽ ԽՎ-ն ունի մոտ 660 պատգամավոր, եւ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է գտնել 10 հոգի, որոնք կարող են բարձրացնել այդ խնդիրը։ Վստահ եմ, տիկին Փոստանջյանի համար դժվար չէ գտնել 10 հոգու, որոնք փետրվարի 27-ին՝ երկուշաբթի առավոտյան, ոտքի կկանգնեն եւ կվիճարկեն հայկական պատվիրակության լիազորությունները։
Կարդացեք նաև
-Ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ մեր պատվիրակության համար։
-Ըստ էության՝ ոչ մի։ Անձամբ ես համարում եմ, որ Զարուհի Փոստանջյանը բավականին ակտիվ պատգամավոր է: Դա հարցի մի կողմն է, բայց որ այս նախաձեռնությունը որեւէ հետեւանք չի ունենալու, այստեղ եւս երկու կարծիք լինել չի կարող։ Եթե իրադարձությունները զարգանան նման սցենարով, ապա երեքշաբթի կամ չորեքշաբթի կանոնադրական հանձնաժողովը կանդրադառնա այդ հարցին եւ որոշում կկայացնի։
Վստահաբար կարող եմ ասել, որ այդ որոշումը կլինի հայկական պատվիրակության լիազորությունների ճանաչման օգտին, որովհետեւ պատվիրակությունը կազմավորվել է՝ հաշվի առնելով ԵԽ ԽՎ կանոնադրության պահանջները, այն է՝ պահպանելով իշխանություն-ընդդիմություն հավասարակշռությունը։ Ե՛վ հիմնական, ե՛ւ փոխարինող կազմում ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությունը 50-50 է, հիմնական կազմում, մասնավորապես, Դավիթ Հարությունյանը եւ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում են կոալիցիոն մեծամասնությունը, ես եւ Լեւոն Զուրաբյանը՝ խորհրդարանական ընդդիմությունը։
Պահպանված է նաեւ ԵԽ ԽՎ կանոնակարգի երկրորդ կարեւորագույն պահանջը՝ գենդերային ներկայացվածության համաչափությունը։ 8 հոգանոց պատվիրակության կազմում 3 կին կա, այնպես որ, նման խնդիր առաջանալու դեպքում մեր պատվիրակության լիազորությունները վիճարկող 10 պատգամավորների առաջարկը կանոնադրական հանձնաժողովի կողմից կգնահատվի ոչ իրավաչափ։
-Փոստանջյանին ուղղված հրավերը նշանակո՞ւմ է, որ Եվրոպայի խորհուրդը խնդիր է տեսնում պատվիրակության վերակազմավորման՝ «Ժառանգության» ներկայացուցչին փոխարինելու հետ կապված։
-Չեմ կարծում։ Պատվիրակության կազմից դուրս մնալու դեպքում մեզանից յուրաքանչյուրը կարող է դիմել այն խմբակցությանը, որին անդամակցում էր, ցանկություն հայտնել ներկա գտնվելու խմբակցության նիստին, եւ վստահաբար կստանար նման հրավեր։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում