Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ն այս անգամ արժանի կլինի ՞ «Եվրոպայի խիղճը» կոչմանը. «Հայոց աշխարհ»

Հունվար 17,2014 10:14

Հունվարի 21-ին Ստրասբուրգում կմեկնարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստը, որը քննության կառնի «Սարգսյանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» հայցերը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը դեռեւս 2006-ին է հայց ներկայացրել Եվրադատարան: Հայցում մասնավորապես նշված է, որ ադրբեջանական բանակը Սարգսյանների ընտանիքին ստիպել է դուրս գալ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իրենց բնակարանից։ Հայցում մեղադրանք է առաջադրվում Ադրբեջանին՝ հայ ընտանիքի սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման համար:

Հայաստանի դեմ հակընդդեմ հայցով հանդես եկած ադրբեջանցի Չիրագովը եւս իր հայցում նշել է, որ իր ընտանիքը ստիպված է եղել լքել Լաչինի շրջանում գտնվող տունը՝ հայկական բանակի բնակավայր մտնելուց հետո։

Երկու դեպքում էլ հայցվորները պնդում են՝ 1992 թվականին իրենց բնակավայրերից վտարվել են պատերազմի պատճառով եւ 1994-ի հրադադարի պայմանագրի կնքումից հետո անգամ չեն կարողացել վերադառնալ: Հետեւաբար ոտնահարված են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող իրենց իրավունքները։

Դեռ գործընթացի սկզբից նկատելի դարձավ, որ Եվրոպական դատարանը կառաջնորդվի համաեվրոպական կառույցներին բնորոշ տրամաբանությամբ ու, հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրավիճակը, կփորձի բալանսավորել իրողությունները: Դրա ապացույցը եղավ այն, որ ՄԻԵԴ-ը 2005-2006թթ. հայկական եւ ադրբեջանական կողմերից ստացված դիմումները փաստերի տեսանկյունից համարեց նույնանման եւ որոշեց երկու կողմերից վերցնել մեկական գործ, վճիռ կայացնել, դրանով իսկ ստեղծել նախադեպ ու այն տարածել մնացած հարյուրավոր հայցերի վրա:

Ժամանակին Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանն արձագանքեց այս մոտեցմանը՝ նկատելով, թե իրականում երկու հայցերը ե՛ւ իրենց կառուցվածքով, ե՛ւ իրենց նշանակությամբ միանման չեն:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031