Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԻ ԵՎ ՄԱՐՄԻՆ

Հունվար 17,2014 10:06

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երեսունվեցերորդ

ՀՈԳԻ ԵՎ ՄԱՐՄԻՆ

Եվ տեր Մաղաքիան Արշակին հարցրեց՝ «պարոն Սադոյան, այստեղից հնարավո՞ր է տաքսի պատվիրել», եւ Արշակն ասաց՝ «էս շենքի բակում տաքսի սերվիս կա. երբ որ պետք ըլնի, կասես՝ կզանգեմ», եւ Սերոբը թարս նայեց Արշակին ու ասաց՝ «Սերոբը մեռած չի, որ դու տեր Մաղաքիայի համար տաքսի կանչես», եւ Արշակը Սերոբին զարմացած հարցրեց՝ «բայց ի՞նձ ինչի ես թարս նայում», եւ Բարդուղը ժպտալով Արշակին ասաց՝ «որովհետեւ վախենում ա Մաղաքիային թարս նայի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ Մաղաքիային թարս նայի, կարող ա Աստված պատժի», եւ Սերոբը թարս նայեց Բարդուղին ու ասաց՝ «իրան ոչ թե Մաղաքիա պիտի ասես, այլ՝ տեր Մաղաքիա», եւ Բարդուղը փռթկացնելով ասաց՝ «սրանից հետո տեր Մաղաքիա կասեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով տեր Մաղաքիային ասաց՝ «ներող էղի, տեր Մաղաքիա», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ներողն Աստված է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր Աստված չափազանց մեծահոգի ու չափազանց հանդուրժող է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինչպես նաեւ՝ չափազանց համբերող», եւ Անանիան ասաց՝ «բայց էդ չի նշանակում, որ պիտի Աստծո համբերությունը չարաշահենք», եւ տեր Մաղաքիան ժպտալով Արշակին ասաց՝ «եթե խնդրեմ, տաքսի կկանչե՞ք, պարոն Սադոյան», եւ Սերոբը թարս նայեց տեր Մաղաքիային ու ասաց՝ «դու էլ իմ համբերությունն ես չարաշահում, տեր հայր», եւ տեր Մաղաքիան ժպտալով Սերոբին հարցրեց՝ «ի՞նչ առումով եմ համբերությունդ չարաշահում, Սերոբ եղբայր», եւ Սերոբը նեղսրտած պատասխանեց ու ասաց՝ «ասեցի՝ ես քեզ կտանեմ», եւ Ջավախյանը ժպտալով տեր Մաղաքիային ասաց՝ «Սերոբը նոր տարվա դեմ ուզում ա Աստծուն հաճելի գործ կատարի», եւ Սերոբը ժպտալով տեր Մաղաքիային ասաց՝ «Ջավախյանը ճիշտ ա ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «սրտանց եմ առաջարկում, ոչ թե՝ ձեւական», եւ տեր Մաղաքիան ժտալով ասաց՝ «չեմ էլ կասկածում, Սերոբ եղբայր», եւ Սերոբն ասաց՝ «երբ որ պետք ըլնի, կասես՝ վեր կկենանք», եւ տեր Մաղաքիան ժպտալով ասաց՝ «արդեն գնալուս ժամանակն է» եւ այդ ասելով՝ ոտքի կանգնեց, բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «շնորհավոր բոլորիս գալիք նոր տարին» եւ ժպտալով ավելացրեց՝ «սնաստուպայուշչիմ», եւ բոլորս հոտնկայս խմեցինք, եւ երբ Սերոբն ու տեր Մաղաքիան գնացին, Արիկը Բարդուղին ասաց՝ «իզուր Մաղաքիային նեղացրիր», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա Մաղաքիային նեղացրել», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «Բարդուղը Մաղաքիային նեղացրեց, ճիշտ ա, բայց Մաղաքիան առանձնապես չնեղացավ», եւ Անանիան ասաց՝ «ոչ թե Մաղաքիա, այլ՝ տեր Մաղաքիա», եւ Հայկունին թարս նայեց Անանիային ու ասաց՝ «իրա ներկայությամբ տեր Մաղաքիա ենք ասում՝ հերիք ա», եւ Բարդուղն Արիկին հարցրեց՝ «ո՞նց եմ Մաղաքիային նեղացրել», եւ Արիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «փաստորեն, իրան չոբան անվանեցիր», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «էս մարդիկ լրիվ շառ են», եւ Ջավախյանը փռթկացնելով Արիկին ասաց՝ «դուք հովիվ եք ասում, էս մարդը՝ չոբան» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «հովիվն ու չոբանն իրարից էդքան տարբեր ե՞ն», եւ Հայկունին քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «հասկացողի համար են տարբեր», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «հասկացողի համար ահագին տարբեր են», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «ես էլ մեջներիդ չհասկացողն եմ, հա՞», եւ Բարդուղը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «մեջների չհասկացողը ես ու դու ենք, Լեւոն ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հովվի ու չոբանի տարբերությունը չենք հասկանում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես գեղացի մարդ եմ. չեմ կարա հովվի ու չոբանի տարբերությունը հասկանամ», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «սաղս էլ գեղացի ենք, բայց հովվի ու չոբանի տարբերությունը հասկանում ենք», եւ Անանիան անսպասելիորեն ասաց՝ «էնքան էլ լավ չենք հասկանում», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչ իմաստով չենք հասկանում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հոգեւոր հովիվն ու սովորական հովիվն իրարից շատ տարբեր են», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային հարցրեց՝ «ինչո՞վ են իրարից տարբեր», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «մինչեւ չհավատաս, էդ տարբերությունը չես հասկանա», եւ Բարդուղը քմծիծաղով Անանիային հարցրեց՝ «ո՞ւմ պիտի հավատա՝ Մաղաքիայի՞ն», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «տեր Մաղաքիային ու բոլորին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առաջին հերթին՝ Աստծուն», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու ասաց՝ «դու Աստծուն հավատում ես՝ հերիք ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես չեմ ասել թե՝ ես հարուր տոկոսով հավատում եմ», եւ Ջավախյանը քմծիծաղով հարցրեց՝ «բա ի՞նչ ես ասել», եւ մինչ Անանիան կմտածեր, Արիկը ժպտալով ասաց՝ «ասել ես, Անանիա ջան», եւ Անանիան շփոթված հարցրեց՝ «ի՞նչ եմ ասել», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասել ես՝ որ չհավատամ, կքարանամ», եւ Ջավախյանը փռթկացնելով Արիկին հարցրեց՝ «կքարանամ ասե՞ց, թե՞ ասեց՝ կչորանամ», եւ ես Ջավախյանին ասացի՝ «հանաքի թեմա ե՞ս գտել», եւ Բարդուղը զարմացած նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «մի հատ հավատացյալ էլ հայտնվեց», եւ Ջավախյանն արհամարհական ասաց՝ «ի՞նչ հավատացյալ. ոտի վրա խոսքները փոխում են. իրանց խոսքից հետ են կայնում», եւ Անանիան հարցրեց՝ «ո՞ր խոսքիցս եմ հետ կայնել», եւ Արիկը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ասել ես, Անանիա ջան» եւ մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «ասել ես՝ որ չհավատամ, կչորանամ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էլի եմ ասում», եւ Արիկը ժպտալով Անանիային հարցրեց՝ «ի՞նչ ես ասում», եւ Անանիան ասաց՝ «որ չհավատամ, կչորանամ», եւ Ջավախյանը փռթկացնելով հարցրեց՝ «կչորանա՞ս, թե՞ կքարանաս», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «համ կքարանամ, համ էլ կչորանամ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «բա ո՞նց ա, որ էսքան վախտ մենք ոչ քարացել ենք, ոչ էլ չորացել ենք», եւ Անանիան բավական երկար մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «քեզ ա թվում թե՝ չես քարացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ քարացել ես, համ էլ չորացել ես», եւ Բարդուղը Ջավախյանի ուսը կսմթեց ու փռթկացնելով ասաց՝ «հեչ էլ չի չորացել. լավ էլ փափուկ ա», եւ Անանիան արհամարհական նայեց Բարդուղին ու ասաց՝ «անհավատությունից հոգին ա չորանում, ոչ թե՝ մարմինը», եւ Ջավախյանը փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «հըլա մի հատ հոգիս կսմթի, ադա»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031